Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բակո Սահակյանը Մոսկվայում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր

Բակո Սահակյանը Մոսկվայում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու 
հայրապետական պատվիրակության նստավայր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում այցելել է Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր:

Ինչպես այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից, նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի  հետ շրջել է նոր մայր տաճարի եւ եկեղեցական համալիրի շինահարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այնուհետեւ Բակո Սահակյանը Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-հասարակություն կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների համախմբման եւ նրանց հայեցի դաստիարակման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Մոսկվա քաղաքում կառուցվող նոր եկեղեցական համալիրը մեծապես կնպաստի վերոհիշյալ խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: 

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am