Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիսաբոնի գործողությունն արդար դատի համար թափված արյուն էր. գնահատում է զոհված Սիմոն Յահնիյանի եղբայրը

Լիսաբոնի գործողությունն արդար դատի համար թափված արյուն էր. գնահատում է 
զոհված Սիմոն Յահնիյանի եղբայրը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ուշադրությունը հայ դատին սեւեռելու նպատակով, 30 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին, Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քրջյան եւ Սարգիս Աբրահամյան մտան Լիսաբոնի թուրքական դեսպանատուն: Թուրք զինվորի կրակոցից զոհվեց 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք եւ իրականացնել երկու պայթյուն: Թեեւ շատ երկրներ 1915 թվականի ցեղասպանության մասին սկսեցին խոսել հենց Լիսաբոնյան հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց դեռ շատերը հայ երիտասարդների նահատակության մանրամասները աղավաղում են: «Արմենպրես»-ի թղթակիցը 1983 թվականի դեպքի մասին զրուցել է Սիմոն Յահնիյանի եղբոր` Զարեհ Յահնիյանի հետ, ով արդեն  10 տարի է, ինչ բնակվում է Գյումրիում:

- Դուք այսօր բնակվում եք Գյումրիում, թեեւ ծնվել եւ մեծացել եք Բեյրութում: Ինչո՞ւ կայացրիք Հայաստան տեղափոխվելու որոշումը:

- 2003 թվականին եմ առաջին անգամ եկել Հայաստան, թեեւ 3 տարեկանից  Հայաստանն իմ մտքի եւ սրտի մեջ էր: Իմ ծնողներից, մանկապարտեզից եւ դպրոցից  ստացած դաստիարակությունը` բոլորը Հայաստանի վերաբերյալ էին: Մենք Լիբանանը ընդունում էինք որպես ծննդավայր, իսկ հայրենիքը՝ Հայաստանը: 1983 թվականին  տեղի ունեցավ Լիսաբոնի գործողությունը՝ եղբորս գլխավորությամբ: Ես 19 տարեկան էի, Սիմոնը՝ 21: Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերն էին, բայց Հայաստանի համար շատ խաղաղ ժամանակներ էին: Դա նախադեպը չունեցող գործողությունն էր՝ խաղաղ պայմաններում երիտասարդներն իրենց կյանքը նվիրեցին ազգին: Սիմոնի այդ նահատակությունն էր պատճառը, որ ես եկա եւ մնացի այստեղ՝ ճակատագրի բերումով Գյումրիում գտնելով իմ կյանքի ընկերուհուն, ում հետ ընտանիք կազմեցի եւ երկու զավակ ունեցա: Որդուս կոչել եմ եղբորս՝ Սիմոնի անունով:

Սիմոնն իր ձեւով էր Հայաստանին նվիրվել՝ Հայաստանով ապրած, հայության  համար կյանքը նվիրած, ես էլ որոշեցի իմ ձեւով նվիրվեմ Հայստանին՝ գամ, մնամ եւ ինչ-որ օգուտ տամ: Բնականաբար, ես Սիմոնի ճանապարհը չէի կարող բռնել: Դա ամեն մարդու բանը չէ: Գիտե՛ք, հեշտ չէ: Եթե չլինեի Սիմոնի եղբայրը, գուցե պարբերաբար գայի, բայց չմնայի, բայց իմ առաքելությունն ուրիշ է՝ այստեղ ստեղծել իմ գործը, եւ զբաղվում եմ պատանիներին հայեցի դաստիրակությամբ, որը, մասամբ հաջողվել է:

- Տարիներ անց ինչպիսի՞ գնահատական կտաք  Լիսաբոնյան հնգյակի գործողությանը:

