Կրթության ոլորտում կոռուպցիան նվազել է, բայց դեռ վերջնականապես չի զիջել դիրքերը. ԿԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության համար 2012 թվականը դժվար, բայց արդյունավետ տարի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին տարեվերջյան եզրափակիչ ասուլիսին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարության աշխատանքը գնահատեց թափանցիկ: «Այս տարվա կարեւորագույն ձեռքբերումներից մեկը մեզ համար Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմի կողմից16 մեդալ նվաճելն էր: «Այս հաջողությունն աննախադեպ էր»,-ասաց նախարարը:
Աշոտյանի խոսքով` 2012 –ին ԿԳՆ-ի հաջորդ կարեւոր ձեռքբերումը Հայաստանին Բոլոնիայի քարտուղարությունը վստահելու որոշումն էր, որը նախարարը կրթական մեծ ձեռքբերում համարեց: «Հայաստանում «Շախմատը դպրոցում» ծրագրի ներդրումը կրթական համակարգի միջազգային բրենդ է դարձել: Մենք արդեն ավարտել ենք ծրագրի ներդրումը երկրորդ դասարանում եւ անցել երրորդ դասարանին»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ ԱՊՀ երկրների մանկավարժների երկրորդ համագումարը, որին Հայաստանը պատվով հանդես եկավ, նույնպես նախարարության ձեռքբերումների շարքից է:
«Այս տարեվերջից հայաստանյան բոլոր դպրոցներում հասանելի է դարձել ինտերնետ կապը, իսկ ընդունելության քննություններն ամենաօբյեկտիվը եւ թափանցիկն էին մեր պատմության մեջ: Այս քննություններին սոցիոլոգիական հարցումների միջոցով դրական գնահատական է տվել նաեւ ազգաբնակչության մեծամասնությունը»,-ասաց Աշոտյանը: Կրթության եւ գիտության նախարարը մեծ ձեռքբերում համարեց նաեւ երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագիրը:
Անդրադառնալով կրթության եւ գիտության ոլորտում կոռուպցիային` նախարարը նշեց, որ այն նվազել է, բայց վերջնականապես չի զիջել դիրքերը: «Դրամահավաքը հատկապես մայրաքաղաքի դպրոցներում կտրուկ նվազել է»,-ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում