Ֆրանսիայի արձագանքը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ չի ուշանա. Հրաչ Վարժապետյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը` կապված օգոստոսի 31-ին Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշմանը, չի ուշանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը` հավելելով, որ այդ հարցում ֆրանսահայ համայնքի պատասխանատուները քայլեր կձեռնարկեն: Նրա խոսքով` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ֆրանսիայում հայությունն ընդվզել է, եւ դա կարտահայտվի նաեւ սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանատան դիմաց ժողովրդական ցույցով:
Հրաչ Վարժապետյանի խոսքով` Հունգարիան ընդունել է Եվրոպական միության անդամ երկրին անհարիր կեցվածք եւ մի քանի միլիարդ դոլարով իր ազգային արժանապատվությունն է «ցրիվ տվել»: «Բոլոր տիպի պատճառաբանությունները երկրորդական են, եւ Հունգարիան պարտավոր է Հայաստանին եւ համայն հայությանն իր բացատրությունը տալ»,- շեշտեց Վարժապետյանը:
Նա ուրախալի համարեց այն հանգամանքը, որ աշխարհով մեկ` Հայաստանից մինչեւ Սփյուռք, հայությունը միասնական կեցվածք է ընդունել հարցի շուրջ: «Մեր անելիքները պետք է հետզհետե ավելի ագրեսիվ դառնան»,- կարեւորեց նա: