Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թուրքիայում բռնի իսլամացած հայերն իրենց ցեղասպանության ապացույցներն են համարում

Թուրքիայում բռնի իսլամացած հայերն իրենց ցեղասպանության ապացույցներն են 
համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայում բռնի կերպով իսլամացված հայերի թեման շարունակում է ցավով ընկալվել թուրքական հասարակությունում: Իսլամացած հայերի սերունդներից է նաև հայկական քրիստոնեական ինքնությանը վերադարձած Գաֆֆուր Թյուրքանը, ով Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի գլխավոր քարտուղարն է: Թուրքական Demokrathaber.net-ը հարցազրույց է արել իսլամացած հայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ Թյուրքանի հետ` անդրադառնալով պատմական այն իրողություններին, որոնք փոխեցին նրա և նախնիների կյանքը:

«Լավ է, որ մուսուլման ընկերները թույլ չտվեցին մեզ մոռանալու մեր հայկական ինքնությունը` մշտապես ասելով. «Տես, դու հայ ես, անգամ քո ոսկորն է հարամ»: Արդեն մենք հետաքրքրվում ենք մեր ինքնությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Թյուրքանը: Նա պատմել է, որ իրենք ծագումով Սասունի Ռամեդ գյուղից են եղել, սակայն Ցեղասպանությունից հետո ընտանիքից միայն երեք երեխա է փրկվել` պապը, պապիկի եղբայրն ու նրա զարմիկը: Զարմիկին մայրը կարողանում է տանել Սիրիա, իսկ երկու եղբայրները մեծանում են քրդերի ընտանիքում: «Պապս, քրդերի տանն աշխատելով, նրանց համար ծառայելով և բոլոր ծանր գործերն անելով էր կարողանում կուշտ մնալ: Մեծանում էր քրդական, իսլամական մշակույթի համաձայն: Այսինքն` հայկականությունից ոչինչ չէր մնում: Բացի դրանից, չէր մնացել ոչ մի եկեղեցի, չկար համատեղ սոցիալական կյանք… Մեծանում է լիովին քրդանալով: Հայրս էլ այդ միջավայրում ծնվեց: Քանի որ մենք էլ նման միջավայրում մեծացանք, մեր մայրենի լեզուն դարձավ քրդերենը: Ես էլ քրդական շրջանի երեխաների նման, դպրոց գնալով, թուրքերեն կարողացա սովորել: Հայերենի կամ հայկականության հետ կապված ոչ մի բան չկարողացա ունենալ»,- պատմում է Թյուրքանը: Նա ներկայացնում է, թե ինչպես են Ցեղապսանության տարիներին բոլոր հայ աղջիկներին ու կանանց բռնի տարել մուսուլմանների հարեմներ` իբրև երկրորդ, երրորդ կամ չորրորդ կին, կամ ամուսնացրել են մուսուլմանների հետ` պարտադիր կերպով ընդունելով իսլամ: «Մեր առաջին սերունդը փրկվեց երբ դեռ երեխա էր: Վախի մթնոլորտի հետևանքով անգամ չէին կարողանում իրենք իրենց ասել, թե ինչ է կատարվել: Երկրորդ սերունդը ծնվեց իբրև մուսուլման և ապրեց առանց իմանալու, թե ինչ է եղել: Որպես երրորդ սերնդի ներկայացուցիչներ` մենք սկսեցինք հետաքրքրվել կատարվածով: Ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք: Աշխատում ենք հարց տալ ինքներս մեզ և բոլոր կտորները միացնել իրար»,- նշում է Թյուրքանը:

Չորս տարի առաջ` 44 տարեկանում նա մկրտվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում` վերադառնալով քրիստոնեական կրոնին: Խոսելով կրոնական պատկանելությունը փոխելու մասին` նա նշում է, որ այստեղ հիմնականը ոչ թե քրիստոնեական կրոնին, այլ հայի ինքնությանը վերադարձն էր: Թյուրքանի խոսքերով` ժամանակակից Թուրքիայում բնակվում է 4-5 միլիոն մուսուլմանացած հայ, որոնցից շատերն անգամ չգիտեն իրենց իսկական արմատների մասին: Նրանց մի մասը միայն նեղ շրջանակներում է խոստովանում իր հայ լինելու փաստը, նախկինում իրենք իրենց թաքցրած անձինք չեն կարողանում ինքնարտահայտվելու համար քաջություն ձեռք բերել: Թյուքանը ցանկություն է հայտնում, որ իրենց հաջորդող սերունդն ավելի համարձակ գտնվի և ուսումնասիրի կատարվածը: «Այս երկրում ողբերգություն է տեղի ունեցել: Մենք այն ցեղասպանություն ենք անվանում: Անհրաժեշտ է, որ հարյուր տարի անց մարդիկ իմանան մեր` այդ ողբերգության ապացույցների մասին: Սա թշնամանք չէ: Եթե որևէ մեկը հանցանք է գործել, ապա պետք է այն գիտակցել և մտածել դրա շուրջ: Դա կնպաստի, որպեսզի ապաքինվի մարդկանց խիղճը»,- եզրափակել է Թյուրքանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am