Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության 
բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին ընդլայնվում է և անվտանգությունն ու պաշտպանական ոլորտում համագործակցությունը կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն՝ հաշվի առնելով վերջին ժամանակների արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց բախվում ենք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը։

«ԵՄ-ի հետ բարձր մակարդակով համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի դիմադրողունակությանը, մեր անվտանգային և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, արտաքին դաշտում մանևրունակությանը, ինչպես նաև Հայաստանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում։ Տևական ժամանակ է, ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել Եվրամիության խաղաղության գործիքից, որը բավականին արդյունավետ է և ներդրվել է գործընկերներին աջակցելու և նրանց անվտանգությունն ամրապնդելու նպատակով, բայց այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ խոսքը չի վերաբերում մահաբեր զենքեր տրամադրելուն, այս պարագայում խաղաղության գործիքի ներքո մեզ տրամադրվելիք միջոցները Հայաստանին կօգնեն ամրապնդել իր պաշտպանական կարողությունները»,- ասաց Մարգարյանը։

Նրա դիտարկմամբ՝ սպառազինության մատակարարումները նպաստելու են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը, նպաստելու են մեր երկրի ու եվրոպական կառույցում ընդգրկված տարբեր երկրների միջև կապերի սերտացմանը, ինչն իր հերթին ապագայում կբերի շատ ավելի մեծ հնարավորություններ։ Մարգարյանի կարծիքով՝ ԵՄ խաղաղության գործիքից օգտվելը կունենա ձնագնդի էֆեկտ, ինչի շնորհիվ հայկական կողմը կկարողանա շատ ավելի հեշտ ընդլայնել այն ցանցը, որն այժմ օգտագործվում է ԵՄ անդամ պետությունների հետ  ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։

Գնահատելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ դժվար է գերագնահատել դրա նշանակությունը Հայաստանի համար։

«Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել մեր երկրի հետ, եթե նրա սահմաններին չտեղակայվեին այդ առաքելության ներկայացուցիչները։ Մենք այստեղ ունենք մի խնդիր․ ավանդաբար ՀՀ քաղաքացիներն անվտանգությունը դիտարկում են որպես ռազմական անվտանգություն  և ոչ այնքան կարևորում անվտանգության այլ բաղադրիչները։ ԵՄ դիտորդական առաքելության կողմից իրականացվում է անվտանգային բաղադրիչներից մեկը՝ ՀՀ սահմանների դիտարկումը՝ նպաստելով մարդկանց անվտանգությանն այն հատվածներում, որոնք տուժել են և շարունակում են տուժել հայ-ադրբեջանական հակամարտությունից, իսկ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստելու է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորվի վստահության մթնոլորտ։ Այդ առումով դա անգնահատելի առաքելություն է՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն անմիջական ներկայության շնորհիվ կարողանում է օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել Բրյուսելին, որն ազդում է ԵՄ-ի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության վրա։ Վերջին ժամանակներում ՀՀ իշխանության ամենագրագետ քայլերից մեկը, թերևս, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն է մեր սահմանների երկայնքով»,- ասաց Մարգարյանը։

Խոսելով ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության հեռանկարների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը դառնում է ավելի հավակնոտ, քանի որ դրանում ընդգրկված կարևոր հարցերից մեկը վերաբերում է հայաստանյան տնտեսությունը զարգացնելու նպատակով եվրոպական ներդրումների ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը վերաբերում է ՀՀ-ին օգնելուն, որպեսզի նա կարողանա դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։

«Եթե հետևենք տևական ժամանակ տարվող աշխատանքներին, ապա պարզ կդառնա, որ ԵՄ-ն փորձում է տնտեսական գործիքի միջոցով ամրապնդել Հայաստանի դիմադրողունակությունը, որպեսզի մեր ապրանքները դառնան մրցունակ և ավելի մեծ քանակով ուղղվեն դեպի եվրոպական շուկաներ։ Այդ ամենը չափազանց ժամանակատար գործընթաց է։ Եթե մեր վերանայված օրակարգը հետայսու նույնպես ներառի հիշյալ երկու կետերը, ապա համագործակցությունը կզարգանա ավելի արագ, ինչն էլ, ըստ էության, ԵՄ-ՀՀ հարաբերությունների անկյունաքարն է։ Հետևողական աշխատանք կատարելու դեպքում տարեվերջին կունենանք մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունը կկարողանա որոշ չափով գնալ եվրոպական ուղղությամբ։ Այստեղ կա նաև ԵԱՏՄ-ի խնդիրը։ Եթե ասենք, որ ՀՀ-ն պետք է հիմա դուրս գա այդ կառույցից, ապա դա փակուղի տանող ճանապարհ է, պարզապես գործընթացը պետք է իրականացվի զուգահեռաբար։ Մեր ապրանքների՝ եվրոպական շուկաներ դուրս գալուն զուգընթաց կկարողանանք դուրս գալ նաև ԵԱՏՄ-ից»,- ասաց Մարգարյանը։

Նա վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ նշեց, որ դա նույնպես ժամանակատար գործընթաց է, և այստեղ նույնպես ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ԵՄ-ն ու ՀՀ-ն բարձր մակարդակով ինչ որոշումներ են կայացնում և ինչ արագությամբ են օրակարգային հարցերը կյանքի կոչվում։

«Վիզաների ազատականացման գործում խնդրահարույց կարող է լինել այն հանգամանքը, որ որոշ պետություններ իրենց համար տեսնում են վտանգ և դա մեկնաբանում են այն իրողությամբ, որ ՀՀ քաղաքացիները կարող են ժամանել եվրոպական երկրներ ու այլևս չվերադառնալ Հայաստան։ Ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելու դեպքում այդ խնդիրն էլ կարելի է հաղթահարել։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացին Եվրոպա մեկնելու նպատակով վաճառում է ամեն ինչ և գնում այլևս չվերադառնալով նպատակադրությամբ, բայց այնտեղ նրա ակնկալիքներն ու հույսերը չեն արդարանում, որովհետև բախվում է բազում դժվարությունների հետ, սակայն վերադառնալու տեղ չի ունենում։ Վիզաների ազատականացումը կնպաստի, որպեսզի նման մարդիկ իրենց ողջ ունեցվածքը չվաճառեն, մեկնեն առանց անխոչընդոտների, իսկ եվրոպական պայմաններին չհարմարվելու դեպքում կարող են վերադառնալ  ու միգրանտ չդառնալ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Մարգարյանի կարծիքով՝ վիզաների ազատականացումը, անկախ ամեն ինչից, շատ կարևոր է այն առումով, որ մարդկային կապերը նպաստում են բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդմանը, և եթե ռուսական ու ադրբեջանական նարատիվներ են դաշտ նետվում՝ դեմ արտահայտվելով ԵՄ դիտորդական առաքելությանը, ապա վիզաների ազատականացման դեպքում այդ նարատիվները չեն աշխատում, որովհետև մարդկային շփումները շատ ավելի կարևոր են, շարքային քաղաքացիներն ավելի տեղեկացված են վարվող քաղաքականություններից, ուստի վիզաների ազատականացումը հոյակապ հնարավորություն է ՀՀ-ի ու ԵՄ-ի համար՝ կապերն ամրապնդելու առումով։     

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am