ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հանրապետության թիվ 1 առանձնատան վերանորոգման շուրջ տարածվող լուրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում առանձնատունը ցուցադրելով նշեց, որ այնտեղ որևէ կապիտալ փոփոխություն տեղի չի ունեցել իր ընտանիքի տեղափոխվելուց հետո:
«Հանրապետության վարչապետի ընտանիքը մի քանի օր առաջ տեղափոխվել է այս առանձնատուն: Մենք այստեղ որևէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները: Փոխվել է տան գույնը: Երբ Սերժ Սարգսյանի ընտանիքն այս տարածքը լքել է, այս տարածքում բացի ներկառուցված պահարաններից որևէ բան չի մնացել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում այդ առանձնատանը բնակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքը, իսկ 2018թ. կառավարությունը որոշում էր կայացրել այդ առանձնատունը սեփականաշնորհելու մասին:
«1.5 տարի առաջ նախորդ կառավարությունը որոշում էր կայացրել, որ այս տունն անկախ ամեն ինչից պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականությունը: Մեր կառավարությունն ու հեղափոխությունը կասեցրեց այդ որոշումը, որոշում կայացրեց, որ այս առանձնատունը պետք է լինի պետական: Այս առանձնատունն այսօր պետական է, այս առանձնատունը մնալու է պետական, և այստեղ պետք է բնակվի և գործի ՀՀ ղեկավարի ընտանիքը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրեց առանձնատան սենյակներն ու գույքը:
Մեկնաբանելով տարածվող լուրերը, թե առանձնատան վերանորոգման համար 2 միլիոն դոլար է ծախսվել՝ Փաշինյանն ընդգծեց, որ վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է առնվազն 10 անգամ ավելի պակաս գումար: