Տեսանյութ

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ամենագեղատեսիլ մարզերից մեկում՝ Սյունիքում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար «Սյունիք» ֆուտբոլային ակումբի և «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության շրջանակում ընկերությունը ֆինանսապես կաջակցի ակումբի մանկապատանեկան ծրագրերին՝ նպաստելով երեխաների և պատանիների ֆուտբոլային կարողությունների զարգացմանը։

«Մեր ընկերության և «Սյունիք» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրված հովանավորության հուշագիրը շատ կարևորում ենք, որովհետև մի քանի ասպեկտ կա. առաջինը՝ մենք մեր համեստ ներդրումն ենք ունենում Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական  նշանակություն ունեցող Սյունիքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման  մեջ։ Սյունիք ֆուտբոլային ակումբն էլ արդեն առաջընթաց ունի բարձրագույն խմբում. վերջին խաղում հաղթանակներ է տարել, և հույս ունենք, որ դա շարունակական կլինի, և Եվրոպական առաջնություն կհասնեն առաջիկա տարիներին»,-նշում է «Արմենիա ինշուրանս» ընկերության գլխավոր տնօրեն Արման Դաղունցը։

Ֆինանսական աջակցությունից բացի ընկերությունը նախատեսում է իրականացնել նաև «Ապահովագրված Սյունիք» ծրագիրը, որի շնորհիվ ակումբի ֆուտբոլիստները, ակադեմիայի սաները, մարզիչներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան օգտվել դժբախտ պատահարներից ապահովագրական պաշտպանությունից։

«Ունենալու ենք մոտ 1000 մանուկների, ֆուտբոլային ակումբի աշխատակիցների, սպորտսմենների՝ դժբախտ դեպքերից ապահովագրություն առնվազն յուրաքանչյուր ապահովագրված անձի համար մոտ 2 մլն դրամ ծածկույթի սահմաններում։ Թեկուզ այդ փոքր ներդրմամբ ուրախ ենք, որ մասնակցում ենք հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հովանավորությանը»,-ընդգծում է Դաղունցը։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը Սյունիքի մարզում մանկապատանեկան սպորտի զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերից է։ 2022 թվականից ակումբի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի նպատակներից է մարզում խթանել առողջ ապրելակերպն ու սպորտի մասսայականացումը։

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ֆուտբոլային ակումբի տնօրեն Վարդան Ջհանյանի խոսքով՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը երկար տարիներ ԶՊՄԿ-ի կարևոր սոցիալական ծրագիրն է։ «Այսօրվա դրությամբ՝ մոտ 1000 երեխա լրիվ անվճար հիմունքներով զբաղվում է ֆուտբոլով ամբողջ մարզում՝ Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի համայնքներում։ Մինչ օրս ունեցել ենք մի քանի մարզային գործընկերներ, որոնք աջակցում են այս ծրագրին, բացի ԶՊՄԿ-ից։ Այսօր շատ ուրախալի է, որ ամբողջ Հայաստանով մեկ գործող «Արմենիա ինշուրանս»-ն է դառնում մեր գործընկերը, որովհետև կարևորում ենք, որ մեր սոցիալական ծրագրի նշանակությունը լինի ոչ միայն մարզային մակարդակով, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության մակարադակով»,-շեշտում է Ջհանյանը։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը 2026/2027 մրցաշրջանում առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ երկրի ֆուտբոլային բարձրագույն մակարդակում։ Ակումբի մարզական կարևոր ձեռքբերումներից են տղամարդկանց թիմի՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում 2023/2024 մրցաշրջանում երկրորդ, իսկ 2024/2025 մրցաշրջանում երրորդ տեղերը զբաղեցնելը։ «Սյունիք-աղջիկներ» թիմը 2024/2025 մրցաշրջանում դարձել է Կանանց Առաջին խմբի առաջնության չեմպիոն։

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում