Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ինքնորոշման համար կատալոնացիների պայքարը մտնում է որոշիչ փուլ. հարցազրույց Խուան Մերելո-Բարբերայի հետ

Ինքնորոշման համար կատալոնացիների պայքարը մտնում է որոշիչ փուլ. 
հարցազրույց Խուան Մերելո-Բարբերայի հետ

ՎԱԼԵՆՍԻԱ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում նոյեմբերի 25-ին սպասվող արտահերթ ընտրությունները կարող են Կատալոնիայի անկախության հանրաքվեի յուրօրինակ նախատիպը լինել: Անկախության իրավական հիմքերի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց Քրեական իրավաբանների միջազգային ընկերակցության անդամ, Բարսելոնայի համալսարանի իրավագիտության փիլիսոփայության դասախոս, պրոֆեսոր Խուան Մերելո-Բարբերայի հետ:

- Վերջին շրջանում հաճախակի են դարձել Կատալոնիայի ինքնորոշման հարցի կապակցությամբ 2014 թվականին հանրաքվե անցկացնելու խոսակցությունները: Ինչո՞ւ 2014-ին, այլ ոչ թե հենց այս տարի, կամ ասենք՝ 2013-ին:

-Ազգայնական երկու կուսակցություններն էին՝ «Էսկեռա Ռեպուբլիկանա»-ն (Esquerra Republicana) եւ «Կոնվերգենսիա ի Ունիոն»-ը (Convergencia y Unión), որ  2014 թվականին հանրաքվե անցկացնելու որոշումը կայացրին: Հենց այդ ժամանակ էլ կլրանա իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում Բարսելոնայի պարտության 300-ամյակը: Սեպտեմբերի 11-ը Կատալոնիայի ազգային տոնն է եւ՝ ոչ աշխատանքային օր: Այս տարի այն նշվեց զանգվածային ցույցերի մթնոլորտում, ժողովուրդը ներկայացրեց իր պահանջը՝ անկախություն: Ճիշտ նույն օրն էլ հնչեցին առաջարկները հանրաքվեի վերաբերյալ: Վերջնական ժամկետները, սակայն, դեռ որոշված չեն:

-Համանման հանրաքվեի փորձ դրանից առաջ նաեւ Բասկերի երկրում է տեղի ունեցել`  համարվելով, այդուհանդերձ, հակասահմանադրական: Դուք մասնագիտությամբ իրավաբան եք եւ ավելի հստակ կարող եք պատասխանել մեզ հետաքրքրող հարցին. իրո՞ք Իսպանիայի Սահմանադրությունը չի ընդունում ինքնորոշման իրավունքը: Եվ եթե այո, ապա սպասելի չէ՞, որ նույնությամբ նաեւ կատալանների կամքը կմերժվի:

-Բասկերի հարցումը, կամ՝ հանրաքվեի գաղափարը 2003 թվականին էր, որ այնտեղի ղեկավար Իբառեչեի կողմից առաջակվեց որպես ելք, որպեսզի ԷՏԱ-ն ցած դնի իր զենքը: Ժողովրդավարական կուսակցությունը արձագանքեց անմիջապես եւ  նախագիծ ներկայացրեց խորհրդարան, որպեսզի փոփոխություններ մտցնեն այդ հարցի առնչությամբ Քրեական գործող օրենսգրքում, որ կնախատեսեր ազատազրկման պատիժ բոլոր նրանց համար, ովքեր առանց իսպանական կառավարության համաձայնության ցանկացած մարզում հնարաքվե կանցկացնեն: 2004 թվականին Սոցիալիստական կուսակցությունը ճանաչում է դա որպես իր ուժը կորցրած մի դրույթ: Դրանից հետո նոր առաջարկություններ չեղան, թեեւ որքան ես գիտեմ, վերոհիշյալ հայցի մերժման կապակցությամբ միջազգային ատյաններին համապատասխան բողոքներ ներկայացվեցին: Կտեսնենք, թե 2012 թվականի ընտրություններից հետո որոնք կլինեն բասկերի քաղաքականության ուղենիշները՝ մանավանդ ժամանակակից պայմաններում, երբ ահաբեկչական բոլոր գործողություններին արդեն մշտական դադար է հայտարարված եւ ազգային կամ ազգայնական կուսակցությունները լայնորեն են ներկայացված քաղաքական կյանքում: Որոշ վերլուծաբանների կարծիքով, իսպանական պետության հետ բասկերի տնտեսական կապն ամենից առաջ հենց բասկերին է ձեռնտու, իսկ  անկախությունն էլ նրանց կվնասի միայն: Դրան հակառակ է Կատալոնիայի կարծիքը: Կարող ենք վստահ լինել դրանում, եթե նկատի ունենանք Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության ղեկավար Արթուր Մասի մշակված եւ Իսպանիայի վարչապետ Ռահոյի կողմից այս տարվա հոկտեմբերին մերժված առաջարկը հարկային նոր ռեժիմի վերաբերյալ:

