Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում
![Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/998336.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանն ընդունել է «Cisco» ընկերության պատվիրակությանը՝ ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մարտինչուկի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Մարտինչուկը ներկայացրել է ընկերության գործունեությունը, որը ծավալվում է տեխնոլոգիական տարբեր ուղղություններով՝ թվայնացում, կիբեռանվտանգություն, տվյալների մշակում: Նշվել է նաև, որ ունեն գործունեության մեծ փորձ և կարևոր են համարում մեր երկրի հետ փոխշահավետ գործակցության ընդլայնումը։
Արմեն Աբրոյանը ներկայացրել է նախարարության հիմնական ուղղվածությունները՝ շեշտը դնելով թվայնացման, մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության և թվային օրակարգի ձևավորման վրա, մանրամասնել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, փորձի փոխանակման մի շարք տարբերակներ։ Մասնավորապես, լայնաշերտ կապի՝ 5G և իրերի ինտերնետի ներդրման, կիբեռանվտանգության, էկոհամակարգի զարգացմանն ուղղված գործունեության, տեխնոլոգիական կրթական ծրագրերում փոխգործակցության հնարավորությունները։
Պայմանավորածություն է ձեռք բերվել համագործակցելու երեք հիմնական ուղղություններով՝ կիբեռանվտանգության և տվյալների մշակման կենտրոնների ստեղծման, տեխնոլոգիական ոլորտի տարբեր մակարդակի մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու շուրջ։