Ըստ Գ.Ղարիբջանյանի` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բավական նորմալ հարաբերություններ են զարգանում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բավական նորմալ հարաբերություններ են զարգանում: Նման գնահատական տվեց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանն ԱԳՆ-ում ԳԱ ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողների հետ հանդիպման ընթացում: Ըստ նրա` երկու երկրների նախագահների միջեւ լավ անձնական շփումներ են հաստատվել, կառուցողական հարաբերություններ` տարբեր գերատեսչությունների միջեւ, եւ, ընդհանուր առմամբ, երկու պետությունների միջեւ նորմալ հարաբերություններ են զարգանում: «Եթե հայ-վրացական հարաբերությունները շարունակեն զարգանալ ներկա ընթացքով, երկու պետությունների միջեւ խնդիրներ չեն լինիե,-նկատեց փոխնախարարը: Պատասխանելով հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցին, նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մտահոգված են այնտեղից բնակչության արտագաղթով, բայց դա ոչ թե վրացական կողմի խտրականության կամ ճնշումների արդյունք է, այլ, ինչպես բոլոր տեղերում, մարդիկ «ձգտում են մեգապոլիսների, ավելի բարվոք կյանքիե: Ինչ վերաբերում է վրացական սահմանապահների կողմից Հայաստանի քաղաքացիների ձերբակալման փաստին, Գ.Ղարիբջանյանի խոսքերով, անհրաժեշտ է հարգել այլ երկրի օրենքը: Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է երկրի տարածք մուտք գործել այն անձանց, ում անձնագրում Աբխազիա կամ Հարավային Օսիա մուտքի անցագրեր կան: Փոխնախարարը նշեց, որ դեռեւս հայկական կողմին հաջողվում է ազատել կալանավորված քաղաքացիներին: Գյումրի-Կարս երկաթգծի առկայության եւ չգործարկման պարագայում նոր` Կարս- Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մասին հարցին Գ.Ղարիբջանյանը պատախսանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում Կարս- Գյումրի ճանապարհը կգործի: