Հայաստանը հնարավորություն ունի ընդլայնելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերը
ԳՅՈւՄՐԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները քսան տարիների ընթացքում ընդլայնվել եւ խորացել են` բովանդակությամբ եւ գործակցության ձեւաչափերով: Այս մասին նշեց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում: «Բնականաբար, եթե փոխադարձ շահը չլիներ կողմերի միջեւ, այդ հարաբերությունները նաեւ չէին ընդլայնվի եւ խորը բնույթ չէին ստանա: Մենք, անշուշտ, տարբեր հարթություններում ենք զարգացնում մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ առաջինը քաղաքական երկխոսությունն է, որը իրականացվում է նաեւ ամենաբարձր մակարդակով»,-ընդգծեց Սամվել Մկրտչյանը:
Կողմերը ներկայացնում են անվտանգության խնդիրների շուրջ իրենց մոտեցումները եւ դիրքորոշումները ու փորձում են ընդհանուր լուծումներ գտնել: Դա, դեսպանի գնահատմամբ, մեր երկրին տալիս է միջազգային մակարդակով ներկայացվածություն, կարեւոր միջազգային գործընթացներին ներգրավվածություն, ինչպես նաեւ նպաստում է երկրի ազգային անվտանգության ապահովմանը: «Իհարկե, մենք ունենք ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից մեր առաջնային հարաբերությունները Ռուսատանի հետ, ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը, սակայն, ներկայումս համաշխարհային մակարդակով միայն այդպիսի դաշինքներով սահմանափակվելը բավարար չէ: Անհրաժեշտ է հնարավորինս հարաբերությունները զարգացնել նաեւ այն կառույցների հետ, որոնք խոշոր դերակատարում ունեն միջազգային հարաբերություններում եւ զարգացումներում»,-նշեց Սամվել Մկրտչյանը:
Ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կրկին շահեկան է: Կառույցն աջակցել է մեր երկրին վերափոխելու ռազմական ոլորտը: «Մեր զինվորականները, ծառայելով ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակներում, բնականաբար, ձեռք են բերում փորձառություն եւ ամենակարեւոր խնդիրը՝ մեր ռազմական բարեփոխուների ուղղությամբ ցուցաբերող աջակցությունն է: Մենք ունենք մարտունակ զինված ուժեր, սակայն ցանկացած երկիր ժամանակ առ ժամանակ, կարիք ունի բարեփոխումներ իրականացնելու նաեւ իր պաշտպանության ոլորտում: Միջազգային փորձի ձեռքբերումը եւ այդ փորձի հիման վրա մեր ազգային պաշտպանական համակարգի եւ զինված ուժերի կառուցումը շատ կարեւոր է մեր երկրի հեռանկարի տեսանկյունից»,-ասաց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:
Սամվել Մկրտչյանն ավելացրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի ընդլայնելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերը: «Մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններում իրականացվում է մեր գործընկերների հետ համագործակցությամբ. Աֆղանստանում մեր զինվորները ծառայում են գերմանական զորախմբի կազմում, Կոսովոյում` ամերիկացիների հետ միասին: Այդ ամենն արվում է մեր հնարավորությունների շրջանակում, եւ գործընկերների կողմից մեզ տրամադրվող աջակցության հիման վրա: Մենք հիմա ստեղծում ենք խաղաղապահ բրիգադ, եւ երբ սահմանված ժամկետներում մենք կհասնենք ստորաբաժանման լիարժեք կազմավորմանը, այն ժամանակ մենք նաեւ հնարավորություն կունենանք ավելացնելու կամ բազմազանեցնելու մեր այդ ներգրավումները»,-նշեց ԱԳՆ պատասխանատուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում