Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայ և թուրք երիտասարդները երկու երկրների համագործակցության ուղիներ են որոնում

Հայ և թուրք երիտասարդները երկու երկրների համագործակցության 
ուղիներ են որոնում

ՔԻՇՆԵՎ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի Hacettepe պետական համալսանի շրջանավարտ, մասնագիտությամբ ֆիզիկոս-ինժեներ Ուտկու Օզթուրքը համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների կողմից համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մերձակայքում տեղակայված Քոսթեստի տուրիստական ավանում մեկնարկած Move it միջազգային երիտասարդական մշակութային դասընթացների ծրագրի շրջանակում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, 25-ամյա թուրք երիտասարդը կարծիք հայտնեց, որ համագործակցություն ապահովող ծրագրերի նախաձեռնումն անհրաժեշտություն է:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այդքան էլ լավ հարաբերություններ չեն ձևավորվել: Մենք կարող ենք նախաձեռնել ինչ-որ նոր գաղափար` փառատոններ կամ այլ ծրագրեր, երիտասարդների համագործակցությունն ապահովելու համար»,- պարզաբանեց Ուտկուն:  Նրա գնահատմամբ` չնայած երկու երկրների միջև եղած պատմական խնդիրներին, դրանք առաջին հերթին քաղաքական գործիչների խնդիրներն են:

«Այդ խնդիրները հայ և թուրք հանրության օրակարգը չպետք է դառնան,  քանի որ մենք ապրում ենք կողք-կողքի դարերով, և կարծում եմ, որ համատեղ ինչ-որ բան նախաձեռնելը հնարավոր է. պետք է պարզապես հասկանալ` ինչպես աշխատել, մշակել և իրականացնել ինչ-որ բան` միասին և համատեղ ջանքերով»,- ասաց երիտասարդը: Նրա համոզմամբ` առավել ավագ սերնդի ներկայացուցիչներն ունեն միայն  մեկ` ցանկացած համագործակցության մերժման մոտեցում, բայց երիտասարդներն ավագ սերնդի նման չեն մտածում:

«Մենք տարբեր ենք, քանի որ մեր օրերում այլ են հաղորդակցական միջոցները, ամեն ինչ և, հատկապես, տեղեկատվությունը առավել հասանելի է: Երիտասարդությունը ամեն ինչ փոխելու հնարավորություն ունի»,- վստահեցրեց ինժեներ-ֆիզիկոսը` հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունները առաջին հերթին ակադեմական հարթակում և դիվանագետների շրջանակում քննարկելի խնդիր է, և ոչ մի դեպքում չպետք է դառնա խոչընդոտ երիտասարդների շփումների համար:

«Որոշ քաղաքական գործիչներ հաճախ ոչինիչ չգիտեն պատմության մասին և ինչ-որ դիրքրոշումներ են հայտնում: Մինչդեռ, ինչ-որ տեսակետ հայտնելու համար համապատասխան կրթություն է անհրաժեշտ»,- ավելացրեց Ուտկուն` չմերժելով նաև այն տեսակետը, որ Թուրքիայում կան որոշ արմատական խմբեր, որոնք հակահայկական քարոզչություն են իրականացնում, սակայն քաղաքակիրթ հասարակության մեծ մասը հարաբերությունների դրական միտում է կանխատեսում:

Ստամբուլաբնակ Սամիմե Դուրմուզը 28 տարեկան է, Ստամբուլի առաջատար բուժհաստատություններից մեկում աշխատում է որպես անեսթեզիոլոգի օգնական: Նրա մտերիմ ընկերն ազգությամբ հայ է: «Մենք պետք է փորձենք ճանաչել միմյանց, ես ունեմ հայ հարևան Ստամբուլում` Մասիսը: Մենք պատմական հարցեր սովորաբար չենք շոշափում, շատ լավ հարաբերություններ ունենք, լուսանկարիչների ասոցիացիայի անդամ ենք, հաճախ միասին մեկնում ենք քաղաքից դուրս` ֆոտոպատմություններ ստեղծելու համար»,- պատմում է Սամիմեն: Նրա խոսքով` հայ ընկերների հետ շփման ժամանակ մեծ խոչընդոտներ չի նկատել, սակայն խոստավանում է, որ որոշ թուրք ընկերներ Մասիսին նախքան ճանաչելը որոշակի նախապաշարումներ ունեին, բայց նրան ճանաչելուց հետո հասկանում են, որ նման անվստահության մոտեցումն ավելորդ է:

Ճարտարագետ Գյորքեմ Մուջամը նույնպես Ստամբուլից է: «Հայ ժողովուրդը, որքանով գիտեմ, շատ նման է թուրք ժողովրդին: Ես չեմ կարծում, որ, ընդհանուր առմամբ, հայ և թուրք ժողովուրդների մեջ խնդիր կա, և եթե այդ խնդիրը կա, ապա այն ենթակա է քննարկման միայն քաղաքական դաշտում»,- ասաց Գյորքեմը, ով կարծում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ, իհարկե, ամբողջությամբ չի կարող մոռանալ իր պատմությունը, բայց, առաջին հերթին, ժամանակակից հասարակության խնդիրն է հետազոտել և հասկանալ կատարվածի պատճառը: «Յուրաքանչյուր բնորոշում չի կարող ընդհանրական լինել բոլորի համար, և բոլոր ժողովուրդներն աշխարհում պետք է հնարավորինս խաղաղ ապրեն միմյանց հետ»,- ավելացրեց նա:

Քննարկման ընթացքում երիտասարդները հաստատեցին այն հանգամանքը, որ պետք  է փորձել կոտրել սառույցը և դադարել մտածել, որ մենք կողք-կողքի ապրող թշնամիներ ենք: Որպես համագործակցության դրական օրինակ երիտասարդները մատնանշեցին նաև Մոլդովայում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող Move it ծրագիրը, որում Հայաստանը ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA):

Դասընթացների շրջանակում անցկացվում են հետաքրքիր ձևաչափով ժամանցային և ինտելեկտուալ խաղեր, բեմադրություններ, ազգային մշակույթը ներկայացնող միջոցառումներ, քննարկումներ: Մասնակցում են Մոլդովայի, Հայաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Հունաստանի, Թուրքիայի, Իսպանիայի, Ռումինիայի ներկայացուցիչերը:

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am