Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայ-իտալական արշավախումբը հնագիտական պեղումներ է կատարում Գեղարքունիքի մարզում

Հայ-իտալական արշավախումբը հնագիտական պեղումներ է կատարում 
Գեղարքունիքի մարզում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնինը տարի շարունակ հայ-իտալական միացյալ արշավախումբը հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Գեղարքունիքի մարզի տարածքում: Արշավախումբը գլխավորում են Հռոմի Մերձավորարեւելյան  երկրների ինստիտուտի գիտաշխատող, հնագետ եւ արեւելագետ Ռաֆայելե Բիշիոնեն եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետ, ուրարտագետ Սիմոն Հմայակյանը:

 Արշավախումբը հայտնաբերում, ճշգրտում, ուսումնասիրում, քարտեզագրում է նորահայտ հուշարձաններ` նոր ուղղումներ մտցնելով հնագիտության եւ հայագիտության նախկին պատկերացումների մեջ: Ուսումնասիրության նյութերը մեկ  հատորով եւ անգլերեն արդեն հրատարակվել եւ տարածվել են եվրոպական երկրներում, իսկ երկրորդ հատորը նախապատրաստվում է  հրատարակության: Ուսումնասիրությունների արդյունքները պարբերաբար հրատարակվել են հայերեն եւ իտալերեն:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Սիմոն Հմայակյանը, մեկ շաբաթվա ընթացքում հնագետները հասցրել են ուսումնասիրություններ կատարել Նորաշենում, Զոլաքարում, Չկալովկայում, Ծովինարում, Գավառ քաղաքում: Նորաշենում ուսումնասիրվել է «Վիգոն» հնավայրի տարածքը, ուր հայտանբերվել է հնագույն, բայց չափից դուրս ավերված մի ամրոց: Չկալովկայում ուսումնասիրվել է 19-րդ դարի ռուս գիտնական եւ հետազոտող Զոլոտարյովի ջրաչափիչ հուշարձանը, ինչը պատկերացում է տալիս Սեւանա լճի ջրերի բարձրացման կամ իջեցման դինամիկայի մասին: Ի դեպ, լճի ջրերի տատանումների հարցերով զբաղվում է արշավախմբի անդամ, Հռոմի Մերձավորարեւելյան  երկրների հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նեդա Պարմեջիանին: Զոլաքարում ուսումնասիրվել է տեղի պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանի հողամասում վերջերս գտնված բնակատեղիի հնագիտական նյութերը, որոնց մի մասն արդեն տրամադրվել է հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետների ուսումնասիրությանը: Ծովինարում, հայտնի Օձաբերդ ամրոցի տարածքում, ուր պահպանված է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, արշավախումբը նպատակ ունի ուսումնասիրել հնագույն դամբարանադաշտը`  վաղ հայկական եւ ուրարտական մշակութային փոխառնչությունների խնդիրը պարզելու նպատակով: Արդեն հաշվառվել են դամբարանադաշտերը, հանույթը կատարվել է դամբարանադաշտից` հաջորդ տարի այստեղ պեղումներ սկսելու համար: Արշավախումբը նաեւ այցելել է Գավառ քաղաքի երկրագիտական թանգարան` ուսումնասիրելու վերջերս Լանջաղբյուրի տարածքից հայտնաբերված եւ թանգարանին նվիրված Արտաշիսյան սահմանաքարը` արամեատառ արձանագրությամբ: Միաժամանակ արշավախմբի կողմից դիտարկվել է Գավառ քաղաքի տարածքում գտնվող Խալդի քաղաքի ավերակները, նրա պաշտպանական եւ քաղաքաշինական համակարգի մնացորդները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am