Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռումբերը հասել են Հալեպի հայկական ծերանոցին, բայց ծերերին վտանգ չի սպառնում

Ռումբերը հասել են Հալեպի հայկական ծերանոցին, բայց ծերերին վտանգ չի 
սպառնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օգոստոսի 27-ի առավոտից կրակոցների ձայներ չեն լսվում, սակայն սա չի նշանակում, որ ամեն բան վերադարձել է իր բնականոն հունին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` հավելելով, որ քաղաքում հանգստյան օրերն անցել են բավականին լարված եւ անհանգիստ: «Շաբաթ օրը լսվում էին ռմբակոծություններ, կրակոցներ, կային ռումբեր, որոնք ընկել էին հայաշատ թաղամասերի վրա, որի հետեւանքով հայազգի մի երիտասարդ ծանր վիրավորվել էր, ապա` մահացել. երեկ նրա հուղարկավորությունն էր: Վիրավորների թվում եւս հայեր կային, ովքեր իրենց համապատասխան բուժումը ստացել են եւ արդեն լավ են զգում»,-նշեց Ռեիսյանը: Նրա տեղեկացմամբ` ռումբերը հասել էին նաեւ հայկական ծերանոց, որը կարծես սահմանագիծ է դարձել ընդդիմադիրների եւ սիրիական բանակի միջեւ: Այնուհանդերձ, Ռեիսյանը հավաստիացնում է, որ ծերանոցում ծերերն ապահով են, եւ արդեն որեւէ վտանգ չկա:

«Հալեպում ռմբակոծութունների հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, խանութներ, զբոսատեղիներ, այրվել են ավտոմեքենաներ: Ժդեյդեի շրջանում, որը Հալեպի պատմական թաղամասերից է, հետապնդումները շարունակվում են, եւ այն այլեւս խաղաղ շրջան համարել հնարավոր չէ»,-նշեց նա:

Խոսելով կառավարական զորքերի եւ ընդդիմադիր ուժերի հավասարակշռության մասին` Ռեիսյանը նշեց, որ նմանատիպ բախումներում հնարավոր չէ ուժերի հզորությունը հստակ ներկայացնել: «Կան թաղամասեր, որոնք գտնվում են ընդդիմադիրների հակակշռի տակ, կան նաեւ այնպիսիք, որոնք պետության հսկողության տակ են: Ընդհանրության մեջ` քաղաքը պետության հովանու ներքո է»,-ընդգծեց Ռեիսյանը` հավելելով, որ մի շարք լրատվական գործակալություններ փաստերն այլ կերպ են ներկայացնում` կախված նրանից, թե որ թեւին են պատկանում: Քրիստոնեաբնակ հայության շրջանները մեծամասնությամբ, եթե ոչ ջախջախիչ տոկոսով, գտնվում են պետական հակակշռի տակ:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am