Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ֆեդերիկո Մոնդելչին երեւանյան համերգին կներկայացնի իր մշակմամբ հայկական երաժշտություն

Ֆեդերիկո Մոնդելչին երեւանյան համերգին կներկայացնի իր մշակմամբ 
հայկական երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին արդեն Հայաստանում է: Նա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում համերգ կտա մարտի 30-ին, որը կնվիրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին:

Mարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆեդերիկո Մոնդելչին ասաց, որ շատ ուրախ է կրկին գալ Հայաստան եւ համերգ տալ հայ արվեստասեր հանրության համար: «Ես դասական երաժշտության հետեւորդ եմ, սակայն բաց եմ ջազի եւ տանգո երաժշտությունների համար: Ես միաժամանակ կարող եմ կատարել աշխարհահռչակ կոմպոզիտորների գործեր, սակայն երբեք չեմ մոռանում նաեւ ժամանակակից հեղինակներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց սաքսոֆոնահարը:  

Մոնդելչին համերգների ժամանակ հանդես է գալիս եւ որպես սաքսոֆոնահար, եւ դիրիժոր, սակայն նա կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ երաժիշտները սովորաբար շատ վատ դիրիժորներ են լինում, սակայն մեկ-մեկ ստացվում է: 

Համերգի համար շատ յուրահատուկ ծրագիր է ընտրված. մեկ համերգի ընթացքում կներկայացվի երաժշտության պատմության 1,5 դար` սկսելով հեշտ ունկնդրվող դասական երաժշտությունից մինչեւ կինոերաժշտություն, ջազ եւ տանգո: Ծրագրում կլինի Ալեքսանդր Գլազունովի «Կոնցերտ Mib սաքսոֆոնի և լարայինների համար», Անտոնին Դվորժակի «Երկու սլավոնական պար լարայինների համար», Գորջ Գերշվինի «I got rhythm լարայինների համար», Էնիո Մորիկոնեի «Պրոմենադ Մորիկոնեի հետ», Նիկոլա Պիովանիի «Կյանքը հիասքանչ է», Աստոր Պիացոլայի «Հրաժեշտի տանգո» եւ «Մոռացում» ստեղծագործությունները: «Համերգի ընթացքում կհնչի նաեւ հայկական երաժշտություն` իմ մշակմամբ, կլինեն նաեւ արգենտինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- ասաց նա:

Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում առաջին անգամ եղել է ութ-ինը տարի առաջ եւ այդ օրվանից սկսած հիացել է հայ ունկնդիրների լսելու կարողությամբ:                                     Ֆեդերիկո Մոնդելչին եւս մի համերգ կտա նաեւ մարտի 31-ին «Մեցցո» ակումբում:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համատեղ համերգ կազմակերպելու մասին իրենց առաջարկը Մոնդելչին միանգամից է ընդունել: Մարտիրոսյանի խոսքով` իտալացի երաժիշտը համաձայնել է` նշելով, որ մի քանի անգամ եղել է եւ հասցրել սիրել հայ ժողովրդին ու հայկական երաժշտությունը: «Պետք չէ շատ բան ասել համերգի մասին, որպեսզի այցելուները կարողանան լսել այն երաժշտությունը, որը տարիներ առաջ իրենցից արցունք է պոկել»,- ասաց Վահան Մարտիրոսյանը` հավելելով, որ համերգի ընթացքում մի շարք հետաքրքիր անակնկալներ կլինեն:

Իտալացի անվանի սաքսոֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսոֆոնահարների համաշխարհային փառատոներում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար` ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկավարությամբ Միլանի դելլա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am