Մարտական ոչ-ոքի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում. Ռուսաստան-Հայաստան 2-2
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության ֆավորիտները ոչ-ոքի խաղացին առաջին տուրում. Ռուսաստան-Հայաստան 2-2:
Առաջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը, ով միավորը կիսեց Իան Նեպոմնիաչտչիի հետ: Սարգսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, իսկ պարտիան ավարտվեց 41-րդ քայլին: Առաջին խաղատախտակի վրա ծավալվեց բավական հետարքրիր պայքար, որտեղ Լևոն Արոնյանը սև քարերով 49-րդ քայլին ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավաքականի երկրորդ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը մրցում էր իր անվանակից Սերգեյ Կարյակինի հետ, նա նույնպես առավելության չհասավ: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլին ոչ-ոքի հաշվով:
Վլադիմիր Հակոբյանը կրկին կիսեց միավորը, սակայն պարտիան շատ գեղեցիկ էր և ավարտվեց 87-րդ քայլին:
Երկրորդ տուրում, որը կկայանա նոյեմբերի 27-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը աշխարհի առաջնության գործող չեմպիոնն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում