Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին

Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ 
փոխգործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լինելով ԵՄ կազմում՝ երկրները պարտավորվում են ունենալ համապատասխան ինստիտուցիոնալ համակարգեր, որոնք թույլ են տալիս զարգանալ բնականոն, նորմալ հունով, ինչի դեպքում պաշտպանված են թե՛ պետությունները, թե՛ նրանց քաղաքացիները։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։ 

ssssssssssssss.jpg (63 KB)

Այդուհանդերձ, Կարապետյանցը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը դեռ բավարար և գոհացնող աստիճանի վրա չէ, որովհետև գործնականում տեսանելի են առաջարկներ, սակայն Հայաստանի կողմից բավարար չափով անհրաժեշտ գործողություններ դեռ չեն կատարվում, ինչը կապված է մեր անվտանգային խնդիրների, ներքին ու արտաքին մարտահրավերների հետ։

«Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր, որովհետև վերոհիշյալ գործընթացը ենթադրում է մեծ պատասխանատվություն և բեռ։ Միայն հանդիպումներին մասնակցելը և Հայաստանում լուրջ պատվիրակություններին ընդունելը բավարար չէ»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը։  

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում անվտանգային բաղադրիչին՝ իրավապաշտպանը նշեց, որ Եվրամիությունը կդժվարանա մեզ համար անհրաժեշտ անվտանգություն ապահովել, քանզի ռազմական դաշինք չէ, սակայն ռեսուրսներ տրամադրել կարող է։

«Ապագայում ԵՄ անդամ դառնալը մեզ կտա առանձին պետությունների հետ կնքել պայմանագրեր, որոնք շատ ավելի բարձր անվտանգության վահան կապահովեն մեզ համար։ Թերևս, ամենալավ աշխատող գործիքներից մեկը եվրոպացի դիտորդների գործունեությունն է հայ-ադրբեջանական սահմանին։ Պրոցեսն ինքնին հետաքրքիր էր, քանի որ տեղի ունեցավ շատ արագ։ ԵՄ-ն սովորաբար ծանր աշխատող համակարգ է։ Նման որոշումներ կայացնելու համար պահանջվում է բավականին երկար ժամանակ։ Քայլերի արագությունը, աջակցության աճը և դիտորդների թվաքանակի ավելացումը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն իսկապես պատրաստ է ավելի մեծ և խորը համագործակցության։ Այդ առումով հայկական կողմը կայացրել է շատ ճիշտ որոշում՝ ընդունելով իր սահմաններին դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկը։ Մենք տեսնում և մեր մաշկի վրա զգում ենք նրանց ներկայությունն ու աշխատանքի արդյունքները»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարապետյանցը շեշտեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Նրա պնդմամբ՝ հակառակ կարծիքն, այդ առումով, լուրջ չպետք է ընդունվի։  

«Իրանում հասկանում են, որ մենք չունենք իրենց դեմ գործելու ռեսուրսներ և ցանկություն։ Մեր երկրները պատմության ընթացքում տևական ժամանակ խնդիրներ չեն ունեցել։ Վերջին կոնֆլիկտը գրանցվել է անհիշելի ժամանակներում։ Ամբողջ ընթացքում իրանցիներից ստացել ենք բարիդրացիական հարևանություն։ Չեմ կարծում, որ հնարավոր է մեր ժողովրդի ու իշխանությունների մտքով անգամ անցնի գործողություններ իրականացնել Իրանի դեմ։ Այստեղ անհանգստանալու ավելի շատ առիթ ունի Ռուսաստանը՝ մտածելով, որ ՀՀ-ԵՄ համագործակցության սերտացումն ուղղված է իր դեմ, բայց պաշտպանված լինելու իրավունքը յուրաքանչյուր պետության բնականոն իրավունքն է»,- ասաց Կարապետյանցը։

Խոսելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և հատկապես եվրոպական տնտեսությանն ինտեգրվելու հեռանկարի մասին՝ իրավապաշտպանն ասաց, որ անցումային փուլը լինելու է շատ բարդ։

«Համոզված եմ, որ եվրոպացի գործընկերները պատրաստ են որոշակիորեն թեթևացնել մեր բեռը, բայց ակնհայտ է, որ մենք պետք է անցնենք ավելի բարձ որակի ապրանքներ արտադրելուն, որովհետև ԵՄ անդամ դառնալն ու տնտեսական հարաբերություններ զարգացնելը նշանակում է բարձրացնել որակը։ Մեր քաղաքացիներն, անշուշտ, կօգտվեն այդ բարիքներից, դրական պրոցեսից, պարզապես այն պահանջում է հավելյալ ծախսեր, լրացուցիչ ջանքեր։ Շատ գործարարներ, կարծես, այնքան էլ տրամադրված չեն, քանի որ հարևանությամբ արդեն իսկ կա մեծ շուկա, որը պատրաստ է ընդունել ցանկացած ապրանք՝ անկախ որակից։ Բայց մյուս կողմից եվրոպական շուկան շատ ավելի ձեռնտու է, հետևաբար մեր գործարարներին նույնպես պետք է ցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը։

Վերջում Կարապետյանցը նշեց, որ մոտ ապագայում կարելի է ակնկալել Հայաստանի ու ԵՄ երկրների միջև վիզաների ազատականացում, առավել ևս, որ քաղհասարակության ներկայացուցիչները նույնպես ջատագովն են այդ գործընթացի, ինչը Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա այցելել եվրոպական երկրներ, ծանոթանալ տեղի մշակույթին, տեսնել այն ամենը, ինչը սպասում է նաև մեր պետությանը։

«Միայն համեմատության մեջ կարելի է հասկանալ, թե դու ինչը ինչի հետ ես փոխում, կամ հանուն ինչի ես գնում խոչընդոտները հաղթահարելու ճանապարհով։ Վիզաների ազատականացումն այդ առումով կլինի շատ կարևոր քայլ։ Մեր ուսանողներն ու տարբեր խմբերի ներկայացուցիչները, թեև այսօր էլ Եվրոպա այցելելու առումով դժվարություններ չունեն, բայց շատ կցանկանայի, որ բոլորը հատկապես ճանապարհորդելու հնարավորություն ունենային, քանի որ դա սերտ կապեր հաստատելու գործիքներից մեկն է։ Հույս ունեմ, որ Վրաստանի օրինակով մեզ նույնպես ձեռք կմեկնեն եվրոպացի գործընկերները»,- եզրափակեց իրավապաշտպանը։   

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am