Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայր ու որդիներ Մկրտչյաններին միավորողը արվեստի նկատմամբ սերն է ու մշակութային դիվանագիտությունը

Հայր ու որդիներ Մկրտչյաններին միավորողը արվեստի նկատմամբ սերն է ու 
մշակութային դիվանագիտությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզուր չի ասված` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Մեծերից փոխանցված առածի աքսիոմատիկ ճշմարտության մեջ եւս մեկ անգամ համոզվեցի, երբ զրուցեցի սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի եւ նրա երկու որդիների` Պետական համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանի հետ: Երեք անհատներին, բացի արյունակցական կապից, միավորում են զարմանալիորեն ներդաշնակ հարաբերությունները, ակնհայտ են յուրահատուկ կերպով ժառանգաբար փոխանցված ընդհանրությունները: «Արմենպրես»-ը շարունակում  է հարցազրույցների շարքը, որը նպատակ ունի վեր հանելու, ընթերցողին ներկայացնելու «հայրերի եւ որդիների» հաջողված կենսագրությունները, նրանց «երկխոսությունն» ու «ժառանգաբար» փոխանցվող կենսափորձը եւ մասնագիտությունը:  

«Երբ փոքր էի, երազում էի, որ մի օր…»

Վանիկ-Երբ փոքր էի, երազում էի, թե երբ մի օր մեծ մարդ կդառնամ (ծիծաղում է): Փոքր հասակում կարծում եմ այդ ցանկություն ունենում են գրեթե բոլոր երեխաները` դառնալ ավելի բոյով, ուժեղ: Իսկ հետագայում, երբ խելքները հասնում է, գնում են դպրոց, սկսում սովորել, ականջի մեջ լցվում է բուհ ընդունվելու գաղափարը եւ ձգտումները կամաց-կամաց ի հայտ են գալիս: Իսկ իմ մեջ արվեստի նկատմամբ ձգտումը կար դեռ փոքր հասակից, քանի որ դպրոցում կային տարբեր տիպի խմբակներ: Հենց դա էլ կողմնորոշեց, թե վերջապես որն է լինելու իմ ուղին: 

Վարդան- Երբ ես էի փոքր, երազում էի, թե երբ է ամեն ինչ լավ լինելու: Երբ սկսեց գիտակցությունս աշխատել, երկրաշարժի տարիներն էին, դրան հաջորդեց շարժումը: Եվ ես անընդհատ մտածում էի, թե երբ է այս ամենն անցնելու, երբ է ամեն ինչ ուրախ լինելու, լավ լինելու, ավելի լուսավոր: Թեեւ արվեստագետների ընտանիքում ծնվելը այդ հարցում բավական օգնում էր, արվեստային մթնոլորտը բուժում էր այդ ցավը, հեռացնում անհանգստությունը: Երբ երեկոները մեր տանը հավաքույթներ էին լինում, ամեն ինչ ավելի հեշտ էր սկսում թվալ: Բացի այդ, ձգտում էի երաժիշտ դառնալ. դա իմ չկայացած երազանքն է:

Տիգրան- Իմ պարագայում արվեստն իհարկե մեծ ազդեցություն ունեցել է, քանի որ երազում էի դառնալ նկարիչ, քանդակագործ, որոշ շրջանում` նաեւ ջութակահար: Այդ բոլորին խանգարեց այն ժամանակաշրջանը, որում ապրում էինք` անկախացման տարիներ, զրկանքներ, դժվարություններ, որն ուղղակիորեն ազդում էր մշակութային ձգտումների վրա ու իմ պարագայում դրանք դարձան չիրականացած: Այդ շրջանում առաջացավ ցանկություն շրջվել դեպի դիվանագիտությունը, ընտրեցի պատմաբանի, միջազգայնագետի մասնագիտությունները: Փաստորեն մեր տնից դուրս գտնվող քաղաքական իրադարձություններն ազդեցին իմ մասնագիտության ընտրության վրա:

«Այժմ ես այն եմ, ինչ…»

