Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». 103-ամյա Մարի Դավթյանը թաց աչքերով պատմում է սրի մեկ հարվածքով սպանված մոր եւ հրաշագործ մասունքի մասին

«Ականատեսը». 103-ամյա Մարի Դավթյանը թաց աչքերով պատմում է սրի մեկ 
հարվածքով սպանված մոր եւ հրաշագործ մասունքի մասին

 «Արմենպրես»-ի «Ականատեսը» նախագիծը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` շարունակում է ներկայացնել վերապրածների կյանքի պատմությունները: Այս շաբաթվա հերոսը 103-ամյա Մարի Դավթյանն է, ով սեփական ժողովրդի սպանդի ցավի հետ սրտում կրում է մորը կորցնելու վիշտը:

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 103-ամյա Մարի Դավթյանին` ամենատարեց երեւանաբնակներից մեկին, ցեղասպանության մասին վերհուշը տանում է դեպի 1915 թվական, Սեբաստիա: «Մայրս` Վերգինեն, ով շատ գեղեցիկ էր, երեկոյան գաղթի ճամփան բռնելուց առաջ գնացել էր ծնողներին հրաժեշտ տալու, ովքեր ընդամենը մի քանի տուն հեռու էին ապրում: Այդ ժամանակ թուրքեր են անցնելիս եղել եւ տեսել են մորս, սկսել են քաշքշել, պապիկս դուրս է եկել, վրա հասել թուրքերի ձեռքից աղջկան վերցնելու համար, եւ այդ ժամանակ նրան էլ, տատիկիս էլ, մայրիկիս էլ սրով սպանել են հենց իրենց տան առաջ», - չկարողանալով խոր հուզմունքը թաքցնել` պատմում է Մարին:

Պատմական տեղեկանք

Սեբաստիան (նաեւ Սվաս թուրքերեն ` Sivas ) քաղաք է Արեւմտյան Հայաստանում պատմական Փոքր Հայքի տարածքում, ներկայիս Թուրքիայում: Մինչեւ 1915 թվականը հանդիսացել է համանուն նահանգի (վիլայեթիկենտրոնը:

Տիկին Մարին շարունակում է, որ տեսնելով կինն ուշանում է` նրա հայր Օնիկը հասկանում է, թե ինչ է պատահել, եւ նույն գիշեր դստեր հետ բռնում են գաղթի ճամփան: Ընտանիքի միակ երեխան` 5-ամյա Մարին, ճանապարհի արհավիրքները աղոտ է հիշում, սակայն հիշողության մեջ դաջվել է սովի չվերացող զգացումը եւ մոր կարոտը: «Երբ ես շատ էի լաց լինում, հայրս ասում էր. «Մայրդ շուտով կհասնի մեզ, նա շուտով կգա»: Նա հիշում է նաեւ, որ թուքերի իրականացրած դաժանությունների` կենդանի մարդկանց հողին հանձնելու, նորածիններին աղալու հետ մեկտեղ կային եւ նրանք, ովքեր օգնում էին փախստականներին, նրանց ապաստան տալիս:

Այդպես գիշեր-ցերեկ քայլելով հայր ու դուստր հասել են Իզմիր, որտեղից էլ նավով մեկնել են Բուլղարիա, հետո` Հունաստան, որտեղ եւ բնակություն են հաստատել մինչեւ 1942 թվականը: Որոշ ժամանակ անց Մարիի հայրն ամուսնացել է եւ ընտանիք կազմել: Մարին Հունաստանում դպրոց է հաճախել մինչեւ երրորդ դասարան, 32 տարեկանում ամուսնացել, այնուհետեւ ամուսնու` Գրիգորի հետ վերադարձել Հայաստան, աշխատել որպես կարող բանվորուհի: Հետաքրքիր է, որ 1960 թվականին` ցեղասպանությունից 45 տարի անց, հայրը` Օնիկը, պատահաբար հանդիպել է կորցրած քույրերից մեկին, ինչը ճակատագրական է եղել: 

Պատմական տեղեկանք

Հունաստանի հայ համայնքը 1923թ. իր մեծությամբ հասել է գագաթնակետին (120 հազար մարդ)` կապված դեռ 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ հույն-թուրքական պատերազմի (1919-1922 թթ.) հետեւանքով հազարավոր հայերի՝  դեպի այդ երկիր զանգվածային գաղթիհետ։ Հետագայում, սակայն, նկատվել է հայ բնակչության արտահոսք Հունաստանից ինչպես Խորհրդային Հայաստան, այնպես էլ եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։ 1924-27թթ., 1932-33թթ. եւ 1946-47թթ. Մեծ Հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցին մոտ 60 հազար հունաստանաբնակ հայեր:

Մարիի որդին` Հովհաննեսը, զրույցի ընթացքում պատմում է նաեւ իր մյուս պապի` Մարիի ամուսնու հոր ու նրա ընտանիքի ոչ պակաս հետաքրքիր եւ հուզական իրադարձություններով լի պատմությունը: «Հայրս երկու եղբայր է ունեցել: Նրանք Դեր Զորով են հասել Հունաստան: Նրանց հայրը, երբ զգացել է, որ իրենց տանում են կոտորելու, տղաներին ասել է, որ իրենք գնան մեկ ճանապարհով, ինքը մյուսով` վերջում հանդիպելու ակնկալիքով: Հրաշք է լինում, թուրքերը օգնում են երեք եղբայրներին եւ նրանց մորը փրկվել, իսկ պապիկիս կացինով սպանում են»,- նշում է Հովհաննեսը: 


Պատմական տեղեկանք 

Դերզոր կամ Դեյր էզ Զորը քաղաք է Սիրիայի հյուսիս-արևելքումԵփրատ գետի աջ ափին

Համանուն Դեյր էզ Զոր նահանգի մայրաքաղաքՀեռավորությունը Դերզորից մինչեւ Դամասկոս 

կազմում է 432կմՀալեպ՝ 320 կմԱրեւմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին 

Միջագետքի անապատներ,հիմնականում՝  Դեր Զոր, որտեղ եւ բնաջնջվեցին։ 

Եղբայրների հետ պատահած հրաշքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախքան բաժանվելը հայրը տղաներին է հանձնում ընտանեկան մասունք կաշվեպատ կենաց փայտը: Քրիստոսի խաչված փայտից պատրաստված մասունքն այժմ խունացած է, սակայն խնամքով պահվում է Դավթյանների ընտանիքում որպես սերնդեսերունդ փոխանցվող սրբություն: «Հայրը, տալով կենաց փայտը որդիներին, ասում է` «թող Աստված Ձեզ հետ լինի»: Հենց մասունքն էլ, փաստորեն, փրկել է որդիներին եւ կնոջը»,- հավելում է Մարիի որդին:

Տարիներ անց` Մարին թուրքերի մասին խոսելիս իր վրդովմունքն է հայտնում` ասելով, որ եթե Հայոց ցեղասպանություն չի եղել, ապա ո՞վ է սպանել իր 18-ամյա մորը: Նա վստահ է, որ չարագործներն անպատիժ չեն մնալու: Մարին հոր կողմի բարեկամների պես գենետիկորեն երկարակյացների շարքին է դասվում: Նա ունի 3 երեխա, 7 թոռ եւ 9 ծոռ:  

Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am