Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իսլամի տեսանկյունից ևս 1915-ին հայերը ցեղասպանության են ենթարկվել. թուրք պրոֆեսոր

Իսլամի տեսանկյունից ևս 1915-ին հայերը ցեղասպանության են ենթարկվել. թուրք 
պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամի տեսանկյունից 1915 թվականին հայերի հետ կատարվածը  ցեղասպանություն էր: Նման տեսակետ է հայտնել Նյու Յորքի Քաղաքային համալսարանի և Ջոն Ջեյ քոլեջի սոցիոլոգիայի բաժնի դասախոս Մուջայիդ Բիլիջին` խոսելով Հայոց ցեղասպանության ընկալման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բիլիջին, պատասխանելով «Ակոսի» լրագրողի հարցերին, անդրադարձել է 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններին և այս հարցում թուրքերի ու քրդերի ունեցած պատասխանատվությանը:

«Ես պատմաբան չեմ, սակայն որքանով կարողացել եմ հասկանալ վերոնշյալ պատմական շրջանն ուսումնասիրելուց և դրա վերաբերյալ  քննարկումներից, կատարվածը ցեղասպանություն է: Անկախ նրանից, թե միջազգային օրենքներն ու կառույցներն ինչպես են սա մեկնաբանում, որքան ես եմ հասկանում` իսլամի տեսանկյունից հայ քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Անգամ, եթե այն կատարողը եղել է հայրս, միևնույն է, զուլումը զուլում է»,- ասել է Բիլիջին:

Նա նշել է, որ կատարվածը մուսուլմանական ազգայնականության իրագործած հանցագործություն է: Բիլիջիի խոսքով` եթե թուրքերն ու քրդերը հնազանդվել են պետության արձակած կոտորելու մասին հրամանին, ապա դա նրանց սխալն է եղել:

Թուրք պրոֆեսորն անհրաժեշտ է համարել, որ պետությունը ներողութուն խնդրի իր հայ քաղաքացիներից և անկեղծ ջանքեր ցուցաբերի նրանց սեփականությունը վերադարձնելու հարցում: «Ղուրանում կան սկզբունքներ, որոնք ասում են. «Մեկի սխալով մյուսն անմեղ չի դառնում», որը ենթադրում է, որ բռնությանը բռնությամբ չեն պատասխանում: Իսլամն ասում է, որ մուսուլմանը ևս կարող է սխալ գործել, և եթե սխալ է գործում, կարող է ներում հայցել: Իսկ ազգայնականությունն ասում է` մենք չենք սխալվում, հետևաբար, մեր արած ամեն բան ճիշտ է: Սա է ազգայնականության և իսլամի միջև տարբերությունը: Սակայն թուրքական հասարակությունն այս հարցում ուղեղների լվացման է ենթարկվել: Սրա վերացումն ու իսլամական խղճի արթնացումը կարող է որոշակի ժամանակ խլել: Սակայն կարծում եմ, որ կրոնավորները, ի տարբերություն ազգայնականների, վաղ թե ուշ կընդունեն ճշմարտությունը»,- ասել է Բիլիջին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am