Հասարակական

Պետությունը դպրոցներում կներդնի ՆԶՊ առարկայի դասավանդման նոր մեթոդ

1 րոպեի ընթերցում

Պետությունը դպրոցներում կներդնի ՆԶՊ առարկայի դասավանդման նոր մեթոդ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կփոխի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դասավանդման մեթոդը, դասընթացները կիրականացվեն նաև զորանոցային, ճամբարային պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«ՆԶՊ առարկան մենք զարգացնում ենք: Փորձում ենք կիրառել դասավանդման այլ մեթոդ, այն մեթոդը, որը արդյունավետ իրականացվում է մի շարք մասնավոր դպրոցներում՝ մասնավորապես «Քվանտ»-ում: Մոդելը մշակելուց հետո դա կներդնենք դպրոցներում»,-ասաց Հարությունյանը:

Նախարարի կարծիքով՝ արդյունավետ չէ առարկայի դասավանդման ներկայիս մեթոդը՝ բացառապես լսարանային պայմաններում դասավանդումը: Նա շեշտեց՝ հատկապես ավագ դպրոցի աշակերտները պետք է հնարավորություն ունենան այդ դասընթացներն իրականացնել զորանոցային և ճամբարային պայմաններում, որպեսզի մարտական պայմաններին ավելի լավ ծանոթ լինեն: Նախարարությունը հիմա Տավուշի մարզում՝ Իջևանում իրականացնում է այդ ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում