Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժումը կպատժվի մինչեւ 5 տարվա ազատազրկմամբ

Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժումը կպատժվի  մինչեւ  5 տարվա 
ազատազրկմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանն օրերս ընդունել է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, փոխվարչապետ Շտեֆան Հարաբինին:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին  Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարությունից, Հարաբինը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծը, որը տարիներ առաջ ներկայացվել էր Ազգային խորհուրդ, արդեն հաստատվել է եւ օրենքի ուժ է ստացել:

Երկու տարի առաջ Հայաստան իր պաշտոնական այցի ընթացքում, որպես փոխվարչապետ և Արդարադատության նախարար, պարոն Հարաբինը հայտարարել էր , որ ինքը պատրաստել է հրեական Հոլոքոստը մերժողների նկատմամբ քրեական պատժի կիրառման շուրջ օրենքի լրացում, որի շնորհիվ այդ օրենքը տարածվելու էր նաեւ Հայոց ցեղասպանության վրա: Հայոց ցեղասպանության բանաձևը, որը վավերացվել էր Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից մինչ այդ` 2004թ-ին, հնարավորություն էր ընձեռում վերոհիշյալ օրենքի տարածումը Հայոց ցեղասպանությունը ուրացողների և մերժողների նկատմամբ: Օրենքը, որն արդեն գործում է Սլովակիայիում` հաստատված Ազգային խորհրդի կողմից, նախատեսում է հետեւյալը. «Նրանք, ովքեր … հրապարակայորեն արդարացնում են միջազգային քրեական դատարանի հռոմեական ստատուտի 6,7 և 8-րդ հոդվածներին համապատասխան գործողությունները, որոնք համապատասխանում են ցեղասպնության հայտանիշներին … համարվում են հանցագործներ,  եւ այդ հանցագործությունը կատարող անձը կամ անձերի խումբը պատժվում է ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով: Եթե այդ հանցագործությունը կատարվում է հատուկ նպատակներով, միտումնավոր, հանցագործություն կատարող անձը պատժվում է 2-5 տարվա ազատազրկմամբ»:

Պարոն Հարաբինի մեկնաբանության համաձայն` եթե ցանկացած անձ Սլովակիայում` լինի օտարերկրացի, թե տեղացի, եւ կամ Սլովակիայի ցանկացած քաղաքացի աշխարհի որեւէ մի երկրում հանդես գա Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարությամբ, կենթարկվի մինչև 5 տարվա ազատազրկման:

                Շտեֆան Հարաբինն ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ համատեղ 2012 թ-ի փետրվարին կազմակերպում են կոնֆերանս վերոհիշյալ թեմայի շուրջ, որին մասնակցելու համար արդեն հրավեր են ստացել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am