Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս. Շառլ Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը

Թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս. Շառլ Ազնավուրն այսօր 
կտոներ ծննդյան 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,-մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս:

Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամեն տարի շանսոնյեի ծննդյան կապակցությամբ Հայաստանում Ազնավուրի արվեստն արժևորող միջոցառումներ են կազմակերպվում:

«Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ, մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ է նախաձեռնել Երևանում՝ Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ): Համերգային երեկոն, որի ընթացքում հնչելու են արտիստի սիրված երգերը, կմեկնարկի ժամը 20:00-ին:

Կամերային թատրոնը շանսոնյեին կանդրադառնա նոր ներկայացմամբ: «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» բեմադրությամբ հանդիսատեսը Շառլ Ազնավուրի սիրված երգերի ներքո կծանոթանա լեգենդար շանսոնյեի կյանքի վերելքներին և վայրէջքներին:  Դերերում՝ Ներսես Մարկոսյան, Լառա Բաբայան, Դավիթ Աբրահամյան:

424692977_757249206592088_4345403984276921187_n.jpg (324 KB)

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, որ երկար տարիներ կատարում է Ազնավուրի ստեղծագործությունները, մայիսի 22-ին «One & Only» թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով: Երեկոյին բեմում կլինեն նաև Վահագն Հայրապետյանը, Դավե Գեոդակյանը, Արման Մնացականյանը, Դանիել Մելքոնյանը: Կներկայացվեն Ազնավուրի կյանքի հետաքրքիր դրվագները, իսկ համերգի վերջում կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողներին անակնկալներ են սպասվում:

444.jpg (130 KB)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն էլ մայիսի 24, 25-ին տոն կնվիրի Ազնավուրի երկրպագուներին՝ «Լոտրեկ» ներկայացմամբ ներկայացնելով հոգեթով և գունագեղ ազնավուրյան աշխարհը՝ համեմված մեծանուն ֆրանսիացի գեղանկարիչ Տուլուզ Լոտրեկի խելահեղ գույների հրավառությամբ։

Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: 

GEV_1939.JPG (227 KB)

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ. միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում մենահամերգից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն բեմերում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է հազարից ավելի երգ. «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: 

«Իմ գրած երգերից միայն մի քանիսը, ավելի ճիշտ, շատ քչերն են, իմ կարծիքով, արտասովոր: Երբեք հավակնություն չեմ ունեցել յուրօրինակ մեկը երևալ: Այո՛, ինձ ծանոթ են հաջողության արբեցնող ազդեցությունն ու աստղային պահվածքը (մեծ ոգևորությանս պատճառը միայն այն էր, որ երկար էի սպասել աստղային ժամիս), բայց այդ ամենն անցողիկ է»,-«Կյանքից կառչած» գրքում ասում է շանսոնյեն:

GEV_1972.JPG (282 KB)

Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի, Խուլիո Իգլեսիասի և այլ մեծանուն երգիչների հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ:

Ազնավուրը 1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009-ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին», «Անցած օրեր», «Կյանքից կառչած», «Մեղմ շշուկով»  հուշագրությունները: 

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:

Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am