ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին պատճառում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը վերջին տվյալներն է ներկայացրել շփման գծում մարտական գործողությունների վերաբերյալ։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են, «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում