ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ է մեկնել չարթերային չվերթով, որպեսզի հասցնի վերադառնալ Հայաստան և մասնակցել Սինգապուրի վարչապետի այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Սեպտեմբերի 21-ին ես պետք է Գյումրիում մասնակցեի անկախության պետական տոնակատարություններին, ապա պետք է մեկնեի Լոս Անջելես, ապա՝ Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, և անպայման վերադառնայի Հայաստան, որպեսզի դիմավորեի Սինգապուրի վարչապետին: Որևէ տարբերակ չկար, որ այլ չվերթներով մեկնելու ու վերադառնալու պարագայում հասցնեի գալ ու մասնակցեի այդ միջոցառումներին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ բամբասանք անպատասխան չի թողնելու:
«Այնտեղ, որտեղ ինչ-որ գործողություն արել ենք, որի դրդապատճառները պարզ չեն, ապա այդ գործողության բոլոր հիմնավորումներն ունենք»,- նշեց Փաշինյանը: