Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Կոնստանտին Զատուլինի համոզմամբ` ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացում առանձնահատուկ ինտրիգ չկար

Կոնստանտին Զատուլինի համոզմամբ` ՀՀ նախագահական 
ընտրությունների գործընթացում առանձնահատուկ ինտրիգ չկար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախագահական ընտրությունների գործընթացում առանձնահատուկ ինտրիգ չկար` բացառությամբ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ արված մահափորձի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանի Պետական դումայի` ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշեց, որ այժմ Հայաստանում է իր` ռուսաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ռուսական հարց» հաղորդաշարի համար նյութեր պատրաստելու նպատակով:

«Ինձ համար կարեւոր էր լինել Երեւանում հենց այն օրը, երբ անցկացվում են նախագահական ընտրություններ: Ես բազմիցս եղել եմ Հայաստանում որպես դիտորդ թե  խորհրդարանական, թե  նախագահական ընտրությունների ժամանակ, նաեւ` ԼՂՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը:  

Նա նշեց, որ մեծ կասկածներ չունի այն հարցի շուրջ, թե ով կհաղթի ՀՀ նախագահական ընտրություններում: «Ցանկացած լուրջ փորձագետ հասկանում է, որ նախագահի թեկնածուների վարկանիշը եւ հեղինակությունը տարբեր է, եւ այս ընտրություններին ոչ մի առանձնահատուկ ինտրիգ, իմ կարծիքով, չկար, համենայն դեպս մինչեւ Պարույր Հայրիկյանի դեմ արված մահափորձը ընկած ժամանակահատվածը»,- կարծիք հայտնեց Զատուլինը:

Նրա խոսքով` Հայրիկյանի դեմ մահափորձը անհանգստացրել է Հայաստանի բոլոր բարեկամներին` ստեղծելով տպավորություն, թե նպատակ կար հետաձգել ընտրությունները:

«Սակայն լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, եւ մահափորձի մեջ կասկածվողները գտնվեցին: Վաղը հնարավոր կլինի շնորհավորելու հաղթողին: Ես այսօր չեմ ցանկանում անուն տալ, սակայն դա ինձ համար ակնհայտ է»,- ասաց Զատուլինը:

Նրա դիտարկմամբ` իշխանության ցանկացած փոփոխություն միշտ էլ պարունակում է ռիսկի եւ անորոշության տարր, ինչն իր ազդեցությունն է ունենում երկրում իրադարձությունների բնականոն ընթացքի վրա:

«Միջազգային հանրության գնահատմամբ` կադրային փոփոխությունները միշտ էլ երկրի ընթացիկ հարցերը հետաձգում են որոշ ժամանակահատվածով, կարծում եմ` այս անգամ ոչ մի նման բան չի լինի, եւ ոչ մի հետաձգումներ եւ դադարներ երկրի բնականոն կյանքում չեն լինի»,- ասաց ռուս քաղաքական գործիչը:

Նրա գնահատմամբ` Հայաստանում չկան ընդգծված ներքին խնդիրներ, իսկ հայտնի խնդիրներն ունեն իրենց լուծման բաղադրատոմսերը: «Հույս կա, որ յուրաքանչյուր խնդիր կստանա իր լուծումը, եւ տնտեսական միջավայրը կբարելավվի, կբացվեն նոր աշխատատեղեր, եւ այն հայերը, որոնք այսօր երկընտրանքի առաջ են կանգնած`աշխատել Հայաստանում, թե արտասահմանում, կնախընտրեն աշխատանքը հայրենիքում»,- ասաց Զատուլինը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` նա շեշտեց, որ վերջին ժամանակներում սերտացել է նաեւ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչ մասին վկայում է նաեւ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան:

«Ինձ, որպես միջազգային հարաբերությունների մասնագետի, միշտ հետաքրքրել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամատության խաղաղ կարգավորման խնդիրը: Մի շարք հանգամանքներ մենք հենց մեր հաղորդման շրջանակներում ենք ցանկանում ուսումնասիրել, որը եթեր կհեռարձակվի փետրվարի 28-ին»,- տեղակացրեց Ռուսաստանի Պետական դումայի` ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի փոխնախագահը: Նրա բնորոշմամբ` վերջին շրջանում Ադրբեջանում արձանագրվում են երեւույթներ, որոնք միջազգային հանրության կողմից չեն կարող ընկալվել:

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարամյա հակամարտությունը հասկանալի է, սակայն թե ինչպես մարդ կացնահարողը կարող է դառնալ ազգային հերոս, դա քրիստոնեական գաղափարներից եւ աշխարհայացքից դուրս է»,- նշեց Զատուլինը: Նրա կանխատեսմամբ` առաջիկայում կլինեն դրական տեղաշարժեր նաեւ ռուս-վրացական հարաբերություններում:

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ Ռուսաստանի ամենասերտ համագործակիցը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am