- Արժեւորելով այդ նահատակությունը՝ 30 տարի անց, կարծում եմ այն էական բան չի փոխել, բայց որպես քարոզչական գործողություն՝ հասավ իր նպատակին՝ ավելի քան 20 պետություն այդ գործողությունից հետո ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Սակայն ես այն կոչում եմ «Լիսաբոնյան ձախողված» գործողություն: Ցավոք սրտի, այն  պետք է արթնացներ նաեւ հայությանը՝ իմանալու, թե ով է իր թշնամին, չստացվեց: Պարզապես վատ եմ զգում, որ մինչեւ օրս շատերը կա’մ չգիտեն այս դեպքի մասին, կա’մ ունեն թյուր կարծիք: Լիսաբոնյանի հնգյակին շփոթում են ԱՍԱԼԱ-ի հետ: Թեեւ շատերն անգիտակցաբար, կամ անտեղյակության պատճառով այն ահաբեկչություն են կոչում, բայց դա այդպես չէ՝ ինչպե՞ս կարելի է այդ գործողությունը կոչել ահաբեկչություն, եթե 5 երիտասարդ իրենք իրենց զոհեցին՝ ոչ մի այլ զոհ չպահանջելով:

1983 թվականին Պորտուգալիայի նախագահ Մարիո Սուարեշը հրահանգ տվեց ոստիկանությանը ներխուժել դեսպանատուն եւ վերջ դնել դեսպանատան գրավմանը, բայց տղաները մինչ այդ արդեն իրենք իրենց պայթեցրել էին: Ինքը՝ Սուարեշը, այդ գործողությունից մեկ տարի անց լրագրողներին եւ հայ երիտասարդներին հայտարարեց, որ առաջին անգամ իմացավ հայության արդար պահանջի մասին միայն Լիսաբոնի գործողությունից հետո, եւ այդ գործողությունն  ինքը ահաբեկչություն չորակեց, այլ ՝ արդար դատի համար թափված արյուն:

- Ի՞նչ հիշատակի միջոցառումներ են նախատեսված այս տարի:

-Լիբանանում, անշուշտ, բոլոր տարիների նման, անտեղ որտեղ տղաները ծնվել են եւ թաղված են՝  Բուրջ Համուդի գերազմանատանը, հիշատակի միջոցառում կանցկացվի: Միջոցառումներ կանցկացվեն նաեւ շատ երկրներում: Հայաստանում մինչ այս երբեք այն պաշտոնապես չի նշվել, բայց այս տարի կազմված է հանձնախումբ, որն էլ կզբաղվի այդ գործերով: Չնայած գտնում եմ, որ այս տղաները փառաբանվելու կարիքը չունեն, դա պետք է լինի ինքնաբուխ, պարզապես իրականությունը բարձրաձայնելու կարիքը կա, որպեսզի քարոզչության նպատակով այլեւս երիտասարդի արյուն չթափվի: Լիսաբոնի գործողության արմատները չեն չորացել եւ չեն չորանա, հաջորդ սերունդները պետք է որոշեն՝ արժե՞ այն վերակենդանացնել, թե պետք է վերջնականապես թաղել այդ գաղափարը:

- Ձեր ծնողներից դուք հայեցի դաստիարկություն եք ստացել, նույն ոգով եք մեծացնում Ձեր զավակներին:

-Երեք տարեկանից մենք մեր ընտանիքում առավոտից երեկո միայն հայրենասիրական երգեր էինք լսում: Հայրս  մեր ականջը լցնում էր այս ու հայաստանյան երգիչների՝ Ռուբեն Մաթեւոսյանի, Հովհաննես Բադալյանի, Օֆելյա Համբարձումանի եւ այլոց երգերով: Մանկական երգեր չէինք լսում: Իմ, եղբորս եւ քրոջս համար մեծ դեր ուներ հայրս՝ Խաչերը, թեեւ, աշխատանքի բերումով, պարբերաբար արտագնա աշխատանքի էր մեկնում Աֆրիկա: Շատ խիստ էր եւ շատ հետեւողական մեր հայեցի դաստիարակության գործում: Այդ գործում իր տեղն ուներ նաեւ Լիբանանի ազգային դպրոցը: Հայրենասիրական ոգի եւ  քրիստոնեավայել դաստիրակություն փորձում եմ նաեւ ես իմ զավակներին տալ: Դա յուրաքնչյուր հայի պարտականությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am