Մարքեթինգի հիմունքների մասին հայերեն ձեռնարկ է լույս տեսել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնը հրատարակել է «Մարքեթինգի հիմունքներ» հայերեն ուսումնական ձեռնարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՏՀ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ձեռնարկը նախատեսված է բակալավրիատի ոչ մասնագիտական խմբերի ուսանողների համար: «Նկատի առնելով, որ «Մարքեթինգի հիմունքները» համահամալսարանական առարկա է և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև հիմա չկար հայերենով ուսումնական ձեռնարկ՝ մարքեթինգի ամբիոնի հեղինակային խումբը ձեռնամուխ եղավ այդ աշխատանքի կատարմանը: Ի ուրախություն մեզ բոլորիս՝ այսօր ձեռնարկը դրված է ընթերցողի սեղանին»,- ասել է համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը:
Ձեռնարկում քննարկված են մարքեթինգի հիմնարար հասկացությունները, զարգացման էվոլյուցիան, հիմնական խնդիրները, մարքեթինգով կառավարման և մարքեթինգի կառավարման խնդիրները, մարքեթինգի առանձնահատկությունները տարբեր շուկաներում, մարքեթինգի միջավայրի ուսումնասիրման խնդիրները, մարքեթինգային հետազոտությունների և շուկայական վերլուծությունների կառուցվածքը, մարքեթինգի համալիրի բաղադրիչների կազմակերպման, մրցակցային ռազմավարությունների մշակման խնդիրները, գլոբալ տնտեսություններում մարքեթինգի արդի հիմնախնդիրները և մարքեթինգի ու հասարակության փոխազդեցության խնդիրները:
Ձեռնարկի օրինակներն առաջիկայում կլինեն նաև համալսարանի գրադարանում:
Ձեռնարկի հեղինակներն են ՀՊՏՀ-ի մարքեթինգիամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Շիրակ Սահակյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, ասիստենտ Նարեկ Ղուկասյանը և ասիստենտ Լիլիթ Սահակյանը: