Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է

Armenpress 11:30, 30 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված Սուրեն Ի.-ին, ով հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել և վնասվածքը պատճառել է 1961թ. ծնված Արսեն Ա.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 00.55-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել են փորձաքննություններ: Արսեն Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am