Հեյդար Ալիևի արձանի ապամոնտաժման պատճառով Ադրբեջանը սառեցրել է Մեքսիկայում ներդրումային ծրագրերի քննարկումը
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի արձանը Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկից ապամոնտաժելու պատճառով պաշտոնական Բաքուն դադարեցրել է Մեքսիկայում շուրջ 3.8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Այս տեղեկությունը հաստատել է Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունը: Դեսպան Իլգար Մուխտարովը հայտնել է, որ տարբեր բնագավառներում ներդրումային ծրագրերը սառեցված են Ալիև ավագի արձանի ապամոնտաժման պատճառով: Associated Press-ի հաղորդմամբ` նեդրումային որոշ ծրագրեր նախատեսվել էին իրականացնել էներգետիկ ոլորտում:
Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում Հեյդար Ալիևի արձանը տեղադրվել է 2012 թվականի օգոտոսին: Ադրբեջանը Մեխիկոյում երկու զբոսայգիների վերակառուցման վրա 5 հազար դոլար էր ծախսել, որից հետո ստացել էր արձանի տեղադրման թույլտվություն: Արձանի տեղադրվելուց հետո տեղի բնակչությունը բողոքի մի քանի ակցիա է անցկացրել և պահանջել հանել ազգային հերոսների արձանների կողքին տեղադրված` հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող բռնապետական երկրի բռնապետ նախագահի արձանը: Արդյունքում ստեղծված հատուկ հանձնաժողովը Մեխիկոյի իշխանություններին խորհուրդ է տվել ապամոնտաժել Հեյդար Ալիևի արձանը` նշելով, որ իշխանությունները սխալ են գործել` ընդունելով փողը և թույլ տալով արտասահմանյան երկրին արձան տեղադրել մայրաքաղաքի հանրային վայրում: Թեև Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը հայտարարել էր, թե խնդիրը կարգավորելու համար կդիմեն միջազգային կազմակերպություններին, սակայն Մեխիկոյի օրենսդրական մարմինը հատուկ որոշմամբ պարտադրել էր քաղաքի կառավարությանը ապամոնտաժել այդ արձանը: Հունվարին Ալիևի արձանն ապամոնտաժվել և ուղարկվել էր պահեստ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում