Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վահե Հովհաննիսյանն ու Անդրեյ Շիրոկովը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորմանն առնչվող հարցեր

Վահե Հովհաննիսյանն ու Անդրեյ Շիրոկովը քննարկել են Հյուսիս-Հարավ 
ճանապարհային միջանցքի շինարարության ֆինանսավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մայիսի 20-ին  ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության շրջանակներում Քաջարանի մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և գոյություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ճանապարհի վերակառուցման ծրագրի ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Նախարարը բարձր է գնահատել նման առանցքային նախագծին հիմնադրամի մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում և հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին:

Կողմերն ընդգծել են ԿԶԵՀ 2022-2026 թվականների ռազմավարության և անդամ երկրների ռազմավարությունների իրականացման միջնաժամկետ գնահատման կարևորությունը ու պայմանավորվել վերջինիս մանրամասն քննարկումը նախատեսել մինչև մայիսի վերջ:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 100 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) տարածաշրջանային ֆինանսական կառույց է՝ 9 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող միջոցների ծավալով, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել մասնակից պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև դրանց կայուն զարգացմանը։

ՀՀ-ում հիմնադրամի պորտֆելը ներառում է մի շարք ծրագրեր` 540 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող գումարի չափով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am