Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էներգետիկ նոր հզորությունների գործարկման դեպքում Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիա արտահանող հիմնական երկիրը տարածաշրջանում

Էներգետիկ նոր հզորությունների գործարկման դեպքում Հայաստանը կդառնա 
էլեկտրաէներգիա արտահանող հիմնական երկիրը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկ անվտանգությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության տեսաբանների հետաքրքրության կարեւորագույն ուղղություններից մեկն է: Կա կարծիք, որ լիարժեք էներգոանվտանգության համակարգ գոյություն չունի, եւ թե' ներմուծող, թե' արտահանող երկրները հավասարապես խոցելի են այս հարցում: Այսինքն' էներգետիկ անվտանգության համակարգ անհրաժեշտ է ոչ միայն էներգակիր ներմուծող, այլեւ արտահանող պետություններին: Եթե առաջիններն առանց էներգետիկ ներմուծման կայուն համակարգի չեն կարող զարգացնել իրենց տնտեսությունները, ապա երկրորդները չեն կարող ընդհանրապես գոյատեւել առանց դրանց արտահանման: Հետեւաբար շարունակում է օրակարգային մնալ այն հարցը, թե ում է ավելի շատ պետք էներգետիկ անվտանգության համակարգ' էներգակիրներ ներմուծող, թե արտահանող երկրներին:

Էներգոանվտանգության արեւմտյան մոդելը բաղկացած է 2 հիմնական սկզբունքներից' առաջին' անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս քիչ էներգիա' միաժամանակ ապահովելով պահանջարկը եւ նվազեցնելով էներգետիկ կորուստները, երկրորդ' անհրաժեշտ է ամբողջ աշխարհում ապահովել էներգիայի բոլոր աղբյուրների հասանելիությունը' ներառյալ ածուխը, նավթը եւ գազը, մինչեւ արդյունահանվող վառելիքի դարաշրջանի ավարտը:

Էներգետիկ անվտանգության նշված սկզբունքը ձեւավորվել է 1973թ-ի նավթային հայտնի էմբարգոյից հետո, երբ Արեւմուտքը որոշեց նվազեցնել իր կախվածությունը արաբական նավթից, որպեսզի վերջինիս զրկի իր վրա ճնշում գործադրելու էներգետիկ լծակից: Էներգետիկ անխտիր բոլոր աղբյուրների հասանելիության այս տրամաբանությունը դրված է նաեւ Եվրամիության նոր ռազմավարության հիմքում, որով էլ պայմանավորված' վերջինս առաջ է մղում «Հարավային միջացքի» նախագիծը, որի առանցքային ծրագիրը NABUCCO գազամուղն է: Նշված տրամաբանությամբ է շարժվում նաեւ ԱՄՆ-ը, որը փորձում է հնարավորինս մատչելի դարձնել գազի ու նավթի բոլոր պաշարները' այսպիսով փորձելով ազդել էներգակիրների համաշխարհային շուկայի եւ դրանց գների ձեւավորման վրա:

Էներգետիկ բոլոր աղբյուրներին անխտիր հասանելիության սկզբունքը թերեւս այս մոդելի առանցքն է, եւ սա էր պատճառներից մեկը, որ Արեւմուտքն իր ուշադրությունը դարձրեց դեպի Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա, թեեւ վերջիներիս էներգետիկ հնարավորությունները, միասին վերցրած, համեմատելի չեն ոչ միայն Պարսից ծոցի հետ ընդհնարապես, այլեւ այնպիսի փոքր պետությունների, ինչպիսիք են Քուվեյթը եւ Քաթարը:

Չնայած դրան' հասանելիության սկզբունքից ելնելով, Արեւմուտքը էներգետիկ կոմունիկացիոն նոր համակարգերի նախագծման եւ կառուցման ուղղությամբ աշխատանքներ սկսեց, ինչի շնորհիվ տարածաշրջանում շահագործման հանձնվեցին մի շարք խողովակաշարեր' ամրապնդելով դեպի Արեւմուտք էներգակիրների արտահանման ուղղությունը:

Էներգետիկ միջանցքի եւ էներգոանվտանգության նոր համակարգերի կառուցումը Հարավային Կովկասում սկսվեց Ղարաբաղյան պատերազմի ավարտից անմիջապես հետո: 1994թ. սեպտեմբերին Բաքվի Գյուլիստան հյուրանոցում Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ ստորագրվեց այսպես կոչված «Դարի պայմանագիրը», որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 40 մլրդ. դոլար եւ մասնակցում էին 13 ընկերություններ' 8 երկրներից: Էներգոանվտանգության իր համակարգը սկսեց ձեւավորել նաեւ Հայաստանը' պայմանավորված էներգետիկ ճգնաժամից դուրս գալու խնդրով:

