Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սոպրանո Արփի Սինանյանը երկրորդ մրցանակով է վերադարձել Իտալիայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից

Սոպրանո Արփի Սինանյանը երկրորդ մրցանակով է վերադարձել Իտալիայում 
կայացած երաժշտական միջազգային մրցույթից

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։   Իտալիայում տեղի է ունեցել «XXVI Edizione del Concorso Internazionale per cantanti lirici Città di Alcamo» մրցույթը, որի երկրորդ պատվավոր տեղին արժանացել է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի, սոպրանո Արփի Սինանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արփի Սինանյանից, մրցույթն անցկացվում էր Իտալիայի Սիցիլիա շրջանի Ալկամո քաղաքում։ Մրցակիցները թվով 46-ն էին, ովքեր ներկայացնում էին Հայաստանը, Չինաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հարավային Կորեան, Թայվանը, Մեքսիկան, Արգենտինան, Ռուսաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Հունգարիան, Իտալիան, այլ երկրներ։ Բոլոր մասնակիցները հմուտ կատարողներ են եղել, հիմնականում իրենց երկրներում կայացած արտիստներ։ Մրցույթի ընթացքում Արփին  կատարել է Ա. Վիվալդիի «Բայազետ» օպերայից Իռենայի արիան, Շ. Գունոյի «Սաֆո» օպերայից Սաֆոյի արիան, Ք. Վ. Գլյուկի «Ալցեստա» օպերայից Ալցեստայի արիան եւ Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից Լեոնորայի արիան։

Արփին ավարտել  է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը։  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի «Երիտասարդական ծրագրի» մեներգչուհի է։

«Մի քանի անգամ լավ արդյունքներ եմ գրանցել առցանց միջազգային մրցույթներում։ Սակայն առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայում տեղի ունեցող միջազգային մրցույթի։ Իտալիան, լինելով պատմական եւ մշակութային կենտրոն, մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Հետաքրքիր էր ծանոթանալ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ իրենց երկրներում օպերային արվեստի զարգացման միտումների մասին եւ պարզապես ձեռք բերել նոր ընկերներ։ Այս մրցույթի շրջանակներում հրավեր եմ ստացել մասնակցելու «Ente Luglio Musicale Trapanese»-ի կողմից կազմակերպվող համերգում։ Իսկ հունիսի 2-ին Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական ծրագրերի համատեղ համերգին կկատարեմ Լեոնորայի արիան Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից։ Սպասում եմ նաեւ մի քանի մրցույթների ամփոփմանը, որոնց նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարել եմ»,-ներկայացրեց Արփի Սինանյանը։

Արփի Սինանյանն արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am