Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հալեպում հայկական որեւէ կառույց գրավված չէ ընդդիմադիրների կողմից

Հալեպում հայկական որեւէ կառույց գրավված չէ ընդդիմադիրների կողմից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զինյալ ընդդիմադիրների կողմից Հալեպի Կիլիկյան վարժարանը գրավելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հերքեց նաեւ շրջանառվող լուրը, իբր, ընդդիմադիրները ցանկացել են գրավել վարժարանը եւ հանդիպել են հայերի դիմադրությանը: Այնուամենայնիվ, Ռեիսյանի տեղեկացմամբ, օգոստոսի 20-ին եւ 19-ին բախումներ են եղել Ժդիյդե թաղամասի հրապարակում, որը մոտ է գտնվում պատմական հայկական եկեղեցուն, Կիլիկյան վարժարանին, Ազգային առաջնորդարանին: «Մինչ այս պահը հակամարտությունն ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շարունակվում է` հասնելով քաղաքի կենտրոնական թաղամասեր: Բախումներ եղել են նաեւ հայաշատ շրջաններից Սուլեյմանիայում: Վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ հայկական հաստատություն չի վնասվել, ազգությամբ հայ որեւէ մեկը չի զոհվել»,-տեղեկացրեց Ռեիսյանը: Նա հերքեց նաեւ հայաշատ թաղամասերից մեկում գտնվող Թար Զամարիա ռեստորան-պանդոկի գրավման մասին լուրերը:

«Այն չի գրավվել, ինչպես ներկայացվում է մամուլում: Պանդոկը, որտեղ ընդդիմադիրները հեշտորեն կարող են մուտք ու ելք անել, պարզապես եղել է իրադարձությունների կենտրոնում»,-նշեց Ռեիսյանը: Նրա խոսքով` այս պահին Հալեպի բնակիչները զրկված են էլեկտրաէներգիայից եւ համացանցից, իսկ հեռախոսակապը գործում է ժամանակ առ ժամանակ: Քաղաքական իրավիճակը գնահատելով` Ռեիսյանը վստահեցրեց, որ կառավարական բանակի հնարավորություններն ու ներուժը շատ ավելին են: Նրանց համար ժողովրդի անվտանգությունը, ապահովությունն ազգային հիմնախնդիր է:

Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Հալեպի տարբեր թաղամասերում, Դեր Զորի, Դարաայի, Լաթաքիայի, Համայի շրջաններում` նպատակ ունենալով մաքրել նշված տարածքները զինյալներից եւ այնտեղ անվտանգություն վերականգնել: Նշված տարածքներում բախումների ժամանակ զինյալները տասնյակ զոհեր եւ վիրավորներ են ունեցել, նրանցից շատերը ձերբակալվել են եւ պարզվել է, որ ձերբակալվածների թվում կան արաբական եւ արտասհմանյան երկրների քաղաքացիներ: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը նշել է, որ բնակիչները մեծ դեր են կատարում` զինված ուժերի հետ համագործակցության միջոցով օգնելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ ստանալ զինյալների գտնվելու վայրերի եւ նրանց գործողությունների վերաբերյալ:Զինված բախումներ են տեղի ունեցել Հալեպի Սեյֆ ադ Դաուլա, Բուսթան ալ Բաշա, Ժդիյդե թաղամասի ալ Հատաբ հրապարակում, Մայսալուն, Կուստուլ ալ Հարամի, աս Սայիդ Ալի եւ այլ վայրերում, որի արդյունքում զինյալները մեծ կորուստներ են կրել:Զինված ուժերը կանխել են նաեւ զինված խմբավորումների ներխուժումը Սուլեյմանիա, Ազիզիյա թաղամասեր, որտեղ եւս նրանք կորուստներ են ունեցել:Ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, որ վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 150 մարդ է զոհվել Դարաայում, Հալեպում, Իդլեբում եւ Դամասկոսի գյուղերում, այդ թվում 15 երեխա եւ 4 կին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am