Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ռոբերտ Էմմիյանը հավատում է հայկական աթլետիկայի վաղվա օրվան

Ռոբերտ Էմմիյանը հավատում է հայկական աթլետիկայի վաղվա օրվան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սպորտի երբեմնի վառ ներկայացուցիչները շարունակում են հավատալ հայկական սպորտի վաղվա օրվան: Նրանցից մեկը գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանն է: Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր,  Եվրոպայի, ԽՍՀՄ-ի եւ Հայաստանի բազմակի չեմպիոնն իր երազանքներում համեստ է, կատարելիք ծրագրերում` լավատես:  

«Արմենպրես»-ի հետ զրուցում Էմմիյանն հույս հայտնեց, որ մեր մարզիկներն ունակ են նոր էջ բացելու հայկական աթլետիկայի պատմության մեջ:    

-1992-ից հետո Հայաստանից հեռացաք: Այժմ  տարվա մեծ մասը լինում եք  Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում: Ինչո՞ւ հետ եկաք:

- Ես նույնիսկ իմ անձնագիրը չեմ փոխել եւ ունեմ հայկական անձնագիր: Ես դեռ շարունակում եմ աշխատել Ֆրանսիայի աթլետիկային ֆեդերացիայում: Տարվա կեսն այստեղ եմ, մի մասն այնտեղ: Ամեն ինչ անում եմ աթլետիկայի հայկական դպրոցը նորից ծաղկեցնելու համար:  

-Պատմեք խնդրում եմ աթլետիկային ֆեդերացիայից գործունեությունից եւ 2013-ին նախանշված միջոցառումներից:

-Մեր ֆեդերացիայի ամենակարեւոր ձեռքբերումը, իմ կարծիքով, «Բալկանյան» ասոցիացիային անդամակցելն էր: Այստեղ ընդգրկված են աթլետիկայի խոշոր ֆեդերացիաներ, որտեղ զարգացած է աթլետիկան: Ասոցիացիան ուներ 11 անդամ, մենք դարձանք 12-րդը: Սա մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու մի շարք միջազգային մրցաշարերի: Առաջիկայում` փետրվարի 23-ին, արդեն մեկնելու ենք մասնակցելու «Բալկանյան»-ն ասոցիացիայի ձմեռային առաջնությանը: Բացի դրանից, մեր լավագույն մարզիկները կմասնակցեն Թեհրանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Այս միջազգային ֆեդերացիայի հետ ձեռք ենք բերել նաև համաձայնություն, նոր ռետինե խոտածածկույթ ունենալու համար: Ասեմ, որ դրա իրական արժեքը 1 միլիոն դոլար է, սակայն այն մեզ կտրամադրվի 350 հազարով, որից 190 հազարը վճարելու է միջազգային ֆեդերացիան: Մեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն իր աջակցությունն հայտնեց նոր վազքուղու կառուցման համար: Անհամբերությամբ սպասում եմ գրավոր պատասխանի, որպեսզի սկսենք աշխատանքները: Ռետինե խոտածածկույթը կտեղադրվի «Հրազդան» մարզադաշտում:  

-Ձեզանից հետո աթլետիկայի հայկական դպրոցում այնքան էլ մեծ հաջողություններ չգրանցվեցին, արդյո՞ք միայն պայմաններն են պատճառը:

-Այժմ մենք անում ենք ամեն հնարավոր բան նոր հաջողությունների հասնելու համար: Դեռեւս 2010-ին ստորագրված պայմանագրով, մեր մարզիկները տարին երեք անգամ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Ֆրանսիայում սա, անշուշտ, շատ հուսալի արդյունքներ կբերի: Ամեն ինչ միանգամից չի լինում, բոլորս էլ համբերատար ու լիահույս ենք, որ մեր մարզիկները մեծ հաջողություններ կունենան. այն մոտ է` այսօր, վաղը սպասում ենք հաղթանակներին: 

-Եթե ոչ բոլորը, ապա աթլետների մեծ մասը երազում է գերազանցել Ձեր ռեկորդը, իսկ ինչի՞ մասին է երազում Ռոբերտ Էմմիյանը:

-Ես էլ եմ երազում, որ շնորհալի մի մարզիկ գերազանցի Եվրոպայում դեռ չգերազանցված իմ ռեկորդը: Ես գիտեմ այդ արդյունքի գինն ու արժեքը, գիտեմ որ երկարատեւ ու քրտնաջան աշխատանք է հարկավոր: Եթե ոմանք երազում են գոնե հինգ տարի ռեկորդակիր մնալ, բայց ես արդեն 25 տարի է այդպիսին եմ: Անկեղծորեն կուզեմ, որ հայ աթլետ գերազանցի այն: Դրանից ավելին երազելու բան չեմ տեսնում:

-Ինչպե՞ս են ընթանում Գյումրիում գտնվող  Ձեր անունով կոչված մարզադպրոցի աշխատանքները:

-Անցած տարի մարզադպրոցը տոնեց իր 45-ամյակը: Դա ինձ համար ուրախանալու եւս մեկ առիթ էր: Աշխատանքեր կան: Այժմ փոփոխվել է Գյումրու քաղաքային մարզադաշտը, որը հնարավորություն է ստեղծում մարզումներ անցկացնելու համար: Ի տարբերություն մեր երրորդ քաղաքի` Վանաձորի, Գյումրին, ցավոք, դեռ մարզադահլիճ չունի: Այնուամենայնիվ, արվում է հնարավորը մարզաբազան լավացնելու և հաջողությունների հասնելու համար:

-Մեծահամբավ մարզիկ Ռոբերտ Էմմիյանն ինչպիսի՞ ծնող   է:

-Ես աշխատում եմ աղջիկներիս հետ լինել ինչպես ծնող, լինել ինչպես ընկեր, եւ, պարզապես, անմիջական մեկը: Անում եմ ամեն հնարավորը, որ աղջիկներս դժվարությունների  հանդիպելու դեպքում կիսվեն ինձ հետ: Մեծ աղջիկս` Զվարթը, շուտով կդառնա 19 տարեկան: Նա զբաղվում է հայկական պարերով: Փոքրը`Լուսինեն, նույնպես զբաղվում է աթլետիկայով: Երկուսն էլ մեծ հաջողություների են հասել ֆրանսիական դպրոցներում: Իհարկե, նրանք հաճախում են նաեւ հայկական դպրոց: Տանը մենք միմյանց հետ շփվում ենք հայերենով, սակայն չեմ  կարող ասել, որ երեխաները հրաշալի տիրապետում են մայրենի լեզվին: Կցանկանայի, որ իրենց ցանկությամբ գան հայրենիք, տեսնեն, թե որտեղ է ծնվել իրենց հայրը: Աստծո կամքով, առայժմ թող լավ սովորեն եւ ուրախացնեն մեզ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am