Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի և կրթության կարևորության մասին

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի, ապագա ծրագրերի 
և կրթության կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիտությունն ու արվեստը փառաբանող ամենայուրատեսակ STARMUS VII փառատոնն արդեն պատմություն է։ Մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հազարավոր մարդիկ հնարավորություն ստացան լսելու ամենաառաջատար գիտնականների, այդ թվում` Նոբելյան 9 մրցանակակիրների, ինչպես նաև աստրոնավտների ելույթները։ Թեպետ արդեն յոթերորդ անգամ կազմակերպվող STARMUS-ի թեման այս անգամ Երկիր մոլորակն էր, սակայն ելույթները կենտրոնանում էին նաև արհեստական բանականության ու գիտության մեջ դրա կարևորության, Տիեզերքի ուսումնասիրման և տիեզերագնացության հարցերի վրա։

Իսկ արդեն արվեստի սիրահարները բացառիկ հնարավորություն ունեցան լսելու այնպիսի լեգենդար երաժիշտների, ինչպիսիք են Queen-ի կիթառահար, աստղաֆիզիկոս, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիր Ժան-Միշել Ժարը, փոփ երաժիշտ Թոնի Հադլին, փանք-ռոք The Offspring խումբը և այլ արտիստներ։

Փառատոնի ավարտին «Արմենպրես»-ը զրուցել է STARMUS-ի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ։

- Բրատիսլավայում կազմակերպված STARMUS փառատոնն արդեն պատմություն է։ Ինչպե՞ս եք գնահատում յոթերորդ փառատոնի անցկացումը։

- Շատ գոհ եմ, բավական լավ փառատոն ունեցանք։ Ծրագրի հետ կապված ինչ մտածում էինք, գրեթե ամեն բան կատարեցինք։ Բացման մեծ համերգ ունեցանք՝ Ժան-Միշել Ժարի համերգը, որը ուղիղ եթերով ցուցադրեցին Գերմանիայում, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում։ Համերգին մասնակցեց նաև Բրայան Մեյը։ Համերգը գերազանցեց բոլոր սպասումները։

Բրատիսլավան մտավ այն մեծ քաղաքների ցուցակ, որտեղ Ժան-Միշել Ժարը նման մեծ համերգներ է կազմակերպել։ Իսկ նա, գիտեք, Գինեսի ռեկորդ է սահմանել ամենաբազմամարդ՝ մինչև 2-3 մլն հանդիսատես ունեցող բացօթյա համերգներ կազմակերպելով։

441574354_1019087229785491_2657981388823724072_n.jpg (542 KB)

Բրատիսլավայից հետո մենք այնպիսի փուլում ենք, որ շատերն են մեզ դիմում, որ գան STARMUS` դասախոսություն կարդալու։ Ընդ որում, դիմողները շատ բարձր մակարդակի գիտնականներ են։ Ինձ համար արդեն շատ հեշտ է դառնում ծրագիր կազմելը, քանի որ փառատոնի համբավը շատ մեծ է, և մենք այլևս այդքան դժվարություններ չենք ունենում մարդկանց հավաքելու համար։ Նույնը կարող եմ ասել նաև արտիստների հետ կապված։ Ժան-Միշել Ժարից հետո ավելի հեշտ է մեծ արտիստների հավաքել։ Ուրախ եմ, որ ստացվեց համագործակցությունը և համերգը նաև The Offsping խմբի հետ, քանի որ նրանք ավելի երիտասարդ զանգվածների են գրավում։

Իհարկե, մենք միշտ շեշտը դնում ենք այն արտիստների վրա, որոնք գիտությունը հարգում են, ցանկանում են օգնել գիտությանը։ Մեր ցանկությունն է, որ երաժիշտները, որոնք գալիս են STARMUS, գիտությունը հասկանան, իրենց հետևորդներին կոչ անեն սիրել գիտությունը։

- Ինչո՞ւ եք կարևորում երիտասարդներին դեպի գիտություն բերելու նախաձեռնությունը։

- Շատ երկրներում, այդ թվում և Հայաստանում և Սլովակիայում, երիտասարդները հեռանում են գիտությունից՝ տարբեր պատճառներով։ Հայաստանի դեպքում պատճառը միայն աշխատավարձերը չեն, երկրում որակյալ դասախոսների մեծ պակաս կա։ Դա հիմնական խնդիրն է, որ ես տեսնում եմ։ Երիտասարդը դեռ դպրոցից կարող է շատ տաղանդավոր լինել, լավ բազա ունենալ, սակայն եթե այդ երիտասարդը բուհում չունենա բարձր մակարդակի դասախոսներ, մասնավորապես այն մասնագիտության մեջ, որում ցանկանում է խորանալ, չի կարողանալու դիսերտացիա պաշտպանել, ուստի նրա ողջ տաղանդը կարող է կորել։ Նաև կարևոր է հասկանալ՝ արդյոք կան այնպիսի գիտական հիմնարկներ, որտեղ երիտասարդները պաշտպանելուց հետո կարող են զբաղվել ամենաառաջադեմ գիտությամբ։

Գիտության մեջ կամ կաս, կամ չկաս։ Չի կարող միջին գիտություն լինել։ Պետք է մեխանիզմ ունենաս՝ միջին վիճակից բարձրանալու։ Եվ այդ մեխանիզմը չի կարող միայն ֆինանսական բաղադրիչը լինել։ Մենք կարող ենք ծախսել միլիոնավոր դոլարներ, բայց եթե սխալ մեխանիզմ ունենանք կամ առհասարակ մեխանիզմ չունենանք, ապա դա չի աշխատի։ Պետք է հասկանալ, ինչպես ենք գիտությունն Ա կետից բերելու դեպի Բ կետ։

