ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:
«Արսեն Բաբայանը կալանավորվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ չկիրառվեց: Մենք ներկայացրել էինք գրավի միջնորդություն, սակայն այն մերժվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արսեն Բաբայանի փաստաբաններից Լուսինե Սահակյանը և հավելեց, որ իրենց պաշտպանյալը ներկա է գտնվել դատական նիստին:
Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին:
Ըստ Դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգում տեղադրված մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացմանն օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: