Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գյումրին մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք տիտղոսի ստանձնմանը

Գյումրին մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է ԱՊՀ  մշակութային  
մայրաքաղաք տիտղոսի ստանձնմանը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ  Գյումրին հռչակվել է 2013 թվականի ԱՊՀ  մշակութային  մայրաքաղաք: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականով Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային հատուկ հանձնախումբը ուսումնասիրել, հանրային քննարկումների արդյունքում կազմել եւ ՀՀ մշակույթի նախարարությանն է ներկայացրել նախատեսվելիք միջոցառումների ծրագիրը:  Բայց թե այսօր մշակութային ինչ ներուժ ունի Գյումրին՝ աշխարհին ներկայանալու, եւ ինչպիսի  խնդիրներ կան, որոնք մինչեւ միջոցառումների մեկնարկը պետք է շուտափույթ լուծում գտնեն, «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց պարզել Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանից:

-Գյումրին մշտապես եղել է մշակութային մայրաքաղաք: Այսյօր քաղաքն արդյոք պատրա՞ստ է «2013 թվականի ԱՊՀ  մշակութային  մայրաքաղաք» կոչումն իր ուսերին կրելու:

- Գյումրին միշտ է պատրաստ է, որովհետեւ ի վերուստ այս քաղաքն օժտված է արվեստի քաղաք լինելու: Մշակույթը մեր քաղաքի դարավոր ունեցվածքն է, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող ջնջել, անգամ` երկրաշարժը: Գյումրին, իրոք, մնաց արվեստածին ու արվեստին ձգտող քաղաք: Շատերը միգուցե մտածեն՝ այսքան հոգսաշատ քաղաքին արժե՞ր տալ «մշակութային  մայրաքաղաք» կոչումը: Ես կասեմ՝ այո՛: Սա ապրելու, քաղաքում մնալու հիանալի հույս կարող է լինել: Այդ կոչումը շատ հպարտություն պարգեւող եւ պարտավորեցնող է: Սա նաեւ հոգեբանական, բարոյական պահ է, եւ շատ օգտակար է քաղաքի համար: Իզուր չեն ընտրել այս քաղաքը. Հայաստանում առաջին երաժշտական եւ նկարչական ստուդիաները բացվել են այս քաղաքում, առաջին համալսարանը, առաջին ազգային օպերան եղել է այս քաղաքում: Արվեստի մեջ առաջնեկը միշտ էլ եղել է Գյումրին:

-Ինչո՞վ է ներկայանալու Գյումրին հյուրերին:

-Երբ տանը հյուր ենք  ընդունում, նախ պարզում ենք հյուրի նախասիրությունները, նույնիսկ` ճաշակը: Մենք արդեն հավաքում, ի մի ենք բերում մեր «ունեցվածքը», պակասը լրացնում ենք, եւս մեկ անգամ ուսումնասիրում ենք մշակութային համույթները, օբյեկտները, թանգարանային համակարգը, ենթակառուցվածքները, քաղաքի արտաքին տեսքը:

-Քաղաքի արտաքին տեսքն այսօր համապատասխանո՞ւմ է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ  մշակութային  մայրաքաղաք» կոչման չափորոշիչներին:

-Այսօրվա դրությամբ՝ ոչ: Ճանապարհների փոսերը, ասֆալտի եւ կանաչի պակասը խնդիր է: Շատ դեպքերում մենք ենք մեղավոր նրանում, ինչ ունենք: Պետությունը մեղավոր չէ, որ մենք կեղտոտ ենք պահում մեր քաղաքը, այն պետք է մաքուր պահել: Բայց բավական լուրջ հարցեր կան, որոնք լուծելու նպատակով Գյումրու քաղաքապետն ու հանձնաժողովը դիմել են կառավարությանը: Հուսով ենք՝ շուտով այդ խնդիրները կլուծվեն:

-Ի՞նչ է արվել մինչ այս պահը, եւ մշակութային միջոցառումների ինչպիսի՞ ծրագրով կներկայանա Գյումրին:

-Մենք արդեն ունենք համապատասխան ծրագիր, աշխատանքներն արդեն սկսել ենք այդ ծրագրով, պատրաստ են կայքը, խորհրդանիշը, ընթացքի մեջ են գովազդի եւ բուկլետների պատրաստման աշխատանքները: Հստակ են միջոցառումների բացման եւ փակման արողությունների ծրագրերը: Կլինեն շատ գեղեցիկ թատերականացված, բազմաբնույթ ու լայնամասշտաբ միջոցառումներ: Գյումրին կներկայանա ազգագրությամբ, կենցաղով, ծիսական- ավանդական միջոցառումներով, մշակույթի բոլոր ճյուղերով, բայց այս բոլոր միջոցառումները կհաստատվեն ֆինանսավորման հաստատումից հետո: Ի դեպ, բացի բուն միջոցառումնեից, կան նաեւ այլ ծրագրեր՝ Մերկուրովի տուն-թանգարանի վերանորոգում, Ասլամազյան քույերի պատկերասրահի մասնակի վերանորոգում, իսկ ամենահիմնականը՝ Գյումրու կենտրոնական զբոսայգու, առաջին թատրոնի շենքի վերականգնման աշխատանքները: Ճիշտ է, դա բավականին մեծ ու ծավալուն աշխատանք է, բայց կարեւոր է, որ սկիզբը դրվի, շարունակելը հեշտ կլինի:

-Ե՞րբ է տրվելու միջոցառումների մեկնարկը:

-Սկիզբը կհայտարարենք ապրիլի 10-ին՝ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնով, իսկ փակումը՝ նոյեմբերին: Գալա համերգը եւ բացման հավաստագրի հանձման արարողությունը հունիսի 2-ին է նախատեսված: Այս ողջ ընթացքում տեղի կունենան միջոցառումներ, սեպտեմբերերին  կլինեն ցուցահանդեսներ, կինոփառատոներ: Բոլոր ամիսների ծրագիր հագեցած է միջոցառումներով՝ մոտավորապես յոթանասուն միջոցառում, իսկ սրանք գյումրեցուն ոչ միայն զարթոնք կավետի, այլ նաեւ շինարարության դեպքում աշխատատեղեր ու ներդրում կբերի: Գուցե սա խթան կլինի հետ բերել գյումրեցուն նրա բարոյական կերպարն ու հավատը: Այս փոքրիկ Հայաստանը հետաքրքիր է իր մինասյան գույներով: Եվ երբեք չպետք է թողնել, որ հայոց կարպետի վրա խամրի շիրակյան գույնը:

Գյումրու հետ 2013 թվականին ԱՊՀ  մշակութային  մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի  Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները: : 

 

Հարցազրույցը Արմենուհի Մխոյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am