ԵՊԼՀ-ում կբացվի Ակադեմիական նվաճումների կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի` Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում մարտի 28-ին տեղի կունենա Ակադեմիական նվաճումների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնի բացման արարողությանը հրավիրված են Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) Գլխավոր քարտուղար Վանդա Դիեբոլթը, ՖՀԱ-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Գրասենյակի տնօրեն Աբդերահման Ռիդան, այլ պաշտոնատար անձիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵՊԼՀ հանրային կապերի համակարգող Մերի Դալլաքյանը, կենտրոնի գլխավոր նպատակն է AUF-ի տրամադրած միջոցներով ապահովել գիտական եւ տեխնիկական տեղեկատվության մատչելիություն, կատարել առցանց եւ լսարանային վերապատրաստումներ, ապահովել հատուկ տարածք տեսակոնֆերանսների համար: Այն նաեւ կնպաստի օգտատերերի գիտական առաջխաղացմանը, կօժանդակի մասնակցել AUF-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բաժնի կողմից կազմակերպված միջոցառումներին եւ նախագծերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում