Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ

Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու 
ավանների. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Լիբանանի սահմանամերձ շրջանների վրա՝ ի պատասխան շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի մարտիկների գրոհների։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Al Mayadeen հեռուստաալիքի՝ իսրայելական հրետակոծության տակ են հայտնվել Քֆար Համամ և Ռաշայա էլ Ֆուխար բնակավայրերը, որտեղ ավերվել են մի քանի տներ, և կան տուժողներ։ Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված էր հասցրել Տյուրոսի մերձակայքի մայրուղով անցնող մի ավտոմեքենայի, ինչի հետևանքով զոհվել է շիաների կազմավորումների երկու անդամ:

«Հեզբոլլահ»-ը Telegram ալիքում հայտնել է, որ կիրառել է Falaq-1 հրթիռներ՝ հարվածելու Շեբաայի բարձունքներում գտնվող Զիբդինում իսրայելական զորքերի հրամանատարական հսկիչ կետին և զորանոցին: Ըստ խմբավորման՝ հակառակորդի շարքերում կան զոհեր և վիրավորներ։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի  հրամանատարությունը նախազգուշացրել է, որ Լիբանան-Իսրայել սահմանին առկա է ռազմական հետագա էսկալացման վտանգ։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վայր դնել զենքը և սկսել հակամարտության կայուն քաղաքական և դիվանագիտական ​​լուծման հասնելու գործընթացը», - ասվում է խաղաղապահների հայտարարության մեջ։

Իր հերթին Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Իմրան Ռեզան անհանգստություն է հայտնել «Լիբանանի հարավում բժշկական հաստատությունների և անձնակազմի վրա բազմակի հարձակումների առիթով»: Նրա խոսքով՝ «ռազմական գործողությունների ժամանակ նման խախտումն անթույլատրելի է, և բուժաշխատողները պետք է պաշտպանված լինեն»։

ՏԱՍՍ-ը նշում է, որ մարտի 28-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Էլ Խաբարիա քաղաքի իսլամական բժշկական կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել են շտապօգնության ծառայությունում աշխատող 8 կամավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am