- Այս տարի առաջին անգամ փառատոնը կենտրոնացավ Երկիր մոլորակի խնդիրների վրա։ Ինչպե՞ս և ինչո՞ւ նման որոշում կայացրիք։

- Ուկրաինայի պատերազմը դրան շատ նպաստեց։ Այդ պատերազմը բոլորի համար շատ մտահոգիչ էր։  Մյուս կողմից էլ տեսնում էի, թե ինչպես էր միջազգային իրավիճակը լարվում Հայաստանի շուրջ։ Ստեղծված իրավիճակն անդրադառնում էր այն փաստի վրա, որ լուրջ աշխատանք չէր իրականացվում կլիմայական փոփոխությունների դեմ։ Մենք հասկացանք, որ իմաստ չունի Տիեզերքի հետազոտությամբ զբաղվել, եթե Երկիրն արագ քայլերով գնում է մի իրավիճակի, որտեղից կարող է հետադարձ չունենանք։ Որոշեցինք մեր ամբողջ 10 տարվա փորձը ներդնել և փառատոնը նվիրել Երկիր մոլորակի խնդիրներին։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր։ Թեպետ պետք է նշեմ, որ մենք, միևնույնն է, ունեցանք դասախոսություններ Տիեզերքի մասին։ Դասախոսություններ եղան նաև արհեստական բանականության վերաբերյալ, որովհետև արհեստական բանականությունն աշխարհում իրավիճակ փոխող երևույթներից է։ Խնդիրն այն է՝ արդյոք արհեստական բանականությամբ պայմանավորված փոփոխությունները մարդկությանը կտանեն դեպի ավելի վատ, թե ավելի լավ կողմ։

- Ի՞նչ ծրագրեր կան STARMUS-ի ապագայի հետ կապված, արդեն որոշում կա՞, թե որտեղ է անցկացվելու հաջորդ փառատոնը։

- Ես հիմա, իհարկե, չեմ կարող մանրամասներ ասել։ Մեկ ամսից մենք կհայտարարենք հաջորդ փառատոնի անցկացման մասին։ Արդեն իսկ կան գաղափարներ հաջորդ փառատոնին քննարկվելիք թեմաների վերաբերյալ, բայց այդ մասին ևս կխոսենք մեկ ամիս անց։

DSCF2527.JPG (457 KB)

- Որպես աստղաֆիզիկոս՝ գիտական ո՞ր ուղղությամբ եք հիմա հետաքրքրված։

- Վերջին մի քանի տարում մենք սկսել ենք խորանալ այնպիսի ծրագրերի մեջ, որոնք օգտագործում են արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման (machine learning) տարրեր և որոնք կարելի է օգտագործել իմ ոլորտում՝ սպեկտրասկոպիայի մեջ։ Մենք շատ մեծ խնդիր ունենք սպեկտրալ գծերի նույնականացման հետ՝ գտնելու, թե ինչ քիմիական էլեմենտների են պատկանում, փոփոխություններն արդյոք իրական են, թե կապված են աղմուկի հետ։ Երբ գնում ենք շատ բարձր որակի սպեկտրալ հետազոտությունների, շատ-շատ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման համար չեն օգնում մոդելները։ Կարող են օգնել, երբ շատ մեծ քանակությամբ նյութ կա հավաքված, օրինակ՝ աստղերի տասնյակ միլիոնավոր սպեկտորներ ունենք, բայց այդ հսկայական նյութը վերլուծելու համար մեզ սովորական ծրագրերն արդեն չեն բավարարում, հարկավոր են մեքենայական ուսուցման ծրագրեր։

- Ո՞րն եք համարում 21-րդ դարի մեծագույն գիտական նվաճումը։

- Մի քանիսը կթվարկեմ։ Առաջինը գենային ինժեներիայի առաջացումն է։ Մենք սովորելու ենք ամենաբարդ հիվանդությունների բուժումը գենոմի փոփոխման միջոցով։ Կարծում եմ, որ ապագայում կսկսենք մարդկանց հետ աշխատելու անձնականացված ռազմավարություն ունենալ։ Բժշկությունը կամաց-կամաց կսկսվի փոխվել։ Այստեղ ևս արհեստական բանականությունը շատ մեծ դեր է կատարելու, քանի որ մարդկանց բժշկական բոլոր հետազոտությունները կարող են ներբեռնվել տվյալների մեծ բազա, համեմատվել 8 մլրդ մարդկանց տվյալների հետ, ինչի արդյունքում կկարողանանք համեմատականներ տանել ու հասկանալ, թե ինչ բուժում է պետք նշանակել։ Արհեստական բանականության միջոցով բժշկությունը շատ մեծ ապագա է ունենալու։

Անհրաժեշտ է նաև նոր էներգիայի աղբյուրներ գտնել, քանի որ հարկավոր է նվազեցնել նավթագազային արտադրությունը։ Երբ հաճախ խոսում ենք էլեկտրական մեքենաների մասին, ինքներս մեզ ինչ-որ առումով խաբում ենք, քանի որ այդ էլեկտրականությունը, կրկին, նավթից ու գազից է գալիս։ Որպես այլընտրանք արեգակնային էներգիայով չես կարող արդյունաբերությունը պահել։ Մեզ նոր էներգիայի աղբյուրներ են պետք, որոնք երևի կգան 30-40 տարի հետո։ Երևի կունենանք միջուկային և ջերմամիջուկային էներգետիկա։ Պետք է նաև փորձենք գեոթերմալ էներգիան ևս ավելի արդյունավետ օգտագործենք։

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am