Ժամանակի ընթացքում տարածաշրջանում ձեւավորվեց էներգետիկ անվտանգության երկու համակարգ, որոնց պայմանականորեն կարելի է անվանել միջազգային եւ տեղական: Առաջինի հիմքում ընկած է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով անցնող նոր էներգետիկ միջանցքը' Բաքու-Ջեյհան, Բաքու-Սուփսա եւ Բաքու-Էրզրում խողովակաշարերով: Էներեգետիկ այս միջանցքի ստեղծմանն ակտիվ կերպով նպաստել է Արեւմուտքն իր անդրազգային մի շարք ընկերությունների ակտիվ մասնակցությամբ: Ադրբեջանից սկիզբ առնող էներգետիկ նոր միջանցքի ձեւավորման աշխատանքներին ակտիվ կերպով մասնակցում էին անգլո-ամերիկյան «Բրիթիշ-Փեթրոլիում», նորվեգական «Սթաթօյլ», ամերիկյան «Էքսն-մոբիլ», թուրքական «Բոթաս» եւ այլ ընկերություններ:

Հայաստանը, դուրս մնալով միջազգային էներգետիկ այս նախագծերից, ստիպված էր ձեւավորել էներգոանվտանգության սեփական համակարգը' Ռուսաստան-Վրաստան-Հայաստան եւ Իրան – Հայաստան գազամուղների շահագործմամաբ եւ կառուցմամբ, էլեկտրաէնեգայի արտադրության եւ բաշխման համակարգերի սեփական հզորությունների ստեղծմամբ, նաեւ նոր ԱԷԿ կառուցման շուրջ բանակցային իր գործընթացով: Արդեն այսօր Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ ունի եւ էներգետիկ նոր հզորությունների գործարկման դեպքում կդառնա էլեկտրաէներգիա արտահանող հիմնական երկիրը տարածաշրջանում: Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները կազմում են տարեկան մոտ 6 մլրդ կիլովատ ժամ, իսկ սպառման պահանջարկը մոտ 5 մլրդ է: Նոր ատոմակայանի կառուցման, Արաքս գետի վրա իրանցիների հետ նոր հիդրոկայանների շահագործման եւ վերջապես Հրազդանի 5-րդ բլոկի վերագործարկման դեպքում Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելցուկը կկրկնապատկվի, ինչը նշանակում է, որ նաեւ կավելանան դրանք արտահանելու հնարավորությունները, հետեւաբար էներգետիկ անվտանգության մակարդակը:

Վերը նշված էներգետիկ երկու այս համակարգերը իրար հետ համեմատելի չեն ծավալի, ֆինանսական ներդրումների եւ միջազգային հետաքրքրության տեսակետից, սակայն էներգոանվտանգության առումով, ինչպես ցույց տվեց 2008թ-ի վրաց-ռուսական ճգնաժամը, բավականին մոտ են: Այդ ճգնաժամը բացահայտեց այս համակարգերի աշխատանքային հնարավորությունը' դրանց ուժեղ եւ խոցելի կողմերը, տարածաշրջանում հնարավոր ռազմական բախման համատեքստում:

Հիշեցնենք, որ 2008թ-ի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ դադարեց գործել Բաքու-Ջեյհան նավթամուղը, սակայն դա չազդեց համաշխարհային նավթի շուկայի վրա, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ գլոբալ էներգետիկ շուկայում Հարավային Կովկասի էներգետիկ միջանցքը էական դերակատարություն, հետեւաբար նաեւ ազդեցություն չունի: Մասնավորապես, պարզ դարձավ, որ հարավկովկասյան էներգոմիջանցքը հուսալի չէ, եւ նույնիսկ փոքր ռազմական բախումը հանգեցրեց դրա աշխատանքների ընդհատմանը: Այս իրավիճակը սպառնալիք ստեղծեց Վրաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ անվտանգությանը, որոնց աշխատանքը ուղղակիորեն կապված է էներգետիկ միջանցքի գործունեությունից:

Սպառնալիք ստեղծվեց նաեւ Հայաստանի համար, որը խնդիրներ ունեցավ նավթամթերքների ներկրման հարցում: Հետեւաբար անվտանգության այս երկու համակարգներն էլ կարիք ունեն վերանայման, հայաստանյանը' նավթամթերքների այլընտրանքային ներմուծման հարցում, իսկ հարավկովկասյան էներգոմիջանցքի հովանավորները' Հայաստանի Հանրապետության դերի վերագնահատման: Վրաց-ռուսական ճգնաժամը ապացուցեց Հայաստանի կարեւորությունը հարավկովկասյան էներգոմիջանցքի անվտանգ շահագործման խնդրում, եւ որ դա առանց պաշտոնական Երեւանի հետ համագործակցության, հեռանկարային չէ:

Էներգետիկ անվտանգության երկու համակարգերը գնահատելիս պետք է նկատել, որ դրանք ստեղծվել են էներգակիրների ներմուծման եւ արտահանման տրամաբնության հենքի վրա: Սակայն, էներգակիրների արտահանման գործընթացում միջազգային ընկերությունների ներկայությունն այն ոչ միայն չի դարձնում ավելի ապահով, այլեւ շատ դեպքերում վտանգում է դրանց կայուն աշխատանքը:

Արմեն Մանվելյան

Պատմական գիտութունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am