Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Աստղագետներն ու հոգեւորականներն աշխարհի վերջի մասին կանխատեսումներն անլուրջ են համարում

Աստղագետներն ու հոգեւորականներն աշխարհի վերջի մասին 
կանխատեսումներն անլուրջ են համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի վերջը վերջին տասներկու տարիների ընթացքում արդեն հինգ անգամ կանխատեսել են, ինչն էլ արդեն վկայում է այդ կանխատեսումների անլրջության մասին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը, այս հազարամյակի առաջին կանխատեսումը եղավ, երբ պետք է ավարտվեր 20-րդ դարը և երկրորդ հազարամյակը: «1999-ից 2000-ն անցնելու Նոր տարին համարեցին, որ կարող է աշխարհի վերջի հանգեցնել: Սակայն հետո հասկացան, որ հազարամյակն ավարտվում է 2000 թվականն ավարտվելուց հետո և մի կանխատեսում էլ եղավ 2000 թվականից 2001-ին անցման ժամանակ: Կարծեմ 2004-ին պետք է լիներ Վանգայի գուշակությունը, իսկ  2008-ին` Նոստրադամուսի կանխատեսումը: Վերջերս շատ է խոսվում մայաների օրացույցի մասին, որն աշխարհի վերջ է կանխատեսում 2012-ին»,- ասաց Միքայելյանը` շեշտելով, որ ոչ թե մայաների օրացույցն է ավարտվում, այլ հերթական պարբերաշրջանը:

Այնուհանդերձ, աստղագետի խոսքով, տիեզերական աղետների վտանգ կա: Շատ է խոսվում արեգակի ակտիվության մասին, որը Միքայելյանն իրականությանը մի փոքր մոտ է համարում, քանզի արեգակն այս տարվա սկզբից բավականին ակտիվ է եղել: «Բազմաթիվ բռնկումներ, ակտիվ գոյացություններ արեգակի մակերևույթի վրա, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են, որոնց հաճախությունը բարձրացել է, որը նորմալ է, որովհետև գոյություն ունի տասմեկամյա պարբերաշրջան, որի ընթացքում նման երևույթներ լինում են: Խոսվում է նաև երկրի բևեռների տեղափոխության մասին, որն աբսուրդ է: Ըստ երկրաբանների եղել է նաև մագնիսական բևեռների փոխանակում, բայց աշխարհագրորեն երկիրը չի շրջել»,- տեղեկացրեց Միքայելյանը: Աստղագետի խոսքով` մարդկանց տարբեր երևութներին, աղետներին ավելի շատ տեղեկացված լինելն ինչ-որ տեղ հանգեցնում է նմանատիպ խուճապների:

Անդրադառնալով Աստվածաշնչյան կանխատեսումներին` Ղևոնդ քահանա Մայիլյանը հայտնեց, որ եկեղեցին հավատում է, որ Քրիստոսը գալու է աշխարհի վախճանին, բայց ոչ ոք չի կարող ասել` երբ: Նրա խոսքով` աշխարհի վերջի մասին սկիզբ առած խոսակցությունները, կանխատեսումներ աբսուրդ են:

Աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանի խոսքով` աշխարհի վերջի շուրջ կանխատեսումները «սուտ են և պրովոկացիա», բայց թե ում կողմից՝ չգիտի:

Աշխարհի վերջը կանխատեսել են մ.թ. 33թվականից մինչև 2012 թվականը, սակայն մինչև օրս դեռ ոչ մի կանխատեսում իրականություն չի դարձել: 33, 666, 900, 999, 1000, 1013, 1033, 1492, 1584, 1666, 1844, 1899, 1900, 2000, 2011 թվականներին աշխարհի վերջ են կանխատեսել տարբեր հասարակություններում, ի դեպ, հիմնականում քրիստոնեական` ելնելով տարբեր մարգարեների վկայություններից, տարբեր օրացույցների հաշվարկի տարբեր եղանակներից:

Առավել հայտնի են աշխարհի վերջի 11 թեորիաներ, որոնցից պետք է կործանվեր աշխարհը: Դրանցից առավել տարածված են Երկրի բախումն աստերոիդի հետ, հրաբուխի ժայթքումը, Անտարկտիդայի կամ օվկիանոսի տակ տեկտոնիկ բացվածքը, տեխնոլոգիական աղետները, Նիբիրու մոլորակը, միջուկային զենքի կիրառումը, մահացու վիրուսի տարածումը, արևի ուժեղ բռնկումը, համակարգչային վիրուսը, այլմոլորակայինների ի հայտ գալը:

Աշխարհի վերջի վերաբերյալ կանխատեսումներ են արել մայաները, շումերները, Վանգան, Նոստրադամուսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am