Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան ընտրությունների նախաշեմին. «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական «քննաշրջանը»

Թուրքիան ընտրությունների նախաշեմին.  «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական «քննաշրջանը»

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսին 12-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո (1946 թ.) գալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն 17-րդը, որոնց արդյունքում կձեւավորվի հանրապետական Թուրքիայի 61-րդ կառավարությունը: Գալիք ընտրություններն առանձնահատուկ են մի շարք առումներով, սակայն հարկ է նշել, որ անցած տասնամյակում Թուրքիայում տեղ գտած քաղաքական իրադարձություններից մի քանիսն ուղղակիորեն առնչվում են սպասվող ընտրություններին:

Անցած տասնամյակի ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2-ական ընտրություններ, սահմանադրական բարեփոխումների 2 հանրաքվեներ, որոնք բոլորն էլ պսակվել են ԱԶԿ-ի հաղթանակով: 2002 թ. նոյեմբերի 3-ը Թուրքիայի երրորդ հանրապետության հիշարժան տարեթվերից մեկն էր մի շարք պատճառներով: Նախ' ընտրություններում հաղթանակ տարավ ընդամենը 15 ամիս առաջ ստեղծված «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (հետայսու' ԱԶԿ), որի ղեկավար կազմը չէր սերում թուրքական ավանդական քաղաքական էլիտայից, ավելին, նրանք ընկալվում էին որպես հակաէլիտայի ներկայացուցիչներ: Երկրորդ' նոր խորհրդարանն 90 %-ով թարմացվեց, որն աննախադեպ էր Թուրքիայի հանրապետական պատմության ընթացքում: 2002 թ. ընտրություններում ԱԶԿ-ն ստացավ 34 % վստահության քվե, որն արտացոլում էր ընտրության իրավունք ունեցող 41.4 մլն. քաղաքացիների ընդամենը 10.8 մլն ընտրողի նախապատվությունը: Ինչո՞վ է այս հանգամանքը ուշագրավ. Թուրքիայում գոյություն ունի աշխարհում ամենաբարձր ընտրական շեմը' 10 %, որը զրկում է փոքր կուսակցություններին խորհրդարան մտնելու ու քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելու հնարավորությունից: Դրան գումարվում է նաեւ խորհրդարանում մանդատների բաշխման դ'Օնտի համակարգը, որը թույլ է տալիս հաղթող կուսակցությանը խորհրդարանում ստանալ առավելագույնը: Նման ընտրական համակարգի պատճառով ընտրություններին մասնակցածների 46 %-ի (15,7 մլն. ընտրող) շահերն անհնար եղավ ներկայացնել խորհրդարանում, դրան հավելվեց այն հանգամանքը, որ ընտրական իրավունք ունեցողների 21 %-ը (8,6 մլն. ընտրող) չմասնակցեց ընտրություններին, իսկ քվեների 3.9 %-ը (1,2 մլն.) ճանաչվեցին անվավեր, այլ խոսքերով' մոտ 25,7 մլն. քաղաքացու շահերը խորհրդարանում չներկայացվեցին: 550 մանդատ ունեցող Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում ԱԶԿ-ն ստացավ 363 մանդատ, որը 4 քվեով պակաս էր սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 2/3-ից: Այդ ընտրություններն ուշագրավ էին նաեւ այն առումով, որ 1957 թ. հետո առաջին անգամ Թուրքիայի օրենսդիր ժողովում ներկայացված էին 2 կուսակցություն (մյուս կուսակցությունը Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն էր' 177 մանդատով) եւ 1987 թ. հետո առաջին անգամ ստեղծվեց միակուսակցական կառավարություն: 2003 թ. մարտի 9-ին Սիիրթ նահանգում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններից հետո ԱԶԿ-ի քվեներն ավելացան եւս 2-ով: ԱԶԿ-ի հաղթանակն այդ ընտրություններում բնութագրվեց որպես «սպիտակ հեղափոխություն» եւ թուրք վերլուծաբանների կողմից ԱԶԿ-ի օգտին տրված քվեները ներկայացվեցին որպես քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում ընդդեմ 2001 թ. տնտեսական ճգնաժամի ու 20-րդ դարի վերջին' կորսված տասնամյակի պատասխանատուների: ԱԶԿ-ն որդեգրեց «պահպանողական ժողովրդավարության» հայեցակարգը եւ փորձեց հնարավորինս հեռու դիրքավորվել քաղաքական իսլամից ու նրա առաջնորդ Նեջմեթին Էրբաքանից: Գաղափարական-քաղաքական շեշտադրումների' իսլամի, ազգայնականության ու մշակույթի սերտ համատեղման ու կիրառման առումներով ԱԶԿ-ի պահպանողականությունը զգալի նմանություններ ուներ «Դեմոկրատական» (1950-60 թթ.) եւ «Մայր հայրենիք» կուսակցությունների (1983-1991 թթ.) կառավարման տարիներին այդ կուսակցությունների որդեգրած մոտեցումների հետ: Ուշագրավ է, որ ԱԶԿ-ի ղեկավարությունը բազմիցս շեշտել է, որ ԱԶԿ-ն չունի գաղափարախոսություն եւ ինքնություն ու դրա շնորհիվ է, որ ստանում է վստահության քվե: Ըստ նրանց, Էրդողանի հեղինակությունը շատ առումներով գերազանցում է իր իսկ ղեկավարած կուսակցության հեղինակությանը եւ այդ առումով նա բացառություն չէր, քանզի թե' Ադնան Մենդերեսի հեղինակությունը 1950-ական թթ., թե' Թուրգութ Օզալի հեղինակությունը 1980-ական թթ. նրանց ղեկավարած կուսակցությունների հաջողության գրավական էին: Ուշագրավ է, որ թեեւ ակնհայտ էր Էրբաքանի անմիջական ազդեցությունը Էրդողանի վրա եւ վերջինս իր քաղաքական մկրտությունը ստացել էր Էրբաքանի ղեկավարած «Ազգային տեսակետ» շարժման մեջ, սակայն, Էրդողանը ձգտում էր ներկայանալ որպես Մենդերեսի ու Օզալի քաղաքական ուղեգծի շարունակող:

Իրականում, գալով իշխանության, Էրդողանի ղեկավարած կուսակցությունը շարունակեց գործել ընդդիմադիր կուսակցության ոճով' քննադատելով քեմալականության ժառանգության աղավաղումները, աշխարհիկության արմատական կիրառման բացասական հետեւանքները, ինչպես նաեւ բանակի ու դատաիրավական համակարգի քաղաքական դերակատարումը: ԱԶԿ-ի պատգամավորներից մեկի բնութագրմամբ' ԱԶԿ-ն դարձել էր «սուպերմարկետ», որտեղ ցանկացած մեկը կարող է բավարարել իր սպառողական պահանջները: Դա ապացուցում է նաեւ 2002 թ. ԱԶԿ-ի օգտին քվեարկածների ինքնանույնականացման տվյալները' 27 % իսլամականներ, 15 % աջ ուղղվածության ներկայացուցիչներ, 14 % ժողովրդավարներ, 10 % պահպանողականներ, 10 % սոցիալ-ժողովրդավարականներ, 6 % ազգայնականներ, 3% քեմալականներ, 3 % ազգայնական-պահպանողականներ, 10 % վստահ չէ:

2007 թ. հուլիսի 22-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունեցան նախատեսվածից 4 ամիս ավելի վաղ: Նախագահական ընտրություններում արտգործնախարար Գյուլի թեկնածության առաջադրման կապակցությամբ 2007 թ. ապրիլի 27-ին Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի կողմից ԱԶԿ-ին ուղղված զգաստացնող հռչակագիրը նոր ընտրությունների անցկացման պատճառ դարձավ: Ընտրություններին ԱԶԿ-ն ներկայացավ այնպիսի քաղաքական ծրագրով, որով հնարավորություն կլիներ լիցքաթափել աշխարհիկ-քեմալականների զայրույթը եւ վրդովմունքը, որոնք Էրդողանին եւ Գյուլին մեղադրում էին Աթաթյուրքի աշխարհիկ ժառանգությունը նենգափոխելու համար: Ինչպես 2002 թ., այնպես էլ 2007 թ. ԱԶԿ-ի կարգախոսն էր' «Ամեն ինչ Թուրքիայի համար», իսկ այս անգամ ավելացավ նաեւ «Կանգնել չկա, ճանապարհը շարունակվում է» կարգախոսը: Ի հեճուկս քեմալականների' հատկապես ԶՈՒ-ի ղեկավարության հարուցած աննախադեպ խոչընդոտների, 2007 թ. հուլիսյան ընտրություններում ԱԶԿ-ն 12 %-ով ավելացրեց 2002 թ. ստացած քվեները' ստանալով 46.5 % վստահության քվե (15,6 մլն քվե), որը մոտ 4.8 մլն. քվեով գերազանցեց նախորդ արդյունքը: ԱԶԿ-ն խորհրդարանում ստացավ 341 մանդատ, ընդդիմադիր ՀԺԿ-ն եւ ԱՇԿ-ն ստացան, համապատասխանաբար, 112 եւ 71 մանդատ, իսկ անկախ թեկնածուները 25 մանդատ, որոնցից 20-ը խորհրդարանում ձեւավորեցին քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցություն խմբակցությունը: ԱԶԿ-ի նման հաղթանակն անակնկալ էր հենց Էրդողանի համար. նա նշեց, որ վերջին 5 տասնամյակի ընթացքում այդ հաջողությունն աննախադեպ էր եւ իրոք 1954 թ. ի վեր իշխանության ղեկին գտնվող ոչ մի կուսակցության չէր հաջողվել նախորդ ընտրության համեմատությամբ ավելացնել քվեները: «Միլլիյեթ»-ի մեկնաբան Հասան Ջեմալի խոսքերով' գեներալների ապրիլի 27-ի հռչակագրին «ժողովուրդը պատասխանեց իր հռչակագրով» եւ ԱԶԿ-ին տված վստահության քվեով ցույց տվեց, որ «չեն ցանկանում բեւեռացում»: 2007 թ. ընտրություններին հաջորդած հասարակական կարծիքի հարցման արդյունքները ցույց տվեցին, որ ԱԶԿ-ին օգտին քվեարկածների 78 %-ի համար առաջնային է եղել երկրի «տնտեսական իրավիճակը եւ ակնկալիքները», 13 %-ի համար «ժողովրդավարացման հեռանկարները», իսկ մնացածի համար «աշխարհիկ կարգերին սպառնացող վտանգը»: 2007 թ. ի վեր Թուրքիայի տնտեսական վիճակն էլ ավելի է կայունացել ու միջին խավի գնողունակությունը աճել է: 2010 թ. տվյալներով տնտեսական աճի ցուցանիշներով Թուրքիան առաջինն էր Եվրոպայում եւ ԱԶԿ-ն կօգտագործի այդ գործոնը իր նախընտրական պայքարում:

2007 թ. ապրիլից-օգոստոս ընկած ժամանակահատվածը դարձավ Էրդողան քաղաքական գործչի ու առաջնորդի տոկունությունը եւ հմտությունը փորձող, աննախադեպ ճնշման պայմաններում ճիշտ լուծումներ գտնելու ու կողմնորոշվելու քննաշրջան: Այդ մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելուց հետո Էրդողանի քաղաքական հեղինակությունը թե' կուսակցությունում, թե' Թուրքիայում, թե' արտաքին աշխարհում կրկնապատկվեց: Առավել էական էր այն հանգամանքը, որ Էրդողանը հաղթահարեց մինչ այդ անհաղթահարելի համարվող հոգեբանական պատնեշը, իսկ իր քաղաքական առաքելությունը ներկայացրեց որպես անբեկանելի ընթացք: 2008 թ. մարտին ՍԴ-ում ԱԶԿ-ի դեմ գործ հարուցվեց հակաաշխարհիկ ու հակասահմանադրական գործունեության համար եւ ընդամենը 1 ձայնի տարբերությամբ ԱԶԿ-ին հաջողվեց խուսափել փակվելուց: Այդ քայլը ԱԶԿ-ի դեմ քեմալականների սկսած դատաիրավական պայքարի վերջին դրսեւորումն էր:

Վերադառնալով նախնական հարցադրմանը, թե ինչով է առանձնահատուկ 2011 թ. ընտրությունները, կարող ենք փաստել, որ 1982 թ. սահմանադրության ընդունումից ու 1983 թ. առաջին խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ դրանք լինելու են ոչ արտահերթ, այլ' հերթական: 2007 թ. հոկտեմբերի 21-ի սահմանադրական բարեփոխումներով խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց ու դարձավ 4, այլապես ընտրությունները լինելու էին 2012 թ.-ի հուլիսին: Այսինքն, գալիք ընտրությունները մեկ տարի ավելի վաղ են անցկացվում սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի պահանջով:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ 1946 թ. ի վեր, երբ Թուրքիան անցավ բազմակուսակցական համակարգի, միայն Դեմոկրատական կուսակցությանն է հաջողվել 10 տարի անընդմեջ կառավարել երկիրը: Այս պահի դրությամբ ԱԶԿ-ն Թուրքիան ղեկավարել է 8.5 տարի եւ եթե ԱԶԿ-ն կրկին հաղթի ընտրություններում (ինչն այս պահի դրությամբ ունի բարձր հավանականություն), ձեւավորի արդեն 4-րդ կառավարությունը եւ պաշտոնավարի եւս 4 տարի, ապա այդ քաղաքական ուժը կդառնա Թուրքիայում բազմակուսակցական համակարգի հիմնադրումից ի վեր ամենաերկար կառավարած քաղաքական ուժը:

Երրորդ առանձնահատկությունն այն է, որ ընդդիմադիր կուսակցություններն ընտրությունների են գնում վերաիմաստավորված մարտավարությամբ: Խոսքը հատկապես էական է ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պարագայում, որի ղեկավարության փոփոխությունը 2010 թ. ստիպեց վերանայել 1990-ական թթ. ճգնաժամ ապրող կուսակցության ղեկավարման սկզբունքները: Կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից ներկայացված նախընտրական ցուցակում ընդգրված են նոր անուններ, ավելին, ՀԺԿ-ի 101 գործող պատգամավորներից միայն 23-ի թեկնածություններն են կրկին ներկայացվել: Այնուհանդերձ, ընտրություններում 25 %-ից ցածր վստահության քվե ստանալու պարագայում Քըլըչդարօղլուի հեղինակությունը կարող է խաթարվել եւ վերջին ամիսների ներկուսակցական անառողջ պառակտումները կարող են կրկնվել, քանի որ կուսակցությունը բաժանված է երեք թեւերի միջեւ' գործող նախագահի, կուսակցության նախկին գլխավոր-քարտուղար Օնդեր Սավի եւ կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայքալի միջեւ: Նույնատիպ դժվարություններով է անցնում նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի ղեկավարության վրա եւս առկա է աննախադեպ ճնշում' ազգայնամոլության ու ատելության վրա հիմնված քաղաքական ծրագիրը վերանայելու համար:

ԱԶԿ-ն եւս ընտրությունների է գնում թեկնածուների թարմացված ցուցակով. նոր ցուցակում պատգամավորության թեկնածուների ընդգրկման սկզբունքը մեկն էր' հավատարմությունն Էրդողանին ու նրա որոշումների անվերապահ իրականացումը, որոնց հավանական բացակայությամբ է պայմանավորված ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցության կազմում գործող 164 պատգամավորների թեկնածությունների չընդգրկելը: Վերընտրվելու հնարավորությունից զրկվածների այս պատկառելի թիվը ցույց է տալիս, որ հենց ԱԶԿ-ի շարքերում առկա է ընդդիմադիրների մեծաթիվ բանակ եւ այդ պատճառով է, որ ԱԶԿ-ի համար բավական դժվարացել էր ներքաղաքական ու օրենսդրական բարեփոխուների իրականացումը:

Քրդական խնդիրը շարունակում է մնալ Թուրքիայի քաղաքական կյանքի ամենակարևոր հարցը եւ այս ընտրություններում այդ գործոնն առավել քան երբեւէ զգալի է: Էրդողանը փորձում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին եւ քրդերը միայն նրա հետ են կապում քրդական հարցի լուծման հավանականությունը: Եվ իրոք, միայն ԱԶԿ-ի թեկնածուներն են քրդական խնդիրն անվանում քրդական, ի տարբերություն ՀԺԿ-ի ու ԱՇԿ-ի կողմից տրվող «հարավ-արեւելյան խնդիր» բնութագրմանը: 2007 թ. կիրառած անկախ թեկնածուների խորհրդարան մտնելու հաջողված մեթոդի կրկնության դեպքում գալիք խորհրդարանում կարող է աճել քուրդ պատգամավորների թվաքանակը' հասնելով ընդհուպ մինչեւ 30-35-ի, որը կազդի քրդական հարցի ներկայացվածության վրա:

Այս ընտրությունները բացառիկ են նաեւ այն առումով, որ խոսքի ազատության խնդիրը Թուրքիայում կրկին վտանգված է, քանի որ մեծ թվով լրագրողներ կամ ազատազրկված են, կամ գտնվում են պայմանական ազատազրկման պայմաններում կամ նրանց գործերը քննվում եմ դատարաններում: Վերջին 4 տարիների ընթացքում Էրդողանը բազմիցս դեմ է արտահայտվել մամուլում իր հասցեին հնչող քննադատություններին եւ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր լրագրողների կամ ԶԼՄ-ի դեմ:

Այս ընտրություններում առավել քան երբեւէ ինքնատիպ իրավիճակ է արտաքին քաղաքականության առումներով: Արեւմուտքի հետ հարաբերություններում առկա է անորոշության մեծ չափաբաժին, ԵՄ-ի ինտեգրման գործընթացը դոփում է տեղում, արեւմտյան գործընկերների առջեւ ստանձնած պարտավորությունների մեծ մասը, հատկապես Հայաստանի մասով, մնում են անկատար: Մյուս կողմից Մերձավոր Արեւելքում եւ Հս. Աֆրիկայում կանգ չի առնում հեղափոխությունների ու իշխանափոխությունների շքերթը: Հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիան հպարտանում էր արտաքին քաղաքականության ոլորտում իր ունեցած հաջողություններով: ԱԶԿ-ի առաջնորդները պնդում էին, որ Թուրքիան վերագտնում է արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, մինչդեռ գրեթե բոլոր երկրներում, որոնց հետ Դավութօղլուին հաջողվել էր բարելավել հարաբերությունները, ընթանում են բարդ գործընթացներ եւ այն ջանքերը, որոնք Թուրքիան ներդրել էր այդ երկրների հետ հարաբերությունների բարելավման կամ առեւտրատնտեսական կապերի ընդարձակման առումներով ուղղությամբ, հավանաբար անհրաժեշտ կլինի լրջորեն վերանայել: Իսրայելի ու Հայաստանի հետ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմանների լեզվով, որը շարունակում է դիտվել որպես ապակառուցողական երեւույթ: Արտաքին քաղաքականության ձեռքբերումները հավակնում էին դառնալ Էրդողանի նախընտրական հիմնական խաղաթուղթը, սակայն «արաբական գարունը» խախտեց ԱԶԿ-ի բոլոր պլանները:

Նախընտրական պայքարում ԱԶԿ-ի հիմնական ռազմավարությունը կկառուցվի երկու սյուների վրա' ժողովրդավարական բարեփոխումների շարունակություն (2010 թ. սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխման ոգով տոգորված' նոր սահմանադրության ընդունում) եւ վերջին տարիների աննախադեպ տնտեսական հնարավորությունների ընդլայնման շարունակություն: ԱԶԿ-ն ձգտում է այս ընտրությունների արդյունքներով ցույց տալ, որ նրա իրականացրած սոցիալ-քաղաքական, տնտեսական բարեփոխումները ունեն երկարաժամկետ բնույթ եւ կուսակցության ծրագրային թիրախն է 2023 թ.' Թուրքիայի հիմնադրման 100-րդ տարեդարձին, այդ երկրի տնտեսությունը դարձնել աշխարհի ամենազարգացած 10 տնտեսություններից մեկը' այժմյան 16-րդի փոխարեն, իսկ գյուղատնտեսությունը' աշխարհում 5-րդը:

ԱԶԿ-ի գերնպատակն է խորհրդարանում առնվազն 367 մանդատ ստանալը, որը թույլ կտա գրեթե անարգել կերպով իրականացնել սահմանադրության փոփոխության պլանները: Դրանով է պայմանավորված ընդդիմադիր ԱՇԿ-ի հեղինակության խաթարմանն ուղղված ԱԶԿ-ի քննադատությունը: 2010 թ. սահմանադրական բարեփոխման հանրաքվեի ընթացքում ԱԶԿ-ի ստացած 58 % աջակցության քվեն վստահություն է ներշնչել Էրդողանին, որ եթե հնարավոր լինի օգտագործել 2010 թ. մայիսին ՀԺԿ-ի ղեկավարության սկանդալային փոփոխությունից դեռ լիովին ուշքի չեկած կուսակցական պառակտումը եւ ԱՇԿ-ին զրկել 10 % ընտրական շեմը հաղթահարելու հնարավարությունից, ապա 367 + 1 մանդատ սցենարի հավանականությունը գրեթե ապահովված է: Մյուս կողմից, եթե ԱԶԿ-ն խորհրդարանում ստանա 330 կամ ավելի քիչ մանդատ, ապա Էրդողանի քաղաքական հավակնությունները դժվարությամբ կարող են առաջ մղվել: Այդ է պատճառը, որ Էրդողանի կիրառած քաղաքական մեթոդները կանգ չեն առնում ոչ մի ընտրության առջեւ: Իրականում, 2023 թ. շրջանառումը ցույց է տալիս, թե ինչպիսի ինքնավստահություն ունի Էրդողանը իր քաղաքական կապիտալի նկատմամբ, եւ եթե իրականանան երկրի նախագահ դառնալու նրա նպատակները, ապա, հաշվի առնելով նախագահի վերընտրության հնարավորությունը' բավական հավանական է, որ 2012 թ. Թուրքիայում կկիրառվի Պուտին-Մեդվեդեւի, այսինքն' նախագահ-վարչապետ փոխատեղման 2008 թ. մոդելը: Եթե դա դառնա հավանականություն, ապա առնվազն մինչև 2022 թ. Էրդողանը կարող է մնալ նախագահ:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ այս ընտրությունները բացառիկ են այնքանով, որ չի շրջանառվում «Ո՞ր ուժն է հաղթելու» հարցը, փոխարենը արդիական են այլ տրամաչափի ու բնույթի հարցեր. «Քանի՞ կուսակցություն ներկայացված կլինի խորհրդարանում», «Ինչպիսի՞ առավելություն ու ի՞նչ ներկայություն կունենա ԱԶԿ-ն մյուս կուսակցությունների համեմատ», «Անհրաժեշտ մեծամասնություն ունենալուց հետո ԱԶԿ-ն ե՞րբ կսկսի նոր սահմանադրության ընդունման գործընթացը» եւ այլն:

Վահրամ Տեր-Մաթեւոսյան

Թուրքագետ, Պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am