Վանիկ- Այժմ ես այն եմ, ինչ կամ: Տարիքիս փոփոխությունը բնավորությանս վրա երբեք չի ազդում: Մարդն ի ծնե արյան մեջ ունի գենետիկորեն փոխանցված մի այնպիսի բան, որ մնում է հավետ ու երբեք չի փոխվում: Ստացված դաստիարակությունը, շրջապատի ազդեցությունը մեծ փոփոխությունների երբեք չի հանգեցնում: Հնարավոր չի, որ մարդ 80-90 տոկոսով փոփոխվի: Իսկ եթե ցանկանում է փոխվել, ապա դա դառնում է խաղ` գիտակցված խաղ կյանքում:

Վարդան- Ես այժմ այն եմ, ինչ էի, որովհետեւ կարծում եմ, որ մարդու էությունը չի փոխվում: Իսկ ահա որպես մասնագետ` այժմ այն եմ, ով միշտ ուզում է լինել ավելին:

Տիգրան- Այժմ ես այն եմ, ինչ միշտ եղել եմ` միաժամանակ ինչ միշտ կլինեմ: Ներկան անցյալի եւ ապագայի մի մասնիկն է եւ ապահովում է անցյալի շարունակությունը դեպի ապագա: Ամբողջ կյանքի ընթացքը հավերժական ներկայի շարունակություն է: Իհարկե լինում են որոշակի փոփոխություններ, սակայն հիմնական արժեհամակարգը չի փոխվում:

«Բարկանում եմ, երբ… »

Վանիկ-Բարկանում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ: Ինձ երբեմն կարող է բարկացնել դերը, տվյալ պահի վիճակը` թեեւ ընդհանուր առմամբ կողքից նայողը չի նկատի իմ բարկությունը: Տղաներիս վրա եմ ներքուստ բարկանում, որ ինձ նման են, այդքան լուռ են: Կուզեի, որ այլ կերպ լինեին:

Վարդան- Բարկանում եմ, երբ ոչինչ տեղից չի շարժվում: Բարկանում եմ, երբ ես կամ իմ շրջապատը հայտնվում է ճահճի մեջ: Երբ գետի հունը բացվում է, այլեւս բարկացած չեմ:

Տիգրան- Ինձ բարկացնում է այն հանգամանքը, երբ մարդ չի ապրում իր կյանքն այնպես, ինչպես կապրեր իր վերջին օրը: Բարկանում եմ, երբ մարդը չի նվիրվում իր գործին, որեւէ բանի, որ անում է: Երբ թերարժեքության բարդույթով տառապելով` շարունակ երազում է անհասանելի բաների մասին եւ չի անում իր ձեռքի տակ եղած գործը: Ինձ թվում է, եթե ամեն մեկս անի իր գործը, այդ պարագայում երկիրը, կյանքը առաջընթաց կգրանցի:

«Անտարբեր եմ…»

Վանիկ- Ընդհանրապես անտարբեր չեմ, ինձ մոտ դա ստացվում է: Կարծում եմ անտարբեր է միայն չմտածող մարդը: Անտարբեր չպետք է քնել` թեեւ անտարբեր լինելը հեշտացնում է կյանքը:

Վարդան- Անտարբերությունը ընտանիքում, ապրելակերպում բացառված է: Մեզ մոտ լրիվ հակառակն է` մենք չափից ավելի ենք հետաքրքրված (ժպտում է):

Տիգրան- Ես անտարբեր եմ հակամշակութային երեւույթների նկատմամբ, որովհետեւ կարծում եմ, որ ավելորդ ուշադրությունն ավելի է խթանում դրա տարածումը: Դա մի տեսակ դառնում է անառողջ երեւույթների PR: Թեեւ նաեւ հասկանում եմ, որ հաճախ անտարբերությունը ծնում է նոր հանցանքներ: Մանկական տարիներին անտարբեր էի մաթեմատիկայի նկատմամբ` թեեւ սիրում էի ուսուցչուհուս (ժպտում է):

«Ցանկանում եմ փոխել…»

