Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

Անձրևի կաթիլները կարող են արթնացնել անապատը. լեգենդար Ջեյն Գուդոլը 
STARMUS-ի բեմից կոչ արեց պաշտպանել մոլորակը

ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանացի պրիմատոլոգ, էթոլոգ և անթրոպոլոգ Ջեյն Գուդոլի ելույթով մայիսի 13-ին Բրատիսլավայում մեկնարկեցին գիտության STARMUS փառատոնի ելույթները։

Կյանքի 90-րդ տարին բոլորած փոքրամարմին այս կինը տարվա ընթացքում ավելի քան 300 օր շրջում է ամբողջ աշխարհով մեկ, անց է կացնում սեմինարներ ու դասախոսություններ, մասնակցում է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներին։

STARMUS-ի յոթերորդ փառատոնի գլխավոր բանախոսը՝ Գուդոլը, իր ողջ կյանքը նվիրել է շիմպանզեների ուսումնասիրմանն ու Երկիր մոլորակի պաշտպանությանը։

StarmusVII_LSA1729.jpg (905 KB)

Տանզանիայում շիմպանզեների կյանքի ուսումնասիրման նրա նորարարական հետազոտություններն ամբողջովին փոխեցին մարդկության պատկերացնումներն այդ կենդանիների մասին։ Այսօր նա հայտնի է նաև որպես շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերի հեղինակ։ Գուդոլի աշխատանքն այս տարիների ընթացքում օգնել է պահպանել կարևորագույն էկոհամակարգեր, պաշտպանել անհետացող կենդանատեսակները։ Իր գործունեության ընթացքում նա մշտապես փորձել է մարդկանց ցույց տալ Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի տարբեր տեսակների փոխկապակցվածությունը։

Գիտության և երաժշտության STARMUS փառատոնի բեմում Ջեյն Գուդոլի ելույթը կրում էր «Հույսի պատճառ» (Reason for Hope) խորագիրը։ Հենց շիմպանզեների լեզվով էլ նա ողջունեց ներկաներին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է լեգենդար բրիտանացի գիտնականի ելույթի ուշագրավ հատվածները։

 

Երկիր մոլորակը մեր միակ տունն է

Ես չափազանց ոգևորված եմ, որ այս տարվա STARMUS-ի հիմնական թեման մեր մոլորակն է՝ մեկը Տիեզերքում պտտվող միլիարդավոր մոլորակներից։ Եվ որքան ապշեցնող է այն, որ տիեզերքի մեր ուսումնասիրության շնորհիվ մենք ունեցանք Երկիր մոլորակի առաջին շշմեցուցիչ պատկերը. այդ գեղեցիկ կանաչ ու կապույտ մոլորակի նկարը, որ արվեց տիեզերքից։ Ու կարծում եմ՝ այդ ժամանակ մարդիկ սկսեցին գիտակցել, որ սա շատ փխրուն մոլորակ է։ Ահա մեր փոքր մոլորակը, որ պտտվում է Արեգակի շուրջ՝ շրջապատված լինելով Տիեզերքի սև ու մութ անծայրածիրությամբ։ Դա զգոնության կոչ է Երկրի վրա  գտնվող բոլոր մարդկանց համար՝ գիտակցելու, որ սա մեր միակ տունն է, ուստի պետք է սկսենք պաշտպանել մեր մոլորակը։

Դարերի ընթացքում, հավանաբար արդյունաբերական, իսկ գուցե անգամ գյուղատնտեսական հեղաշրջումից ի վեր մենք ավելի ու ավելի ենք վնասել մեր մոլորակը, մեր միակ տունը։

Կլիմայական փոփոխությունների հետևանքով մենք ականատեսն ենք լինում այն սարսափելի փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում. ավելի կործանարար ու հաճախակի դարձած փոթորիկներ ու մրրիկներ, ջրհեղեղներ, երաշտ, ջերմային ալիքներ, սարսափելի անտառային հրդեհներ աշխարհի տարբեր անկյուններում։ Մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են հալչում սառցաշերտերը, ինչպես է աճում ջրի մակարդակը... Մենք տարբեր ձևերով վնասում ենք այս մոլորակը։

Կլիմայական փոփոխությանը մենք ապագայում չէ, որ առերեսվելու ենք, այդ փոփոխությունը հիմա է, հենց այստեղ ու հենց հիմա։

 

Մարդկությունն ապրում է վեցերորդ զանգվածային ոչնչացման ժամանակահատվածում

Մենք Երկիր մոլորակի վրա վեցերորդ զանգվածային ոչնչացման ժամանակներում ենք ապրում։ Եվ այս ոչնչացման պատճառը մենք ինքներս ենք։ Չափազանց բարդ ժամանակներում ենք, ու այն, ինչ կանենք հիմա, կազդի Երկիր մոլորակի վրա կյանքի ապագայի վրա։

Սակայն ես տեսնում եմ, որ շատ երկար ու մութ թունելի վերջում լույս կա։ Թունելի ամենավերջում կա շողացող մի աստղ. դա հույսն է։

Արդյունաբերական, գյուղատնտեսական գործունեությունը՝ հիմնված հանածո վառելիքի լայնամասշտաբ օգտագործման վրա, թունաքիմիկատների և արհեստական պարարտանյութերի օգտագործմամբ, որոնք կտրուկ ազդեցություն են ունենում կենսաբազմազանության վրա, իրականում սպանում են հենց այն հողը, որից մենք կախված ենք: Մենք այլևս չենք կարող այսպես շարունակել, այնպես չէ՞։

 

Մարդը՝ միակ զգայական արարա՞ծ

Երբ ես 1961 թվականից սկսեցի սովորել Քեմբրիջի համալսարանում, ինձ ասացին, որ միայն մարդ արարածն է, որ ունի անհատականություն, միայն մարդ արարածն ունի միտք, որն ունակ է լուծելու խնդիրներ, և միայն մարդ արարածն ունի էմոցիաներ, ինչպիսիք են ուրախությունը, տխրությունը, վախը։ Բարեբախտաբար, դեռ փոքր հասակում մի հիանալի ուսուցիչ ունեի, որն ինձ սովորեցրել էր, որ գիտականները սխալ են։ Այդ ուսուցիչն իմ շունն էր՝ Ռասթին։

Մենք մոլորակի վրա միակ զգայական արարածները չենք։ Մենք կենդանական զարմանահրաշ թագավորությունից ոչ թե առանձին ենք, այլ դրա մի մասն ենք։

 

Հույսը չկորցնելու երեք պատճառ

Մարդիկ հաճախ են ինձ ասում՝ Ջեյն, դու այսքան շատ խնդիրների ես ականատես լինում, դու իսկապե՞ս շարունակում ես պահպանել հույսը։ Եվ իմ պատասխանն է՝ այո'։ Ես հավատում եմ, որ մենք ժամանակի պատուհան ունենք, սակայն ամեն բան կախված է մեզնից։ Մենք պետք է միավորվենք՝ փոփոխություն մտցնելու համար։ Մենք չպետք է ամեն բան մյուսների վրա բարդենք, այլ ինքներս պետք է գործի անցնենք։

StarmusVII_LSA1678.jpg (1.03 MB)

Հույսով լեցուն լինելու իմ առաջին պատճառը գիտությունն է։ Այսօր կամ նախորդ STARMUS-ներին ներկա գտնված գիտնականների  մեծ մասը, օգտագործելով այս զարմանալի ինտելեկտը, որը մեզ տարբերում է շիմպազեներից ու մյուս կենդանիներից, փորձում է ստեղծել ուղիներ, որոնց շնորհիվ մենք կկարողանանք ներդաշնակ ապրել բնության հետ։

Հույսի իմ մյուս պատճառը Բնության տոկունությունն է։ Մենք հնարավոր է ոչնչացնենք տարածքներ, սակայն բավական է միայն ժամանակ ու մի փոքր օգնություն, ու Բնությունը կրկին հետ կվերադառնա... Դա կարող է ժամանակ պահանջել, սակայն ես ինքս եմ տեսել վայրեր, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են մարդու գործունեության հետևանքով և որտեղ, սակայն, Բնությունը հետ է վերադարձել։ Սկզբում խոտը, հետո գետնին ընկած սերմերից աճած ծառերը, միջատների վերադարձը ու շուտով արդեն կենսաբազմազանությունը վերադառնում է։ Գուցե ոչ նույնությամբ, սակայն այն նորից դառնում է ապրող ու ընդլայնվող կենսաբազմազանություն։

Սակայն հույսի իմ ամենամեծ պատճառը երիտասարդներն են։ Ես հիմնադրել եմ «Roots and Shoots» կազմակերպությունը, որը նախատեսված է մանկապարտեզի երեխաների, դպրոցականների ու համալսարանականների համար։ Ծրագիրը սկսել ենք 12 աշակերտով, իսկ հիմա այն անդամներ ունի ավելի քան 70 երկրում։ Եվ այդ ծրագրին միանում են նաև մեծահասակները։ «Roots and Shoots»-ը քաջալերում է երիտասարդներին, լսում է նրանց ձայնն ու նրանք սկսում են փոխել աշխարհը։

 

Մենք կարող ենք փոխել աշխարհը

Խնդրում եմ՝ մի մոռացեք, որ դուք՝ որպես անհատ, կարևոր դերակատարում ունեք։ Ես հավատացած եմ, որ ցանկացած ոք հենց այնպես չէ այս մոլորակի վրա։ Եվ ամեն օր, որ ապրում եք, դուք ինչ-որ ազդեցություն եք գործում մոլորակի վրա։

Մարդիկ ինձ հաճախ ասում են՝ Ջեյն, բայց ես միայն մեկն եմ, իսկ խնդիրը մեծ է, ի՞նչ կարող եմ միայնակ անել։ Մտածեք անապատների մասին։ Անձրևի մի կաթիլը ոչ մի փոփոխություն չի բերի, սակայն միլիարդավոր կաթիլները կարող են արթնացնել ավազի տակ գտնվող կյանքը, և անապատը կարող է նորից կյանքով լցվել։ Ահա, թե ինչ կարող են անել երիտասարդները, այն, ինչ բոլորդ կարող  եք անել։ Պարզապես պետք է հիշել՝ հավաքական կերպով մենք կարող ենք փոխել աշխարհը։

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am