Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամսվա ակցիաներն ամփոփվել են քայլերթով. մասնակցել է նախարար Ավանեսյանը

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամսվա ակցիաներն ամփոփվել են քայլերթով. 
մասնակցել է նախարար Ավանեսյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։ Իրազեկման մեկամսյա ակցիաները հոկտեմբերի 30-ին ամփոփվել են քայլերթով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ է տվել, զրուցել նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել, ուստի շատ կարևոր է ուժ ու կամք գտնել ու ժամանակին անցնել բոլոր հետազոտությունները։

Նախարարը նշել է նաև, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։ Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել` ուղղված թե՛ քաղցկեղի ախտորոշմանը, թե՛ բուժմանը։

Նշվում է, որ Հայաստանում 12 592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում շուրջ 1 300 նոր դեպք է հաստատվում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am