Վանիկ- Կփոխեի ժամանակաշրջանը, որում ապրում եմ: Ամեն օր աշխարհի տարբեր անկյուններից պատերազմների, ահաբեկչությունների մասին լուրեր են հասնում: Գուցե այն ժամանակ էլ էր նույնը, ուղղակի ինֆորմացիա չունեինք: Մի տեսակ մարդկանց մտածելակերպն է դարձել` հակառակ բանականության, արվեստի:

Վարդան- Կան բաներ, որ փորձում եմ փոխել ամեն օր: Անընդհատ երազում եմ ինչ-որ բան ավելի ու ավելի լավ անելու մասին: Եթե կարող եմ նայել ավելի առաջ, փորձում եմ անել դա:

Տիգրան- Ես իմ աշխատանքում եմ անընդհատ փորձում փոփոխություններ մտցնել: Ես փորձում եմ պահպանելով դրական արժեհամակարգը` բերել նոր մոտեցումներ: Այդ փոփոխություններն արմատական չեն, այլ միտված են հին լավի վրա նոր լավի ավելացմանը, եղածը պահպանելուն:

«Կվերադարձնեի …»

Վանիկ- Շատ կցանկանայի վերադարձնել մանկությունս, սակայն ոչ թե մանկական անհոգությունը, ազատությունը, այլ այն ժամանակաշրջանը, որը հնարավորություն կտար անելու այն ամենը, ինչի ժամանակը չեմ ունեցել, չեմ արել:

Վարդան- Կցանականայի վերադարձնել այն տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցեին այսօրվա եւ վաղվա անկախ Հայաստանի կայացման համար:

Տիգրան- Կցանականայի վերադարձնել մանկությունից երիտասարդություն անցման ժամանակաշրջանը, յուրատեսակ անհոգ տարիներ էին` անում էինք այն, ինչ ցանկանում էինք, շփվում էինք այն մարդկանց հետ, ում հետ ուզում էինք:

«Ափսոսում եմ, որ չհասցրի…»

Վանիկ- Ափսոսում եմ, որ չհասցրի ունենալ 12-13 երեխա: Շատ բան կա, որ ուզել եմ անել, բայց չեմ հասցրել` կապված դերերի կամ այլնի հետ: Բայց կյանքը դեռ շարունակվում է` անպայման կհասցնեմ (ժպտում է):

Վարդան- Այս դրությամբ չկա այդպիսի բան: Ամեն ինչ դեռ առջեւում է: Կարծում եմ այս հարցի շուրջ մտածելը ավելի շատ կխանգարի շատ բան հասցնելուն:

Տիգրան- Երբեք այդպիսի ափսոսանքի զգացողություն չեմ ունենում: Ելնելով դաստիարակությունիցս` անում եմ ամեն հնարավորը, ինչ պահն է թելադրում: Սակայն բնավորության գծերիցս մեկը հաճախ ստիպում է ափսոսել, որ միշտ ընդառաջում եմ, հնարավորության չափով միշտ արձագանքում եմ ու օգնում մարդկանց, որոնց գրեթե չեմ ճանաչում: Սակայն երբ այդ ամենը ադեկվատ պատասխան չի ստանում, ափսոսում եմ: Ափսոսում եմ նաեւ, որ այդ ամենը գիտակցելով` շարունակում եմ վարվել նույն կերպ:

«Նեղանում եմ, երբ…»

Վանիկ- Նեղանում եմ, երբ նեղացնում են: Երբ իրական պատկերը իմանալով` այլ բան են պնդում: Երբ նույն մարդն իրեն սկսում է տարբեր կերպ պահել` փողոցում եւ այլ միջավայրում:

Տղաները միակարծիք էին` երբեք կամ գրեթե երբեք չեն նեղանում:


«Հավատում եմ, որ… »

Վանիկ-Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու` մի օր եւ հավետ:

Վարդան-Հավատում եմ, որ մեր երկիրը դառնալու է ամենա-ամենան` ամենացանկալին բոլոր ազգերի ներկայացուցիչների համար: Երազում եմ այդ Հայաստանի գոյության մասին:

Տիգրան-Հավատում եմ, որ մի օր յուրաքնաչյուր ընտանիքում կլինի այնպիսի գիտակցություն, որ իրենց երեխան պետք է լինի լավը, ոչ թե` ամենալավը: Սա անառողջ մրցակցություն է մտցնում երեխայի հոգեբանությունում, ինչը հետագայում բացասական ազդեցություն է ունենում հասարակական դաշինքի, հասարակական համերաշխության կայացման համար: Արդարամիտ անհատից են կախված հասարակական բարքերը:  

«Վախեր, կոմպլեքսներ…»

Վանիկ- Այն գիտակցությունը, որ տղա եմ ունենալու ինձ մոտ վախ չի առաջացրել: Վստահ եմ եղել, որ մենք շատ լավ լեզու ենք գտնելու միասին: Ես վստահ էի իմ շարունակության վրա:

Տղաները կրկին միակարծիք էին- Հոր հայտնի լինելը որեւէ կերպ չի խոչընդոտել կամ կոմպլեքսներ առաջացրել, այլ ընդհակառակը` դրական իմպուլսներ է փոխանցել: Մեզ ավելի է դուր գալիս հայրիկի մարդկային որակները, որ բոլորը նրան հարգում են, գնահատում:

«Հայրեր եւ որդիներ հակամարտություն` հօգուտ…»

Վանիկ- Մենք չենք հակամարտել: Ընդհակառակը մենք ընկերներ ենք դարձել, նրանք հաճախ իմ լավագույն խորհրդատուներն են:

Վարդան- Մենք չենք հակամարտել, որովհետեւ տարբեր ֆրոնտներում ենք կռվել ու չենք բախվել իրար (կատակում է): Կա մի հատկանիշ, որ միավորում է բոլորիս` ամեն ինչի նկատմամբ նվիրվածությունը` կապ չունի խոսքը գործի, մարկանց թե ուրիշ բանին է վերաբերում:

Տիգրան- Հայրիկից ժառանգել եմ իր մարդասիրությունը, ինչպես նաեւ աշխատասիրությունը այն աստիճանի, որ հաճախ մոռանում եմ ժամանակի գոյության մասին: Ժառանգել ենք նաեւ առաջացած խնդիրները լուծելու նկատմամբ խաղաղասիրական հակվածությանը:

«Մասնագիտական ընտրության հարցում ազդեցություն…»

Վանիկ- Կարծում եմ այդ հարցում որեւէ կերպ չեմ ազդել` ավելի ճիշտ միտում չեմ ունեցել ազդելու: Ես չեմ ձգտել երբեք դրան` թեեւ կամքից անկախ արվեստի նկատմամբ սիրո հարցում գուցե ունեցել եմ չկանխամտածված ազդեցություն:

Վարդան- Ես շատ լավ եմ հասկանում այն ժառանգներին, ովքեր շարունակում են իրենց ծնողների գործը, քանի որ ծնված օրվանից հոր օրինակը քո աչքի առջեւ է: Եվ հաճախ գենետիկորեն փոխանցված նախասիրությունները սկսում են ավելի արմատավորվել եւ ներկայանալ արդեն մասնագիտության տեսքով:

Տիգրան- Ես այն կարծիքին եմ, որ կյանքը մշտական կայացման ցիկլ է: Միշտ փորձել եմ պահպանել այն արժեքները, որոնք կարեւոր են եղել ինձ համար` սերը արվեստի նկատմամբ, որը ես փոխանցում եմ իմ 4-ամյա բալիկին: Թեեւ ես ընտրեցի դիվանագիտությունը, սակայն չեմ կարծում, որ շատ եմ հեռացել արվեստից: Չէ, որ քաղաքականությունը եւս արվեստ է, իսկ դիվանագիտությունը` դրա բարձրագույն դրսեւորումը: Դրան էլ ավելացրած կա մշակութային դիվանագիտություն հասկացությունը: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանն աշխարհին այժմ կարող է ներկայանալի լինել իր մշակույթով: Մենք չունենք գազ, նավթ. մեր հիմնական ռեսուրսը մշակութայինն է, ինչ-որ իմաստով նաեւ գիտականը:

Զրուցեց եւ փորձեց նմանություններ գտնել Արուսիկ Զախարյանը

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am