Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա

Հայաստանում ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների մեծ պահանջարկ կա

 ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, որ ժամանակակից աշխարհում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հնարավոր չէ էական ձեռքբերումներ, կարծում ենք նորություն չէ որեւէ մեկի համար: Չնայած այդ գաղափարի գիտակցմանը, մի շարք քայլերի ձեռնարկելուն, որոշակի դրական տեղաշարժին, հարցը լուծված համարել դեռեւս հնարավոր չէ: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ:

-Պարո'ն Մուսայելյան, «Սինոփսիս»-ը Հայաստան մուտք գործեց 2004 թվականին: Այդ ժամանակից մինչեւ հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների նկատամբ հետաքրքրության աճի ինչպիսի՞ միտում եք նկատում:

Իրականում ոլորտի նկատմամբ հետաքրքրություն միշտ կա` ինչպես Կառավարության, այնպես էլ` հասարակության կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ուղղություն է համարում, իսկ ահա որպեսզի հասարակությունը լիարժեք կարողանա գնահատել, թե տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքում ինչ դերակատարում ունեն, պետք է հենց ինքը դառնա տեղեկատվական: Պետք է ասեմ, որ այս տարիների ընթացում բավականին դրական տեղաշարժեր եւ զարգացումներ են եղել, որոնք անհրաժեշտ է անպայմանորեն տեսնել եւ շեշտել: Համապատասխան ընկերությունների եւ ինժեներների թվաքանակը բավական խոսուն է: Չնայած դրական տեղաշարժին, միեւնույն է, ոլորտում խնդիրները շատ-շատ են:

-Դուք նշեցիք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցիչ կարող ենք ընդունել հասարակության տեղեկատվական լինելու հանգամանքը: Հայ հասարակությունը որքանո՞վ է տեղեկատվական:

Հասարակության տեղեկատվական լինելը առանձին մասնիկ չէ: Կառավարությունը եւ կառավարումը պետք է լինեն էլեկտրոնային: Պետք է ասեմ, որ այս առումով մեզ մոտ Էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Կառավարությունը մի քայլ առաջ է ընդհանուր տնտեսությունից: Տնտեսության տարբեր ոլորտներում պետք է կարողանալ կիրառել ՏՏ գործիքը` արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունն ավելացնելու համար, սակայն այս առումով մեր տնտեսությունը բավականին հետին դիրքերում է: Երեւի ժամանակ է պետք համընդհանուր արդյունավետ լուծումներ եւ ճանապարհներ գտնելու համար:

-Այս պահին որո՞նք են ոլորտի հիմնական խնդիրները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական խնդիրը համապատասխան մասնագետների բացակայության եւ անհրաժեշտության հարցն է: Այսօր բավականին մեծ քանակությամբ կադրերի պահանջարկ կա: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հրապարակած տվյալների` այժմ ոլորտում կա մոտ երկու հազար մասնագետի պահանջարկ: Իսկ այդ կադրերը չեն համալրվում բուհերի համապատասխան մասնագիտությունների շրջանավարտներով, քանի որ կա փորձի եւ որակի խնդիր: Եթե հարցը շուտափույթ լուծում չստանա` ապագայում կունենանք օտարերկրյա ընկերությունների կողմից գրավչության կորուստ: Առանց այդ լուրջ ընկերությունների գործունեության ներթափանցման Հայաստան, լրջագույն հաջողություններ չենք կարողանա ունենալ. շուկան շատ սահմանափակ է մեր տեղական ընկերությունների համար, դրան էլ ավելացրած` գլոբալ շուկան գնալով նեղանում է: Եւ որպեսզի ունենանք լուրջ հաջողություններ, պետք է ստեղծենք դրսի հանրահայտ ընկերությունների ուշադրությունը գրավող ենթակառուցվածքներ: Այսօր կան բավականին շատ ընկերություններ, որոնք եկել են Հայաստան եւ իմ ունեցած տվյալներով գոհ են իրենց հայկական թիմերից, քանի որ համեմատաբար էժան աշխատուժ է, որը պատրաստում է որակյալ արտադրանք:

