Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանում կտրուկ աճել է ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացիների թիվը

Հայաստանում կտրուկ աճել է ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա 
քաղաքացիների թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացիների թիվն ավելացել է մոտավորապես ութ անգամ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, նախորդ տարի ապաստանի հայց ներկայացրած 579 օտարերկրյա քաղաքացիների հիմնական մասը Սիրիայի քաղաքացիներ են, իսկ 2013թ. հունվարին ապաստան հայցող օտարերկրյա 92 քաղաքացիներից 87-ը եղել են Սիրիայի, 5-ը` Իրաքի քաղաքացիներ։ «Սիրիայում ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ 2012 թվականին և 2013 թվականի հունվարին Հայաստանում կտրուկ ավելացավ ապաստանի հայց ներկայացրած անձանց թիվը, որը դեռևս շարունակում է աճել»,-ասաց Եգանյանը։

Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2012 թվականին ապաստանի հայց ներկայացրած Սիրայի 496 քաղաքացիներից 155-ը ճանաչվել են փախստական և ստացել ապաստան։ 2013 թվականի հունվարին արդեն իսկ ապաստանի հայց ներկայացրած 87 սիրիացիներից 54-ի հայցը բավարարվել է։ 2009-2011 թվականներին ապաստանի հայց ներկայացրած օտարերկրացիների թիվը չի գերազանցել 100-ը։ Նախորդ տարի ապաստանի հայցով Միգրացիոն ծառայությանը դիմել են Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Լիբանանի, Կոտ դ՛Իվուարի, Վրաստանի, Մալիի և Տիբեթի քաղաքացիներ։

Մինչև 2008 թվականը «Փախստականների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստան հայցող անձանց ՀՀ-ում կարող էր տրամադրվել երկու տեսակի կարգավիճակ` փախստականի կամ ժամանակավոր ապաստան ստացած անձի: 2008թ. ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվեց միայն մեկ` փախստականի կարգավիճակ:

Հայաստանում փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու դեպքում անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am