Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանում անցկացվող համաեվրոպական համաժողովում ադրբեջանական հերթական պատվերը ձախողվեց

Երևանում անցկացվող համաեվրոպական համաժողովում ադրբեջանական 
հերթական պատվերը ձախողվեց

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ադրբեջանական հերթական պատվերը ձախողվեց: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցին: «Ակնհայտ է, որ դա ադրբեջանական կողմի հերթական պատվերն էր, այդպիսի բովանդակությամբ շատ տեքստերի ենք ծանոթ, արդեն անգիր գիտենք»,-շեշտեց Դավիթ Հարությունյանը: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ հանդես եկավ մի հայտարարությամբ, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Նա հայտարարեց, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրել են հայերը»։ Մոլդովայի խորհրդարանակն փաստաբանը Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։ 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր արտահերթ ելույթի ժամանակ կոչ արեց չօգտագործել համաեվրոպական խորհրդաժողովը և Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը՝ ստահոդ տեղեկություններ տարածելու համար։ «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»,-շեշտեց Նաղդալյանը` առաջարկելով, որ ստահոդ ելույթ ունեցողները ձայնագրեն իրենց ելույթները, որպեսզի պատվիրատուները իրենցից շնորհակալություն հայտնեն: «Կարիք չկա գիտական կոնֆերանսն օգտագործել սուտ տեղեկությունների քննարկման համար։ Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր գիտեն թեման, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը` կոռեկտության կոչ անելով Մոլդովայի ներկայացուցչին:

Գրիգորիուն փորձեց արդարանալ` ասելով, թե իր ելույթով ցանկացել է նշել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։

Լիտվայի օմբուդսմենն իր հերթին առաջարկեց Մոլդովայի ներկայացուցչին խոսել «Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, և ոչ թե անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության պատմությանը»։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հուլիսի 3-4-ը Ազգային ժողովում անցկացվեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էին 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am