Սակայն անգամ իմ նշած պարագաներում, իրականում, Հայաստանում ռեգիոնալ առումով հաջողությունները շատ են: Օրինակ` միկրոէլեկտրոնային սխեմաների նախագծման ասպարեզում Հաայստանը բավական մրցունակ է` նույնիսկ Ռուսաստանի Դաշնության հետ համեմատած: Բայց չպետք է սրանով կանգ առնենք: Եթե չլուծենք այն խնդիրները, որի մասին ես խոսեցի, ապա մոտ ապագայում կունենանք կորուստներ: Այնպես որ շատ կարեւոր է, որ մեր տեխնոլոգիական համայնքը Կառավարության հետ համատեղ փորձի լուծել առկա խնդիրները, որոնք այսօր հրամայական են:

-Պարո'ն Մուսայելյան, Դուք բողոքում եք համապատասխան կադրերի բացակայությունից այն պարագայում, երբ կրթություն-աշխատաշուկա-մասնավորի ներգրավում կոնցեպտի մասին խոսելիս առաջինը «Սինոփսիս»-ի անունն ենք մատնանշում: Կազմակերպությունը համագործակցում է մի շարք բուհերի հետ, գուցե ձեւաչափի՞ մեջ է խնդիրը:

Երբ «Սինոփսիս»-ը մուտք գործեց Հայաստան, միանգամից տեսավ մի փոքր մոդել, սկսեց համագործակցել Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ եւ կադրերի պատրաստման լուրջ հնարավորություն տեսավ: Ոչ միայն  տեսավ, այլեւ շարունակեց, խորացրեց եւ հմայիչ դարձրեց ուսումնական ծրագրերը` այն տարածելով ուրիշ համալսարանների վրա: Այսօր մենք երկու կրթական մոդել ենք օգտագործում` մի դեպքում համալսարանը բերելով արտադրություն` սա Ճարտարագիտական համալսարանի հետ համագործակցության մոդելն է, մյուս պարագայում` ինդուստրիան ենք տանում համալսարան, որը կիրառվում է Երեւանի պետական համալսարանում, Հայ ռուսական (Սլավոնական) համալսարանում, Եվրոպական ակադեմիայում, որն  իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ: Այս մոդելների շնորհիվ պատրաստվում են կադրեր, որոնք ոլորտում պահանջարկ ունեն: Եւ այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր ուսանողներից գրեթե չկան մարդիկ, ովքեր աշխատանքային պրոցեսներից դուրս են: Սա ունիկալ ինովացիոն միջավայր է` կրթության-գիտության-արտադրության, որտեղ սովորող ուսանողներ բացառիկ հանարավորություն ունեն այս միջավայրում կրթվելու, աշխատելու եւ պատահական չէ, որ մի քանի տարի անց դառնում են բարձրակարգ մասնագետներ: Սակայն նման մոդել գրեթե չեն իրականացնում այլ կազմակերպություններ, քանի որ դրա համար լուրջ միջոցներ են անհրաժեշտ: Նրանք նախընտրում են համապատասխան մասնագետին «վերցնել» այլ կազմակերպությունից:

 -Վերջերս ինտենսիվորեն խոսվում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության ստեղծման կարեւորության մասին: Այժմ տեսնո՞ւմ եք դրա անհրաժեշտությունը:

Այսօր նման խնդիր չկա օրակարգում: ՀՀ էկոնոմիկայի երկու եւ Կապի, տրանսպորտի մեկ փոխնախարարներ զբաղվում են դրանով: Որոշ ժամանակ է պետք, որ նոր իրողություններում մեր տեղեկատվական համայնքն աշխատի այս կառույցների հետ եւ փորձի արդյունավետ համագործակցության եզրեր գտնել: Եթե անցնի որոշ ժամանակ եւ պարզվի, որ արդյունավետ չէ այս համագործակցությունը, մենք արդեն կխոսենք կառավարման այլ մոդելների անհրաժեշտության մասին:

՞նչ միջոցառումներ կձեռնարկի «Սինոփսիս»-ը` ոլորտը զարգացնելու հեռահար նպատակով:

Մեզ համար առաջնային է, որ Հայաստանում բնականոն զարգանա ոլորտը: Չես կարող բիզնես կազմակերպել մի միջավայրում, որտեղ ենթակառուցվածքները կայացած չեն: Դրա համար մեր նախաձեռնություններ եղել եւ շարունակելու են լինել ոլորտի զարգացմանը միտված: Միջոցառումներից մի քանիսը մենք կիրականացնենք հենց «Սինոփսիսի շաբաթվա» շրջանակներում, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-6-ը: Մենք շարունակելու ենք նոր իդեաների գեներացումը, նախաձեռնությունների իրականացումը:

 

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Լուսանկարները` Արեւիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am