Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ադրբեջանը խոչընդոտում է բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ վերադարձին. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանը խոչընդոտում է բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ վերադարձին. 
Արցախի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ազդարարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր փուլի մասին: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հանդիպումները դարձնել առավել հաճախակի եւ շարունակել բանակցությունները: Հունվարին Փարիզում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը հարցի շուրջ:

-Պարոն Միրզոյան, նախորդ տարվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելել էին տարածաշրջան եւ Ստեփանակերտում հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Ձեզ հետ: Մանրամասնեք, խնդրում եմ, ինչի՞ շուրջ է ընթացել այս անգամ զրույցն ու ի՞նչ ակնկալիքներ կան համանախագահների աշխատանքից:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի և նրա շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ արդեն բավականաչափ տեղեկատվություն է տրամադրվել:  Ինչպես միշտ, օրակարգում են եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Մեր կողմից ուշադրություն է հրավիրվել Ադրբեջանի ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դրսևորումների և դրանց բացառման անհրաժեշտության վրա, ինչպես նաև շեշտվել, որ պետք է վերականգնվի պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:   

-Այսօր ի՞նչ փուլում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ու դրանք որքանո՞վ են գոհացնում Ղարաբաղին եւ ԼՂՀ ժողովրդին:

-Անշուշտ, այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է բանակցային գործընթացում, չի կարող գոհացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Արցախը շահագրգռված է հակամարտության կարգավորման և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում, ինչն, իր հերթին, թույլ կտա ընդարձակել և նոր թափ հաղորդել մեր երկրում ընթացող պետականաշինության գործընթացներին:  

-Ինչպիսի՞ն կլինի 2014-ը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ` հաշվի առնելով, որ հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, հետագայում նաեւ` երկրների նախագահների հանդիպումները:

-Տարեվերջին կայացած Ալիև-Սարգսյան հանդիպումը որոշակի հույսեր արթնացրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առումով: Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե Ադրբեջանն, արդյոք, կցանկանա՞ փոխել իր որդեգրած ապակառուցողական դիրքորոշումը: Ցավոք, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այդ ուղղությամբ այնքան էլ ոգեշնչող չեն և վկայում են, որ այդ երկրի իշխանությունները դեռևս պատրաստ չեն հրաժարվել իրենց պատրանքներից և սթափ գնահատելով իրավիճակը` դրական ներդրում ունենալ բանակցային գործընթացում: 

-Բազմիցս խոսվել է, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Այդ հարցը համանախագահների հետ հանդիպման ժամանակ բազմիցս բարձրացրել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպիսի՞ն է համանախագահների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, եւ արդյո՞ք դրական տեղաշարժեր նկատվում են:

-Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խոսելով առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցային գործընթացի թերարժեքության մասին, մենք ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Համոզված եմ, որ բոլորը, ովքեր տեղյակ են խնդրի էությանը և ընթացող գործընթացներին, հասկանում են այն պարզ ճշմարտությունը, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ վերականգման պայմանով։ Այսօր միակ խնդիրը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականություն է, որ միտված է խոչընդոտելու լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնմանը: 

-Արցախի միջազգային ճանաչումն ի՞նչ փուլում է: Պետությունն ի՞նչ քայլեր է կատարում այդ ուղղությամբ եւ որքանո՞վ է հարցն արդիական այսօր:

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր քաղաքական օրակարգի հիմնական նպատակներից մեկնէ: Այն կազմում է նախագահ Բակո Սահակյանի կողմից նախանշված արտաքին քաղաքական ուղեգծի անբաժան մասը և այդ ուղղությամբ մեր կողմից հետևողական աշխատանք է տարվում: Պետք է նշեմ, որ այդ տեսակետից, հատկապես վերջին շրջանում, առկա են որոշակի դրական միտումներ, որոնք արտահայտվում են թե տարբեր աշխարհամասերում օրենսդիր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևերի և հայտարարությունների ընդունումով, և թե համայնքների մակարդակով գործնական կապերի հաստատման, ինչպես նաև բարեկամական շրջանակների և խմբերի  ձևավորման ճանապարհով: Համոզված եմ, որ այդ գործընթացն այս տարի ևս կունենա իր տրամաբանական շարունակությունը և նոր թափ կստանա: Այսօր Արցախը աշխարհին ապացուցել է, որ կայացած պետություն է և ի վիճակի է վարել պատասխանատու ու ակտիվ արտաքին քաղաքականություն։ Այն ճանապարհը, որով Արցախն այսօր ընթանում է, ընկալվում ու համարժեք գնահատականի է արժանանում նաև արտաքին աշխարհում:      

-Ղարաբաղն առայժմ չճանաչված հանրապետություն է, սակայն ունի ներկայացուցչություններ մի շարք երկրներում: Այդ երկրների հետ ընթացակարգն ինչպիսի՞ն է:

-Մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում, և մի շարք այլ՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում: Հաշվի առնելով ԼՂՀ կարգավիճակը, որպես չճանաչված պետություն, առայժմ մեր ներկայացուցչությունները զրկված են որպես լիարժեք դիվանագիտական առաքելություն գործելու պայմաններից, սակայն իրենց հնարավորությունների սահմաններում իրականացնում են հետևողական աշխատանք, որն ուղղված է ոչ միայն տվյալ երկրում Արցախի շահերի ներկայացմանն ու հետապնդմանը և Արցախի մասին ճշմարիտ տեղեկատվության տարածմանը, այլև մեր երկրի տնտեսության մեջ որոշակի ներդրումների ապահովմանը:

-ԼՂՀ-ն համագործակցում է նաեւ այլ չճանաչված հանրապետությունների հետ: Հատկապես ո՞ր հարցերի շուրջ կարելի է համագործակցությունն առավել արդյունավետ բնութագրել:

-Մենք պահպանում ենք գործնական հարաբերություններ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ: Պարբերաբար տեղի են ունենում փոխադարձ այցելություններ և տարբեր մակարդակի հանդիպումներ: Մասնավորապես, վերջին նման շփումն անցած տարի էր՝ Աբխազիայի ԱԳՆ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Մենք կարևորում ենք այդ կապերը ոչ միայն այն առումով, որ դա մեզ հնարավորություն է տալիս տեղեկանալու այդ հանրապետություններում տեղի ունեցող գործընթացների մասին, այլ նաև որոշակի մտքեր փոխանակելու հնարավոր համագործակցության եղանակների և ձևերի շուրջ:

-Շատերն են քննադատում Մադրիդյան սկզբունքները` հայտարարելով, որ փաստաթղթում կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն արտահայտում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերը: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանն ու կոնկրետ ո՞ր կետերը կառանձնացնեք:

-Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին` անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած սկզբունքների մշակումը բանակցությունների արդյունք է: Ինչպես ես արդեն նշեցի, առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերում արցախյան կողմի լիիրավ մասնակցության դժվար կլինի ակնկալել կենսունակ որոշումներ:         

վ վերջին հարցը. ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը: Մեր շահերից ելնելով, ըստ Ձեզ, ո՞րն է վերջին «կարմիր թելը»:

-Հակամարտության վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր ջանքերը կենտրոնացնել ԽՍՀՄ փլուզման և հակառակորդի կողմից Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ձեւավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար համապատասխան մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախի ազատությունը և անվտանգությունը բարձրագույն արժեքներ են մեր ժողովրդի համար և սակարկության ենթակա չեն:

Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am