-Եթե վաղն անմիջապես հնարավոր դառնար հանրաքվեի անցկացումը Կատալոնիայում, Ձեր անձնական կարծիքով` կատարյալ մեծամասնությունը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկեր:

-Ըստ իս, գալիք ընտրություններում ազգայնական կուսակցություններն ի վիճակի կլինեն կատարյալ մեծամասնություն ձեռք բերելու, ինչպես դա Բասկերի երկրում տեղի ունեցավ: Կատալան ժողովրդի պարագայում պայքարն ինքնորոշման իրավունքի համար իր խոր արմատներն ունի եւ ոչ մի կատալոնացի չի կարողանում ընկալել հարձակման իմաստը ժողովրդավարական այս կարեւորագույն սկզբունքի վրա: Դրանից շատ ավելի բարդ է անկախության բանաձեւը: Եթե հարցն, օրինակ, հետեւյալ ձեւակերպումն ունենար. «Կցանկանայի՞ք, որ Կատալոնիան լիներ Եվրոպական Միության կազմում (այսինքն՝ դուրս Իսպանիայից)» մենք շատ հակասական պատասխաններ կստանայինք: Գուցե՝ կես-կես: Հասկանալի է, որ նման մի իրավիճակ չի կարող որեւէ դրական լուծում տալ ուզածդ քաղաքացիական հակամարտությանը: Ամեն դեպքում, կենտրոնական կառավարությունն ինքն էլ չի օգնում, որպեսզի դրությունը թեթեւանա:

-Ի՞նչ դիրքեր են գրավել տվյալ հարցի շուրջ կատալոնական կուսակցությունները:

-Իշխող կուսակցությունը խուսափում է «անկախություն» բառից, բայց պաշտպանում է ինքնորոշման իրավունքը: Ձախակողմյան ուժերը պահանջում են անկախություն: Սոցիալիստները խուսափում են առհասարակ խոսել ինքնորշման մասին,  իսկ Ժողովրդավարական կուսակցությունը բացահայտորեն դեմ է դրան:

-Բասկերի երկրից հետո Կատալոնիան էր, որ ընդունեց Հայոց Ցեղասպանութունը: Շատերիս է հետաքրքրում այն հարցը, թե ինչո՞ւ Իսպանիան չի ուզում միանալ այն երկրներին, որոնք ճանաչել հայերի Եղեռնը:

-Իսպանիան դեմ է ամեն տեսակի ազգային հարցերին, քանզի որպես պետություն չի կարողացել դեռ հաղթահարել իր հիմնականում զգացմունքային բնույթի խնդիրները: Այդպես օրինակ, բասկերի կամ կատալանների ազգային հարցերին անմիջապես հակադրվում է իսպանական ազգայնակությունը եւ այս կամ այն կողմի փաստարկները դիտվում են անմիջապես թշնամական դիրքերից եւ ոչ թե փոխարաբերությունների հաստատման ու գոյակցության: Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ Իսպանիան միջազգային հարաբերություններում հավասրապես չի ընդունում նաեւ այլ ժողովուրդների ազգային զգացմունքները: Պետության դիրքորոշումը կենտրոնամետությունն է: Եվ վերջապես, ինչի մասին է խոսքը, երբ մինչ օրս Իսպանիան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը:                           

Հարցազրույցը` Արթուր Ղուկասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am