Հանգիստ եւ հաճույքով եմ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը. Լեւոն Արոնյան
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը մեծ հաճույքով է պատրաստվում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրոսմայստերը նշեց, որ ինքն իր առջեւ խնդիր չի դրել անպայման հաղթել աշխարհի գավաթի առաջիկա խաղարկությունում:
«Քանի, որ ինձ համար անպայման չէ այդ մրցաշարում հաղթելը, ապա կխաղամ հանգիստ եւ փորձելու եմ հաճույք ստանալ աշխարհի գավաթի այս խաղարկությունից: Այս մրցաշարին մասնակցելն ինձ հնարավորություն կտա մարտին հանդես գալ հավակնորդների մրցաշարում»,- ասաց Արոնյանը:
Անդրադառնալով Եվրոպայի թիմային առաջնությանը` Արոնյանը վստահեցրեց, որ Եվրոպայի առաջնությունը պետք է, որ շատ հետաքրքիր ստացվի: «1999 թվականից ի վեր մենք չենք հաղթել այս մրցաշարում, եւ այս առաջնությունը յուրաքանչյուրիս համար ինչ-որ ձեւով մարտահրավերի նման մի բան է»,- շեշտեց աշխարհի թիվ երկու շախմատիստը:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում: Առաջնության մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին եւ կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարը կանցկացվի «նոկաուտ» համակարգով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում