Թուրքիայում գանձ որոնելու նպատակով կրկին հայկական գերեզման են քանդել
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք արկածախնդիրները հայկական գանձեր գտնելու նպատակով չեն դադարում փորել և քանդել հայերին պատկանող գերեզմանատներն ու եկեղեցիները: Այս անգամ արկածախնդիրների թիրախը դարձել է Բաթման նահանգում գտնվող Բարաժ լճի մոտակայքում տեղակայված հայկական գերեզմանատունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Լճի շրջակայքում գտնվող և հայերին պատկանող շատ գերեզմաններ ավերվել են: Գանձ որոնողներն օգտվել են այն հանգամանքից, որ լճի ջրերի հետ քաշվելու արդյունքում հայկական գերեզմանները դուրս են եկել ափ: Փորման աշխատանքներ տարած վայրում ուշարություն է գրավել մի ժայռակտորի հայտնաբերումը, որի վրա պատկերված է եղել խաչ: Գերեզմանների շրջակա բնակավայրերում ապրող գյուղացիները հայտնել են, որ գանձ որոնողները փորման աշխատանքներ էին տարել դեռևս նախքան գերեզմանների ջրի տակ հայտնվելը: «Երբ նախորդ օրը գնացինք այն շրջան, որտեղից ջուրը քաշվել էր, նկատեցինք, որ փորման աշխատանքներ են տարվել: Մի շարք գերեզմաններ ավերված էին: Այստեղ տարածված են խոսակցություններն այն մասին, թե հայապատկան գերեզմաններում արժեքավոր իրեր են թաղված: Ում էլ որ դրանք պատկանեն, գերեզմաններն ավերելը ճիշտ չէ»,- իրենց դժգոհությունն են հայտնել գյուղացիները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում